24 փետրվարի 2007 - 17:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Բուդապեշտում դատավճիռ է կայացվել ոչ թե հայի սպանած ադրբեջանցու, այլ առանց ազգության մարդասպանի հանդեպ
Ադրբեջանում հայի սպանությունը քրեորեն պատժելի չէ: Այնտեղ ամեն ինչ հստակ է` հայերը եւ մնացած աշխարհը
Հունգարիայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Բուդապեշտի Քաղաքային դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի որոշումը, ըստ որի ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության: Դատարանը, ինչպես եւ ակնկալվում էր, մերժել է ադրբեջանական կողմի բողոքը գործի վերանայման վերաբերյալ: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի պաշտպանության համակարգող խորհուրդը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թեեւ այնտեղ դիմելու համար ավելի շատ իրավունքներ ունի հայկական կողմը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների կարծիքով, «դատարանը կանխակալ է վարվել, չի ընդունել լրացուցիչ ապացույցները, որոնք ներկայացրել էր ադրբեջանակն կողմը, չի ընդունել նոր հանգամանքները...»: Նման դիրքորոշումը առնվազն երկու բացատրություն ունի` կամ Ադրբեջանն այդպես էլ չհասկացավ ինչի համար դատապարտեցին Սաֆարովին, կամ ուղղակի ուժգնացնում է ատելությունը հայերի հանդեպ: Իսկ հունգարական դատարանը վարվեց ցանկացած երկրում ընդունված օրենքներին համաձայն` դատում էին ոչ թե հայի սպանած ադրբեջանցու, այլ մարդասպանի, առանց ազգության: Հազիվ թե Բաքվում դա հասկանում են: Սակայն չգիտես ինչու դատարանի ճիշտ վարմունքը եւ ադրբեջանցի փաստաբանների վթարը Բուդապեշտում պետք էր վերագրել հայերին, իսկ Սաֆարովին հերթական անգամ որպես տառապյալ, արդարաության համար պայքարող մարտիկ ներկայացնել: Չէ որ դա շատ ավելի դյուրին է, քան սեփական մեղքն ընդունելը: Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանում հայի սպանությունը քրեորեն պատժելի չէ: Այնտեղ ամեն ինչ հստակ է` հայերը եւ մնացած աշխարհը: Սակայն չգիտես ինչու մարդասպանին Հունգարիայում դատում են ոչ թե ադրբեջանական օրենքներով, եւ դա էլ հենց վրդովեցնում է «ուռա-հայրենասերներին»; Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կեղտոտ միջոցների է դիմել պաշտպանությունը, փորձելով գոնե մի քիչ մեղմացնել պատիժը:

Ադրբեջանցի փաստաբան Շիրինովի խոսքերով, դատախազը գրեթե չի կարողացել հերքել վերաքննության վերաբերյալ բողոքում նշված փաստերը` նա ուղղակի մերժել է այդ փաստերը եւ խնդրել է չբավարարել բողոքարկումը: Թե ինչ է նշանակում գրեթե, թողնենք իրավաբանի խղճին: Իրավաբանության մեջ կարծես թե նման տերմին չկան: Մեղադրյալը կամ մեղավոր է, կամ` ոչ: Իսկ Սաֆարովը չունի նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքներ, բացի նրանից, որ նրան ցանկանում էին ներկայացնել որպես թերի մտավոր զարգացում ունեցողի, որը չի պատասխանում իր գործողությունների եւ արարքների համար: Պետք է հիշեցնել, որ ցմահ բանտարկությանը գումարվել է նաեւ ժամկետը պահապանների հետ կռվելու համար:

Այս ամենում հատկանշական է Սաֆարովի հոր` Սախիբ Սաֆարովի մեկնաբանությունը, որն, ինքն էլ չիմանալով, ասել է այն, ինչ կար իրականում: «Մենք միշտ ազմուկ ենք բարձրացնում, կոնկրետ գործ չանելով: Հայերն էլ իրենց նպատակների համնար են օգտագործում Ադրբեջանում հնչած փաստարկները: Ժամանակին հունգարացի լրագրողներին հրավիրեցին Ադրբեջան, սակայն նրանք չհանդիպեցին Ռ.Սաֆարովի ընտանիքի հետ: Արդյունքն հենց այսպիսին պետք է լիներ, քանի որ ադրբեջանական կողմը լուրջ աշխատանք չի տարել: Պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի կանչել փաստաբաններին եւ չի հետաքրքրվել դատավարության ընթացքով: Նրանք փաստաբաններին միայն նյութական աջակցություն են ցուցաբերել Բուդապեշտ մեկնելուց մեկ օր առաջ: Ես գտնում եմ, որ դատավճիռը կայացվել է ոչ թե իմ որդու, այլ ողջ Ադրբեջանի հանդեպ»:

Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Սակայն ի՞նչ կապ ունի այստեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: