25 հունվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԹԿԻՆՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ՓՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
ԵԽԽՎ-ում ընդունված Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը չի կարելի ընդունել որպես ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լսեց ղարաբաղյան հարցի վերաբերյալ բրիտանական պատգամավոր Դեվիդ Աթկինսոնի զեկույցը եւ դրա քննարկումների արդյունքում ընդունեց բանաձեւ: Հայկական պատվիրակության առաջարկած երեք փոփոխություններից ընդունվեց միայն մեկը: Այնուհանդերձ, փաստաթղթի վերջնական խմբագրված տեքստը Հայաստանի համար որեւէ վտանգ չի ներկայացնում եւ չի կարող անցանկալի գործընթացների հիմք դառնալ:
Բաքվի իշխանավորները պնդում են, որ բավարարված են ընդունված բանաձեւից եւ լիովին ընդունելի են համար Ադրբեջանի համար: Սակայն, այդպես չեն մտածում Բաքվի ընդդիմադիրները եւ անկախ քաղաքագետները, որոնք փաստաթղթի մի շարք շեշտադրումներ վտանգավոր են համարում Ադրբեջանի համար: Ուշադրությամբ ուսումնասիրելով բանաձեւի տեքստը` կարելի է նկատել, որ ադրբեջանցիները ոչ պակաս պահանջներ կարող էին ներկայացնել Աթկինսոնին, քան` հայերը: Սրանում համոզվելու համար, ներկայացնենք հաստատված փաստաթղթի մի քանի կետեր:

Կետ առաջին: Այստեղ Երեւանի համար տհաճ ձեւակերպում կա, քանի որ փաստաթղթի հենց այս հատվածում է խոսվում «Ադրբեջանի զգալի մասի օկուպացման» եւ «անջատողական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկման» մասին: Սակայն ադրբեջանցիներին այդպես էլ չհաջողվեց հասնել այն բանին, որ այս կետում նշվի նաեւ Հայաստանը: Խոսքը գնում է «հայկական ուժերի» կողմից «օկուպացիայի» մասին, իսկ այդ ուժերը ղարաբաղցիներն են: Նրանք, ում հետ պաշտոնական Բաքուն հրաժարվում է շփվել:

Կետ երկրորդ: Այստեղ է Ադրբեջանի ամենալուրջ խնդիրը: Այս բաժնում ԵԽԽՎ-ն, ըստ էության, հաստատում է, որ լիովին հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե նրա ինքնորոշման գործընթացը տեղափոխվի իրավական դաշտ: «Տրածաշրջանի ինքնավարմանը հնարավոր է հասնել խաղաղ եւ իրավական գործընթացների արդյունքում` հիմնվելով տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա»,- նշվում է բանաձեւում: Ադրբեջանին լիովին չբավարարող այս ձեւակերպումը պահպանվել է փաստաթղթի վերջնական տեքստում:

Կետ երրորդ: Այստեղ խոսվում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձեւերի կատարման անհրաժեշտության մասին: Սակայն հիշեցնենք, որ դեռեւս պատերազմի ժամանակ ընդունված այդ բոլոր բանաձեւերը ոչ միայն կոչ էին անում հայերին ազատել իրենց կողմից վերահսկվող տարածքները, այլեւ` Ադրբեջանից պահանջում էին անհապաղ համաձայնել զինադադարին: Հենց Բաքուն առաջինը խախտեց բանաձեւերը: Սա խոստովանել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահները, օրինակ` Նիկոլայ Գրիբկովը:

Բանաձեւի չորրորդ կետում խոսվում է ուժի կիրառման անթույլատրելիության մասին, դատապարտվում են ագրեսիվ կոչերը եւ «ռազմական քարոզչությունը»: Սա Հայաստանին չի կարող վերաբերել, քանի որ ագրեսիվ կոչեր հնչում են բացառապես Բաքվից: Այսպիսով, այս կետը եւս քար է Ադրբեջանի բանջարանոցում:

Հինգերորդ կետ: Այստեղ հիշատակվում է ԵԽԽՎ շրջանակներում ինչ-որ «հատուկ հանձնախմբի» ստեղծման անհրաժեշտության մասին, որը զբաղվելու է ղարաբաղյան հիմնախնդրով: Ի հեճուկս Ադրբեջանի ցանկության, որ փորձում էր Եվրոպայի խորհրդին ներգրավել հակամարտության կարգավորման գործընթացում, «հատուկ հանձնախմբի» ձեւավորումն ամենեւին էլ չի կրկնօրինակելու Մինսկի խմբի առաքելությունը, այլ պարզապես կամուրջ է լինելու համանախագահների եւ վեհաժողովի միջեւ: Այն ձեւավորվելու է Մինսկի խմբի անդամ-երկրները ներկայացնող պատգամավորներից, ովքեր «տարեկան տեղեկացնելու են իրենց կառավարություններին հակամարտության խաղաղ լուծմանն ուղվված ձեռքբերումների մասին»:

Վեցերորդ կետում խոսքը գնում է «զինված բախումների անթույլատրելիության» մասին: Հայաստանը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ: Սա բոլորին է հայտնի: Միաժամանակ, երկուշաբթի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսեց այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները վճռական են ռազմական ճանապարհով Ղարաբաղն իրենց վերահսկողության ներքո վերադարձնելու հարցում:

Ութերորդ կետը շեշտում է տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը: Սա Հայաստանի մասին չէ, քանի որ պաշտոնական Երեւանը մշտապես պատրաստ է եղել ցանկացած տեսակի կապ հաստատել իր հարեւանների, այդ թվում եւ` Ադրբեջանի հետ: Հենց Բաքուն է հրաժարվում տարածարշջանային ծրագրերի շրջանակներում համագործակցել Հայաստանի հետ:

Իններորդ կետի խմբագրումն անընդունելի է Հայաստանի համար, քանի որ այնտեղ խոսվում է Ղարաբաղում երկու համայնքների գոյության մասին: Այսինքն, ԼՂՀ-ի օրինականորեն ընտրված նախագահ Արկադի Ղուկասյանը հավասարվում է ոմն Նազիմ Բախմանովի մակարդակին, որը ներկայանում է որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդ»: Այնուհանդերձ, Բաքվում եւս բոլորը չէ որ ոգեւորված են այս կետի ձեւակերպմամբ, քանի որ այստեղ շարադրված կոչին հետեւելով` Իլհամ Ալիեւը ստիպված պետք է լինի բանակցել Արկադի Ղուկասյանի հետ: Թեեւ այդ դեպքում նա չի անվանվի ԼՂՀ նախագահ, այլ սոսկ` «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի քաղաքական ներկայացուցիչ»:

Կարեւոր է տասներորդ կետի շեշտադրումը, որտեղ խոսվում է ազգային մաքրման մասին: Ադրբեջանական պատվիրակությանը չհաջողվեց հասնել այն բանին, որ բանաձեւում հիշատակվեին ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքները: Այսինքն, ԵԽԽՎ-ն դատապարտում է ինչպես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտուց ադրբեջանցիների հեռացման համար պայմանների ստեղծումը, այնպես էլ` Ադրբեջանի իշխանավորների կողմից իրականացվող ազգային մաքրումները Շահումյանում եւ Գետաշենում:

Տասնմեկերորդ կետում դատապարտվում է ատելության քարոզչությունը: ԵԽԽՎ-ն կոչ է անում պայմաններ ստեղծել «փոխադարձ համաձայնության հասնել դպրոցների, համալսարանների եւ զանգվածային լրատվամիջոցների միջոցով»: Սակայն հայտնի է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում երկու երկրների հասարակական եւ մասնագիտական կառույցների, երիտասարդների եւ լրագրողների կապերի հաստատմանը: Հայաստանն ամեն կերպ խրախուսում է ոչ կառավարական մակարդակի երկխոսության հաստատումը:

Այսպիսով, լիովին ակնհայտ է, որ թերությունների հետ մեկտեղ, բանաձեւն, այնուհանդերձ, չի կարող դիտվել որպես ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերում: Ստրասբուրգից վերադարձած Բաքվի պատգամավորների` իրենց հայրենակիցներին համոզելու փորձերը, թե նրանց հաջողվել է հայերի հանդեպ հսկայական հաղթանակ տանել, ընդամենը քարոզչություն է:

Արտյոմ Երկանյան