3 մարտի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵն ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Ստեփանակերտում հուսով են, որ Մոլդովայում կհաղթեն ուժերը, որոնք հակված են երկխոսություն սկսել Մերձդնեստրյան չճանաչված պետության հետ:
Կիրակի Մոլդովայում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի ղեկավարությունը մի քանի պատճառ ունի հատուկ հետաքրքրություն ցուցաբերել այդ երկրի քաղաքական գործընթացներին: Դրանցից առաջինն այդ տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության հետ շատ ընդհանուր գծեր ունեցող հակամարտության առկայությունն է: Մեզ համար ամենից կարեւորն այն է, թե խորհրդարանական ընտրություններն ինչպես կազդեն մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: Մեկ այլ ոչ կարեւոր հանգամանքն էլ այն է, թե արդյոք «թավշյա հեղափոխության» ալիքը կծածկի՞ Մոլդովան: Եթե Թբիլիսիից եւ Կիեւից հետո իշխանափոխություն տեղի ունենա նաեւ Քիշինեւում, հայ ընդդիմադիրների մոտ իհարկե կավելանա հաստատակամությունը:
Վրաստանում եւ Ուկրաինայում հեղափոխություններ հրահրած Արեւմուտքը Մոլդովայի հանդեպ ավելի քիչ ուշադրություն է ցուցաբերում: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Բրատիսլավիայի իր ելույթում հիշատակել է Մոլդովան` խոսելով այն երկրների մասին, որտեղ մոտ ժամանակներս պետք է հաղթանակի ժողովրդավարությունը: Սակայն նրա խոսքերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Բանն այն է, որ քիշինեւյան այժմյան վարչակարգն առավել բավարարում է Արեւմուտքին, քան Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով էլ Միացյալ նահանգներն այնքան շատ պատճառներ չունի Մոլդովայում հեղափոխություն հրահրելու համար: Ըստ էության, Քիշինեւում «թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել դեռեւս այն ժամանակ, երբ ռուսամետ կոմունիստ Վլադիմիր Վորոնինն իր քաղաքականությունը վերանայեց Եվրամիության ուղղությամբ: Նախագահի արեւմտամետ քաղաքականությունը առավել հստակ դրսեւորվեց, երբ մոլդովական իշխանությունները հրաժարվեցին Մոսկվայի կողմից առաջարկված Մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված «Կոզակի պլանից»:

Վարոնինի կարծիքով, ամերիկացիները պարտավոր են գնահատել ամեն ինչում Մոսկվային հակադրվելու իր ձգտումները: Այդ հարցում հաստատակամություն դրսեւորելու դիմաց Վաշինգտոնը հրաժարվեց Քիշինեւ ուղարկել իր քաղաքական տեխնոլոգներին տեղի ընդդիմադիրներին հեղափոխության իրականացման արվեստն ուսուցանելու համար: Վրացական «Կմառի» «հեղափոխական» կազմակերպության գործիչներին հրահանգվել էր անմիջապես թողնել Մոլդովան: «Կմառիի» ղեկավար Թեա Թութբերիձեն շտապեց հայտարարել, որ իր տղաները Քիշինեւում անելիք չունեն, եւ անմիջապես վերադարձավ տուն: Նրա փոխարեն Մոլդովա շտապեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, սակայն լրիվ այլ առաքելությամբ: Նա եկել էր ոչ թե հեղափոխություն հրահրելու, այլ` ընդհակառակը, այն հանգցնելու համար: Գուցե տարօրինակ թվա կոմունիստ Վորոնին աջակցելը, եթե նկատի ունենանք այն փաստը, որ ոչ վաղ անցյալում Սաակաշվիլին, խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել էր Վրաստանում կոմունսիտական կուսակցության գործունեության արգելման անհարաժեշտության մասին: Սակայն գաղափարախոսությունը մշտապես էլ երկրորդ պլան է մղվում, երբ բանը հասնում է գլոբալ աշխարհաքաղաքական շահերին:

Մոլդովական առաջնորդին աջակցել է նաեւ Ուկրաինայի նախագահը, որը նրան ջերմ ընդունելության է արժանացրել Կիեւում: Սաակաշվիլի-Յուշչենկո-Վորոնին «եռյակ միության» ձեւավորումն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր շահերը: Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի մերձեցումը նշանակում է, որ ՎՈՒՈՒԱՄ կառույցում ձեւավորվում է «առավել առաջատար» պետությունների ոչ պաշտոնական նոր միություն: Մեզ համար կարեւոր է, որ այդ միությունը չի ներառում Ադրբեջանը: Սակայն մյուս կողմից խիստ վտանգավոր է այն, որ «եռյակ միության» նախաձեռնողների մտադրությամբ արդյունքը պետք է լինի «ԱՊՀ մերձսեւծովյան գոտու» միավորումը Եվրամիությանը: Մինչ այժմ եվրոպացիները Հարավային Կովկասը դիտում էին որպես ամբողջական միավոր: Եվրոպական բոլոր գլոբալ ծրագրերում Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մասնակցում են որպես հարավկովկսայան տարածաշրջանի հիմնական մաս: Այժմ նոր միտում է նկատվել` եվրոպացիները սկսել են առանձնացնել «մերձսեւծովյան տարածաշրջանը»` Վրաստանը Կովկասի երկրներից առանձին դիտելով: Մոլդովայի ընտրություններում արեւմտամետ ուժերի հաղթանակը կարագացնի երեք մերձսեւծովյան պետությունների մերձեցումը եւ կամրապնդի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նրանց հավակնությունները: Մոլդովացիներին «վստահելի ընկերոջ» կարգավիճակում ընդունելու` եվրոպացիների քայլը հակասում է Երեւանի շահերին, քանի որ կարող է դանդաղեցնել եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրման գործընթացը: Հայաստանին առավել շահավետ կլիներ, եթե Քիշինեւն առայժմ մնալ Մոսկվայի ազդեցության տակ: Այս իմաստով, մեզ համար շահավետ կլինի, որ խորհրդարանում ձեւավորվի ռուսամետ հզոր ընդդիմություն:

Մոլդովայում ռուսական քաղաքական տեխնոլոգների կողմից իրականացվող սցենարը հնարավորություն կտար արագացնել մերձդնեստրյան խնդրի կարգավորումը: Մոսկվայի աջակցությունն ունեցող քաղաքական ուժերի հաջողության դեպքում հնարավորություն կստեղծվի վերադառնալ այսպես կոչված «Կոզակի պլանին», որը նախատեսում է հորիզոնական կապերի հաստատում Քիշինեւի եւ Տարիսպոլեմի միջեւ: Սա հետարքրական տարբերակ է նաեւ մեզ համար, քանի որ դրա կիրառման արդյունքում կարող է շատ կարեւոր նախադեպ ստեղծվել: Հիշեցնենք, որ «Կոզակի պլանը» հիմնված է «միասնական պետության» սկզբունքի վրա, որը ժամանակին քննարկվել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում: Այդ տարբերակին հավանություն էին տվել Երեւանը եւ Ստեփանակերտը, սակայն Բաքուն մերժել էր այն: Այս իմաստով, խորհրդարանում ռուսամետ ընդդիմության ամրապնդումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ կնպաստեր Մոլդովայի իշխանությունների եւ Մերձդնեստրյան չճանաչված պետության ղեկավարի միջեւ անմիջական երկխոսության հաստատմանը: Իսկ որքան շատ լինի չճանաչված պետությունների հանդեպ լոյալ վերաբերմունքը, այնքան ավելի ամուր կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության դիրքը:

Մոլդովայում կոմունիստների հաղթանակը մեզ համար օգտակար կարող է լինել նաեւ մեկ այլ տեսանկյունից: Ինչպես հայտնի է, նախագահ Վորոնինը կողմնակից է խաղաղարար գործողության նոր ձեւաչափին` հիմնված կոսովոյան սխեմայի վրա: Նա կոչ է անում, որպեսզի համաձայնության պահպանման երաշխավորները լինեն տարբեր խաղաղարար ուժեր, որոնց կազմում ներկայացված կլինեն թե ռուսական, թե նատոյական զինվորականները: Խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսակցությունները վաղ թե ուշ առաջ կգան նաեւ Ղարաբաղի դեպքում: Խաղաղարար ուժերի կազմում ամերիկացիների ներառումը, բնականաբար, տհաճություն կպատճառի ռուսներին: Հնարավոր է, այդ խնդրի լուծումն ավելի քիչ ցավոտ կլինի, եթե արեւմտյան եւ ռուսական զինվորականների համագործակցությունը փորձարկված լինի Մերձդնեստրում:

Ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների արդյունքները դժվար թե արմատական փոփոխություններ առաջացնեն: Կիրակի Մոլդովայում ընտրելու են ոչ թե նախագահ, այլ` խորհրդարան: Այնպես որ բացառված չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի կունենա ոչ թե Քիշինեւում, այլ` Բաքվում: Այդ հեռանկարն առավել իրական է դարձել Ջորջ Բուշի եւ ուկրաինական «հեղափոխականների» առաջնորդ Վլադիսլավ Կասկիվի հանդիպումից հետո, որին ամերիկյան նախագահը օրհնել է «Ադրբեջանում ժողովրդավարական շարժմանն աջակցելու» համար:

Արտյոմ Երկանյան