26 փետրվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Կառավարության առաջարկած բարեփոխման արդյունքում շատ հայկական գյուղերի բնակիչներ կհայտնվեն կախյալ վիճակում ադրբեջանցի չինովնիկներից:
Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգայդելին մտադիր է հասնել տեղական ինքնակառավարման ստորին մարմինների լուծարմանը: Կառավարության ղեկավարը կարծում է, որ գյուղական եւ ավանների համայնքները, որոնք Վրաստանում անվանվում են «Սակրեբուլո», պետք է վերացնել եւ պահպանել միայն շրջանային խորհուրդները: Այս նախաձեռնության մասին Նոգայդելին հայտնել է խորհրդարանի նիստի ժամանակ` ներկայացնելով կառավարության առաջիկա գործունեությունը: Գործադիր իշխանության ղեկավարի մտադրությունը զայրույթ է առաջացրել խորհրդարանական ընդդիմության, տեղական ինքնակառավարման մարմինների Ասոցիացիայի եւ երկրի ազգային համայնքների մոտ: Նոր վարչապետի գաղափարներն անհանգստացնում են նաեւ վրացահայերին
Վրաստանի խորհրդարանի «Աջ ընդդիմություն. Արդյունաբերողներ-Նորեր» դաշինքը կտրականապես դեմ է կառավարության առաջարկած բարեփոխմանը` պնդելով, որ գյուղական եւ ավանների համայքների լուծարումը «հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, «Ինքնակառավարման մասին» Եվրոպական խարտիայի պահանջներին եւ ոտնահարմում է մարդու իրավունքները»: Սակայն, ընդդիմադիրները մոռացել են հիշատակել, մեր կարծիքով, խիստ կարեւոր փաստ, որը կապված է ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ: Առաջարկվող բարեփոխման արդյունքում աննախանձելի վիճակում կհայտնվեն ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները: Ասենք, Շահումյանի ավանում բնակվող հայը որեւէ վարչական խնդրի լուծման համար ստիպված պետք է լինի գնալ Մառնեուլի շրջկենտրոն չինովնիկ-ադրբեջանցու մոտ: Դժվար է հուսալ, որ վերջինս մշտապես օբյեկտիվ կլինի` հայի հետ գործ ունենալիս: Վերջին շրջանում երկրամասում նկատելիորեն թուլացել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առկա լարվածությունը, սակայն չի վերացել: Նույն Շահումյան ավանում, որը բոլոր կողմերով շրջապատված է ադրբեջանական գյուղերով, բոլորն են հիշում, որ 90-ականների սկզբին նրանց հաջողվեց պայքարել հայրենի հողում բնակվելու իրավունքի համար միայն ինքնապաշտպանական ջոկատի խիզախության շնորհիվ: Այժմ նրանք ստիպված պետք է լինեն հույսները դնել այն մարդկանց քաղաքացիական խղճի վրա, ում հետ կռվել են: Ընդ որում, խնդիրներ կարող են ծագել ոչ միայն ազգային թշնամանքից: Դժվարություններ կարող են լինել պարզապես միմյանց լեզուների չիմացությունից: Այդ իրավիճակում առավել ճիշտ ճանապարհը կլիներ գյուղական խորհուրդներին լրացուցիչ լիազորություններ տալը, եւ ոչ` դրանց վերացումը:

Տեղական ինքնակառավարման մարմինների լուծարումն առավել անպաշտպան կդարձնի այն շրջանների հայկական գյուղերի բնակիչներին, որտեղ հայերը մեծամասնություն չեն կազմում, եւ որպես հետեւանք` բնակիչների արտագաղթը կլինի: Որոշ իմաստով սա կարող է վերաբերվել նաեւ Ախալցխայում եւ Ծալկայում բնակվող մեր հայրենակիցներին, քանի որ այս շրջաններն ունեն վրաց-հայկական եւ վրաց-հունական բնակչություն: Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ դժվարություններ կարող են ծագել նաեւ Ախալքալաքի շրջանի վրացական եւ սվանական բնակատեղերի բնակիչների մոտ, քանի որ շրջանի բնակչության 91 տոկոսը հայեր են: 90-ականների սկզբին այստեղ բնակություն հաստատածները ժամանակ առ ժամանակ լարված հարաբերություններ են ունենում շրջանային իշխանությունների հետ: Լավ է, որ մինչ այժմ նրանց հետ հարաբերվելու առիթներ քիչ են եղել: Այսուհետ նման առիթներ ավելի հաճախ կլինեն:

Ակնհայտ է, որ Վրաստանում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում: Գյուղական եւ ավանների ինքնակառավարման մարմինների լուծարումն ամենեւին էլ չի ուժեղացնի շրջանային իշխանությունը: Կենտրոնից նշանակվող եւ բնակիչների կողմից չվերահսկվող գյուղական ավագանին լիովին կախվածության մեջ է գտնվելու մարզային իշխանությունից: Իսկ այստեղ ազգային քաղաքկանության հասկացությունը երբեմն խիստ յուրօրինակ է լինում: Շատ բան է ասում, օրինակ հետեւյալ փաստը. եթե հավատանք ռուսական REGNUM լրատվական գործակալությանը, Սամցխե-Ջավախեթիայում մինչ վերջերս մարզային վարչակարգի 34 աշխատակիցներից միայն մեկն էր հայ: Սա այն դեպքում, երբ մարզում հայերը կազմում են բնակիչների 50 տոկոսը:

Վարչապետի առաջարկած բարեփոխումը Վրաստանում շատ հակառակորդներ ունի: Ընդդիմադիրները նշում են, որ Զուրաբ Նոգայդելիի առաջարկը հակասում է «Ազգային շարժում» իշխող կուսակցության առաջնորդների խոստումներին: Մեկուկես տարի առաջ, երբ Շեւարդնաձեի վարչակարգն առաջարկեց մի օրինագիծ, որով նախագահին իրավունք էր վերապահվում գյուղական ավագանուն նշանակել գյուղական խորհրդի անդամ չհամարվող անձանց, «Ազգային շարժումը» դա անվանեց ժողովրդավարության ոտնահարում: Այդ ժամանակ խորհրդարանի «Ազգային շարժում» դաշինքի ղեկավար Քոթե Քեմուլարիան հայտարարեց, թե իշխանության գալու դեպքում իր կուսակցությունը կպնդի ավագանու ընտրությունը քվեարկության միջոցով անցկացնելում: Այժմ պարոն Քեմուլարիան զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, եւ ոչինչ նրան չի խանգարում կատարել իր խոստումը: Սակայն դրա փոխարեն իշխանությունը, չգիտես ինչու, նախաձեռնում է մի օրենք, որն ավելի է սահմանափակում տեղական ինքնակառավարումը: «Վարդագույն հեղափոխության» կարգախոսները Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տվեցին հուսալ նոր ղեկավարների այլ պահվածք...