29 մայիսի 2007 - 17:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի Առաջին Հանրապետությունը խանգարեց Թուրքիային ավարտել Հայոց ցեղասպանությունը
1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը հավատաց, որ կարելի է կռվել եւ հաղթել պատերազմում
1918 թվականի գարնան դրությամբ պատերազմի արդյունքում կիսավեր Անդրկովկասում իրավիճակը գրեթե անվերահսկելի էր դարձել: Ռուսաստանի 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Արեւմտյան Հայաստանում գտնող ռուսական զորքերը վերադարձան տուն, մերկացնելով կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից` թուրքական զորքերը, խախտելով դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը, 1918 թվականի փետրվարի 10-ին անցան հարձակման:
Թուրքերի դեմ ճակատը պահում էր միայն Հայկական կորպուսը (35 հազար զինվոր) գեներալ Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ, քանի որ վրացական զորքերը եւ Անդկովկասի մահմեդականների «վայրի դիվիզիան» տեղակայված էին ռազմական գործողությունների վայրից հեռու: Հայաստանը, ըստ ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանի, հայտնվեց բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական զնդանի արանքում: Անդրկովկասյան սեյմը դիմել է թուրքական հրամանատարությանը անջատողական բանակցություններ սկսելու առաջարկով: Տրապիզոնում կայացած բանակցություններին սեյմի պատվիրակությունը ձգտում էր վերականգնել նախապատերազմական ռուս-թուրքական սահմանը եւ հասնել Արեւմտյան Հայաստանի ինքնորոշման: Սակայն, օգտվելով ուժային առավելությունից եւ հաջող հարձակումից (թուրքերը գրավել էին Արդահանն ու մոտեցել էին Կարսին ու Բաթումին)` թուրքական կողմը ծանր պայմաններ էր առաջադրում: Թուրքիայի պահանջով, 1918 թվականի ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակվեց անկախ դաշնային հանրապետություն: Թուրքական զորքերը, հաղթահարելով հայակակն զորքերի դիմադրությունը, ովքեր ոչ միայն կռվում էին թշնամու դեմ, այլեւ ձգտում էին ապահովել արեւմտահայ գաղթականների անվտանգությունը, գրավել էին Կարսը, Արդվինն ու Բաթումը: Մայիսի 11-ին Բաթումում վերսկսվեցին Տրապիզոնում ընդհատված բանակցությունները: Անդրկովկասի ներկայացուցիչները պնդում էին, որպեսզի բանակցությունների հիմքում լինի Բրեստի խաղաղ պայմանագիրը, սակայն թուրքական կողմը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող բավարարվել միայն այն տարածքային զիջումներով, որոնք նախատեսված են այդ պայմանագրով: Շարունակելով հարձակումը` թուրքական զորքերը ներխուժեցին Երեւանի եւ Թիֆլիսի նահանգների տարածք: Զարգացնելով առաջխաղացումը Երեւանի ուղղությամբ` թուրքական զորքերը Սարդարապատի մոտ հանդիպեցին հայկական միավորումների եւ աշխարհազորայինների դիմադրությանը: Մայիսի 26-ին Սարդարապատի մոտ հայկական զորքերը որոշիչ հաղթանակ տարան թուրքերի նկատմամբ: Վերջիններս հայերի համառ դիմադրությանը հանդիպեցին նաեւ Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի կռիվներում: Այդ բախումների արդյունքում թուրքերին չհաջողվեց մտնել Արարատյան դաշտ ու ավարտել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայկական Ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հունիսի 20-ին կառավարությունը տեղափոխվեց Երեւան: Հայկական հանրապետության բնակչությունը կազմում էր 1 մլն. 510 հազար մարդ, այդ թվում 795 հազար հայ եւ 575 հազար մահմեդական: Հունիսից Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմին դարձավ խորհրդարանը, որում տեղերի 90 տոկոսը պատկանում էր ՀՅԴ Դաշնակցությանը: Հայաստանը 600-ամյա օսմանյան կեղեքումից հետո անկախություն եւ պետականություն ձեռք բերեց: Ճիշտ է, ընդամենը 2 տարով, սակայն հենց այն ժամանակ` 1918 թվականի մայիսին, հայ ժողովուրդը հավատաց, որ կարելի է կռվել եւ հաղթել պատերազմում:

Հետո եկավ Կարմիր Բանակը, Հայաստանը դարձավ խորհրդային, իսկ ժողովրդին վերջնական ոչնչացումից փրկաց սպաներին կացնահարեցին Ալեքսանդրապոլի բանտում կամ ուղարկեցին ճամբարներ, որտեղ նրանք սպանվեցին: 1937 թվականի դրությամբ հայ բանակի սերուցքը ոչնչացվել էր բոլշեվիկների ձեռքով, ընդհանուր ճակատագրից խուսափեց միայն գեներալ Անդրանիկը, ով 1922 թվականին գաղթեց ԱՄՆ: Զանգեզուրը փրկած Գարեգին Նժդեհը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին վտարվեց Բուլղարիայից եւ մահացավ Վլադիմիրի բանտում: Խորհրդային իշխանության տարիներին Առաջին ՀՀ-ի մասին գրեթե չէր հիշատակվում, իսկ եթե խոսում էլ էին, ապա միայն բացասական համատեքստում: Սակայն առանց նրա այսօր մենք չէինք ունենա նույնիսկ այս 29 հազար քառակուսի կմ-ը: 1918 թվականի դրությամբ Հայաստանից մնում էր միայն 9 հազար քառ. կմ. եւ մոտ կես միլիոն գաղթական Արեւմտյան Հայաստանից: Չենք վիճում, Հայաստանի ԽՍՀ-ն եւս հայկական պետություն էր, սակայն չարժէ մոռանալ նաեւ պետության այն էջերի մասին, որոնք հաճախ խեղաթյուրված մեկնաբանություն են ստանում: Այն բանի համար, որպեսզի արվի այն, ինչ հաջողվեց անել առաջին կառավարությանը պատերազմի եւ քայքայման պայմաններում, բոլշեւիկներին պետք եկավ խստագույն ռեպրեսիաների ավելի քան 10 տարի: