30 հունիսի 2007 - 17:28 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական եւ ադրբեջանական մտավորականության այցը Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու հարկավոր էր եւ ավելի լավ է հիմա, քան երբեւէ
Նախագահ Իլհամ Ալիեւը ինչպես միշտ հավատարիմ մնաց իրեն, հայտարարելով, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` Ղարաբաղին տրամադրելով ինքնավարության բարձր մակարդակ»
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ինչ-որ բան պետք է կատարվեր: Կամ պատերազմ, որն այդքան շահարկվում էր Ադրբեջանի կողմից, կամ ինչ-որ խաղաղ նախաձեռնություններ, որ չեն ազդի բանակցային գործընթացի վրա: Առաջինը տեղի չունեցավ, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների այցը ցնցեց հենց ադրբեջանական հանրությանը: Դատեք ինքներդ, Արկադի Ղուկասյանը ակնթարթորեն «անջատողականների առաջնորդից» վերածվեց «ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի» նախագահի:
«Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին: Նույնիսկ եթե դուք Ղուկասյանին անջատողական անվանեք, նա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարը եւ պետք է մասնակցի բանակցություններին: Դա զուտ իմ անձնական կարծիքն է: Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ես գլխիկոր հեռացա Ղարաբաղից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ոչինչից չեմ ամաչում եւ ոչ ոքից չեմ վախենում, եւ միշտ ուղիղ առաջ եմ նայում: Իմ տեսակետն այսօրվա դրությամբ բխում է հենց այն գործողություններից, որոնք ես կատարում եմ, եւ ես անհրաժեշտ եմ համարում նման շփումները շարունակելը»,-ասել է Փ. Բյուլ-Բյուլ-օղլին, ինչպես պարզվեց, ադրբեջանական պատվիրակության ամենաազնիվ մարդը: Ի դեպ, նա հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ իր հոր կիսանդրին գնդակոծված է ինքնաձիգներից: Հավանաբար, Ղարաբաղ որքան հնարավոր է շատ ադրբեջանցիներ պետք է բերել, որ նրանք այնտեղ համոզվեն, թե ինչպես են նրանց ուղեղները լվանում ԶԼՄ-ների եւ Ակիֆ Նաղիի միջոցով:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլու նախաձեռնությունը դրական էր եւ ժամանակին: «Այդ այցը կարող է հիմք ծառայել ժողովրդների միջեւ վստահության վերականգնման համար, ինչի մասին բազմիցս խոսվել է բանակցություններում: Այցի կազմակերպման հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը առնչություն չունի: Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը դեսպանները դիմել էին այդ առաջարկով Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին, որոնք էլ ընդունել էին առաջարկը»,-ասել է Վ.Օսկանյանը:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով, պետք է երկխոսություն եւ վստահության մթնոլորտ հաստատել ժողովրդների միջեւ: «Դեսպանների նախաձեռնությունը կարող է առողջ եւ կառուցողական մթնոլորտ ձեւավորել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ»,-ասել է Ղուկասյանը` հաստատելով, որ արհեստականորեն սերմացվող անհանդուրժողականությունն ու պատերազմի կոչերը խոչընդոտում են խնդրի լուծմանը: Ըստ Ռ.Քոչարյանի, շփումներն ու դրանց միջոցով վստահության մթնոլորտի ձեւավորումը երկու երկրների հասարակությունների միջեւ էական ներդրում կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Անկախ գոյություն ունեցող իրողություններից, անհրաժեշտ է շփման ընդհանուր եզրեր գտնել եւ Հայաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինչպես միշտ հավատարիմ մնաց իրեն, հայտարարելով, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` Ղարաբաղին տրամադրելով ինքնավարության բարձր մակարդակ»: Զերծ չմնացին Բաքվում նաեւ պատահարներից: Ոչ անհայտ Ակիֆ Նաղին փորձեց խափանել Ղարաբաղ եւ Հայաստան այցելած ադրբեջանցի մտավորականների մամլո ասուլիսը, սակայն ոստիկանությունը դահլիճից դուրս բերեց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամներին:

Այցն անմիջապես առիթ հանդիսացավ տարբեր տեսակի մեկնաբանների համար, որոնք կարելի է ամփոփել այսպես` այցը հարկավոր էր եւ ավելի լավ է հիմա, քան երբեւէ: Էլդար Նամազովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն ուղեւորության նպատակը` մոռանալով, որ Իլհամ Ալիեւը պարզաբանումներ տալիս է միայն այն ժամանակ, երբ դա հարկավոր է համարում անձնապես իր համար: Եվ բոլորովին անհասկանալի է Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը: Դատեք ինքներդ, ըստ ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմի, Փոլադ Բյուլ-բյուլ-օղլին եւ Արմեն Սմբատյանն այդ այցը կատարել են «իրենց անձնական նախաձեռնությամբ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մշակույթների նախկին նախարարներ»: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող է դեսպանը, որին նշանակում է երկրի նախագահը, «անձնական նախաձեռնությամբ» այցելել այս կամ այն երկիր:

Հայաստանում այցը նորմալ ընկալվեց, ինչպես դա վայել է քաղաքակիրթ պետությանը: Ի դեպ, Հեյդար Ալիեւի օրոք Բաքու բավականին հաճախ էին այցելում հայ լրագրողներ, ՈԿԿ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ: Ամեն ինչ ավարտվեց Ալիեւ-կրտսերի օրոք, որը հույսը դնելով նավթի վրա, մտածեց, որ բոլոր հարցերը կարող է ինքնուրույն լուծել, չմտածելով այն մասին, որ համաշխարհային հանրությունը կարող է, ի վերջո, հրաժարվել Բաքվի նավթից, որը մեծ հաշվով հարկավոր է միայն Թուրքիային: Չէ որ համաշխարհային պաշարի 0,6 տոկոսը աշխարհում եղանակ չի ստեղծում: Դա շատ հեշտ է ապացուցել Ադրբեջանի նախագահին եւ ներկայիս այցը դրա ապացույցներից մեկն է: