1 մայիսի 2005 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՀԱՍՆԻ ԱՅՆ ԲԱՆԻՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս հարցը կբարձրացվի Լյուքսեմբուրգում կայանալիք «ԵՄ-Թուրքիա» հանձնախմբի նստաշրջանում:
Հայոց ցեղասպանության տարելիցն այս տարի նշվեց ամբողջ աշխարհում: Սակայն Ֆրանսիայում այն նշվեց հատուկ կարգով: Դրա պատճառները մի քանիսն են: Դրանցից կարեւորագույնը կապված է Եվրամիության սահմանադրության ընդունման առաջիկա հանրաքվեի հետ, որը Ֆրանսիայի հանրության զգալի մասը ձգտում է օգտագործել որպես ԵՄ-ում Թուրքիայի ներգրավման գաղափարի դեմ բողոքի արտահայտման առիթ:
Ֆրանսիան աշխարհում առաջին պետությունն է, որը հայերի ցեղասպանությունը ճանաչել է օրենքի, եւ ոչ բանաձեւի տեսքով: Թվում էր` էլ ի՞նչ ավելին կարող էր անել պաշտոնական Փարիզը: Եվ էլ ի՞նչ կարող էին ակնկալել տեղի հայերը Ֆրանսիայից: Օրակարգում երկու հարց է: Առաջինը` նոր օրենքի ընդունումը, որով քրեական պատասխանատվություն կնախաատեսվի Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու համար: Իսկ երկրորդը` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեպքում իրականացման համար պարտադիր համարվող նախնական պայմանների ցանկում ցեղասպանության ճանաչման հարցի ընդգրկումը: Երկու ուղղություններով էլ շատ ջանքեր է պետք գործադրել եւ երկու հեռանկարներն էլ իրատեսական են ներկայանում:

Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունենալով` Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ նրանց ղեկավարած խորհրդարանական դաշինքը մտադիր է մոտ ժամանակներս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հայերի ցեղասպանության փաստի ժխտման դեմ քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: (Նմանատիպ փաստաթուղթ անցյալ շաբաթ ընդունեց Բելգիայի խորհրդարանը): Բացի այդ, նա նշեց, որ իր կուսակցությունը պատրաստ է հասնել նրան, որ ցեղասպանության հարցն ընդգրկվի ԵՄ-ին հնարավոր անդամակցության համար Թուրքիային առաջադրվող պայմանների ցանկում: Երիտթուրքերի գազանային հանցագործության 90-ամյակին նվիրված ցույցին բացի Ֆրանսուա Օլանդայից ելույթ ունեցան նաեւ ազդեցիկ քաղաքական կուսակցությունների այլ գործիչներ: Նրանց շարքում էին լիբերալների առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, աջերի ղեկավար Ֆիլիբ Դը Վիբյեն: Ապրիլի 24-ին վերաբերող հայտարարություններով հանդես եկան նաեւ կուսկոմի ղեկավար Պատրիկ Բրաուզեկը եւ «Ազգային շարժում միություն» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը` Պիեռ Լելյուշը: Իսկ Փարիզի Աստվածամոր տաճարում 1915թ.-ի զոհերի հիշատակի պատարագին ներկա էին իշխող կուսակցության ղեկավար Նիկոլյա Սարկոզին, արդյունաբերության նախարար Պատրիկ Դեվեջյանը եւ նախագահի խորհրդական Թերրա Նովան: Նախագահ Ժակ Շիրակը ապրիլի 22-ին անձամբ ծաղկեփունջ դրեց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Օրերս կարեւոր հայտարարություն արեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնյեն: Նա տեղեկացրեց, որ «Եմ-Թուրքիա» հանձնախմբի առաջիկա նստաշրջանին, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում, պաշտոնական Փարիզը կբարձրացնի Անկարայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության հարցը: Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ նախաձեռնությունը կպաշտպանեն նաեւ Եվրամիության բոլոր երկրների արտաքին քաղաքակնության գերատեսչությունների ղեկավարները: Չնայած ցեղասպանության հարցը ժամանկին չէր արտահայտվել Թուրքիային առաջադրվող հիմնական պայմաններն ամրագրած Կոպենհագենյան համաձայնագրում, Ֆրանսիայի քաղաքական էլիտան միանշանակ այն կարծիքին է, որ ԵՄ-ի դռները թուրքերի առջեւ պետք է բացվեն միայն այն դեպքում, երբ Անկարան համապատասխան քաղաքական գնահատական տա երիտթուրքերի իրականացրած հանցագործությանը:

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ցեղասպանության հարցում Փարիզի դիրքերը առավել սկզբունքային են դառնում: Դրան նպաստում են Ֆրանսիայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: ԵՄ-ի կազմում Թուրքիային տեսնելու փաստին բացասական վերաբերվող ֆրանսիացի ընտրողների մեծամասնությունը մտադիր է առաջիկա հանրաքվեին դեմ քվեարկել Եվրամիության Սահմանդրությանը: Նրանք պատրաստ են ամեն գնով իրենց ապահովագրել թուրքերի հետ անցանկալի հարեւանությունից: Նույնիսկ եվրաինտեգրման ձախողման գնով: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով` ֆրանսիացիների 52-54 տոկոսը պատրաստ է դեմ արտահայտվել Սահմանադրության ընդունմանը: Միաժամանակ, ակնհայտ է, որ հանրաքվեի բացասական պատասխանը խիստ վատ կանդրադառնա նախագահ Շիրակի դիրքերի վրա, ում վարկանիշն այժմ այնքան էլ բարձր չէ, ինչպես նախկինում: Ուշադրությունը սեւեռելով Անկարայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության վրա` Ֆրանսիայի իշխանությունները ձգտում են համերկրացիների հավաստել, որ իրենք բավականաչափ մեխանիզմներ ունեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար: Եվ ամնեեւին էլ կարիք չկա դրա պատճառով ձախողել եվրաինտեգրման գործընթացը:

Կոպիտ ասած, Ֆրանսիայի ղեկավարությունը «հայկական հարցը» շահարկում է սեփական նպատակների համար: Սա նոր չէ: Սակայն տվյալ դեպքում եվրոպական ազգերի հանրության մեջ թուրքերին չընդգրկելուն վերաբերող «հին Եվրոպայի» շահերը համընկնում են հայերի շահերի հետ: Ստեղծված իրադրությունը չափազանց շահեկան է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հաջողության հասնելու համար:

Արտյոմ Երկանյան