16 հունիսի 2007 - 17:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայի համար քիչ էր Հրանտ Դինքը, այժմ նրան հարկավոր է Դինքի որդին
Այն հարցը թե ինչ կձեռնարկի Անկարան, եթե «ազգի ազգային ինքնությունը վիրավորելուն» մասնակցեն Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք քաղաքացիները, որոնք ենթարկվել են սիստեմատիկ բնաջնջման
Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս« թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումները կսկսվեն 2007 թվականի հուլիսի 2-ին: Նիստը կանցնի փակ դռների ետեւում, լսումների մասին ցանկացած հրապարակում արգելված է: Լրագրողները զրկված են լինելու լսումների վայրից ռեպորտաժներ վարելու հնարավորությունից, նրանց չի տրամադրվի նաեւ որեւէ տեղեկատվություն լսումների մասին:
Դինքին սպանեց 17-ամյա թուրք ազգայնամոլ Օգյուն Սամաստը, որն իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «Դինքը վիրավորում էր թուրք ազգի ինքնությունը»: Կարծես թե Եվրոպական հանրությանն անդամակցելու ձգտող ցանկացած պետությունում, այդ թվում Թուրքիայում, այդ ողբերգությունից հետո վերաբերմունքը մամուլի, հատկապես հայ-թուրքական մամուլի հանդեպ, պետք է փոխվեր: Սակայն, Ստամբուլի դատախազությունը գտավ, որ «Ակոս» թերթը հերթական անգամ խախտել է 301-րդ հոդվածի դրույթները եւ մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջում Հրանտ Դինքի որդու եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի համար: Մեղադրանքը նույնն է` «ազգային ինքնության վիրավորանք»: Մեղադրանքի համար առիթ հանդիսացավ Հրանտ Դինքի հարցազրույցի վերահրատարակությունը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Առաջին դատական նիստի ժամանակ Արատ Դինքը մեղադրեց դատախազներին, որ իրենք, նախաձեռնելով նման դատավարություն, նպաստեցին նրա հոր սպանությանը: «Անհեթեթ եւ վտանգավոր է այն, որ Հայոց ցեղասպանության նման պատմական իրադարձության սահմանումը ընկալվում է որպես թուրք ազգի վիրավորանք»,-ասել է նա, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: Եթե նրան մեղավոր ճանաչեն, իսկ դրանում կասկած չկա, Արատ Դինքին սպառնում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Եթե անդրադառնանք Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին համընդհանուր ընտրությունների շեմին, քրդերի դեմ ռազմական գործողության եւ բանակցությունները վերսկսելու ԵՄ-ի միանգամայն իրական մերժման նախօրեին, ապա Ստամբուլի դատախազության որոշումը միանգամայն օրինաչափ է: Փաստորեն, Թուրքիան չի պատրաստվում նահանջել Հայոց ցեղասպանության ուրացման իր քաղաքականությունից աշխարհի ոչ մի բարիքի դիմաց եւ գործում է ըստ սկզբունքի` ձգձգիր որքան կարող ես, գուցե համաշխարհային հանրությունը հոգնի առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունների հարցը արծարծելուց: Ճիշտ է, եթե ոչնչացվեին միայն հայերը, նման տարբերակը կարող էր աշխատել: Սակայն չէ որ կան նաեւ ասորիները, Պոնտոսի հույները, նույն քրդերը, որոնց ձեռքով երիտթուրքերը ամբողջ ժողովուրդներ ոչնչացրին: Հարցն այն է, թե ինչ քայլերի կդիմի Անկարան, եթե «ազգի ազգային ինքնությունը վիրավորելուն» մասնակցեն Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք քաղաքացիները, որոնք ենթարկվել են սիստեմատիկ բնաջնջման:

Նույն օրը 86 թուրք գիտնականներ, գրողներ եւ դիվանագետներ նամակ են հղել Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրներին, որոնք կոչ էին արել Հայաստանին եւ Թուրքիային կապեր հաստատել, համագործակցել եւ հանդուրժողականություն հաստատել: «Այդ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության կուլտուրայի ստեղծմանը, որն իր պտուղները կտա ապագայում: Մենք հայտարարում ենք, որ մեր կողմից պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել եւ մեր լուման ներդնել վերջ տալու համար ներկայիս իրավիճակին: Հայերն ու թուրքերը միասին են ապրել Օսմանյան կայսրությունում եւ դա անհնար է հերքել: Մեր ժողովրդները ընդհանուր մշակութային արժեքներ ունեն: Մենք գտնում ենք, որ այդ արժեքները կարող են բազա ծառայել ապագա հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան չի դիտարկում 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն 1948 թ. Կոնվենցիայով: Տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո մի քանի թուրք եւ օտարերկրյա ակադեմիկոսներ եկան այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում չի եղել: Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պատրաստ ենք քննարկել այդ թեման հայ պատմաբանների եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ հանձնաժողովներում: Մենք կարծում ենք, որ երկխոսությունը առաջ ընթանալու, մեր խնդիրները լուծելու համար միակ ճանապարհն է, »,-գրում են թուրք գիտնականները:

Ոչ մի նոր բան Թուրքիան այդպես էլ չմտածեց` մի կողմից մեղադրանքները 301 հոդվածով, մյուս կողմից` պատմաբանների քննարկումների կոչեր: Հավանաբար, այնուամենայնիվ իրավացի է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը հստակ համոզված է, որ Թուրքիայի տեղը Եվրոպայում չէ: Իրոք, մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների համար մեղքը չճանաչելու ձգտումը եւ ազատության խոսքի խախտումը ինչ-որ չեն համընկնում եվրոպական արժեքների հետ: