28 հուլիսի 2007 - 19:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Ո՞վ է Հայաստանի համար քրիստոնյա Վրաստանը
Վրաստանը, հավասար հեռավորության վրա գտնվելով Հայաստանից ու Ադրբեջանից, կարող է իր դերը կատարել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում
Հայ-վրացական հարաբերությունները նոր փուլում են: Չի կարելի ասել, թե դրանք վատացել են, ուղղակի` այլ են: Վրաստանի բացահայտ ձգտումը մասնակցել տարածաշրջանի բոլոր նախագծերին, անտեսելով, որ դա բազում հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որից ամենակարեւորը հետեւյալն է` ո՞վ է մեզ համար քրիստոնյա Վրաստանը, բարեկամական երկիր թե ոչ: Հասկանալի է, որ քաղաքականության մեջ չկան հավիտենական բարեկամներ կամ թշնամիներ, կան հավիտենական շահեր:
Եթե Վրաստանի շահը նրանում է, որ, ազատվելով Մոսկվայից, ընկնի թուրքերի գիրկը, ապա ամեն ինչ պարզ է: Սակայն հազիվ թե ամեն ինչ այդպես միանշանակ լինի: Հայաստանն ու Վրաստանը պետք են միմյանց: Եվ առաջին հերթին պանթուրքիզմին դիմակայելու համար: Սակայն Վրաստանի ներկայիս ղեկավարությունը բացահայտորեն ղեկավարվում է րոպեական շահով: Մինչդեռ հարկ է նշել, որ Թուրքիայի հետ բաց սահմանի պատճառով վրացական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:

Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ եւ դա, սկզբունքորեն, վատ չէ Հայաստանի համար: Սակայն եթե հանկարծ Ադրբեջանն էլ մտադրվի անդամակցել Դաշինքին, Երեւանը այնքան էլ շահեկան վիճակում չի հայտնվի: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, եթե Ադրբեջանն անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանը ոչ, դա կնպաստի նոր բաժանարար գծերի առաջացմանը եւ կխախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: «Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում դիտվում են զարգացման երկու միտումներ` մեկն ուղղված է տարածաշրջանի ժողովրդների պառակտմանը, երկրորդը` միավորմանը: Հայաստանը պետք է ընտրի երկրորդ ուղին, ինչը բխում է համազգային եւ պետական շահերից: Այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին»,-նշել է Ռուստամյանը:

Վրաստանը, հավասար հեռավորության վրա գտնվելով Հայաստանից ու Ադրբեջանից, կարող է իր դերը կատարել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում: Ճիշտ է, չլուծված հակամարտությունները եւ բավական լարված իրավիճակը հայաբնակ Ջավախքում որոշակի դժվարություններ են ստեղծում այդ դերի համար: Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ Թբիլիսիի պետական քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցում եւ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը: Այս ամենը չի կարող բացասական ֆոն ստեղծել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Սակայն կան նաեւ հուսադրող գործոններ:

Սակայն դեռեւս, հոկտեմբերի վերջին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հիմնարկեքի արարողությունը: Միջոցառումը տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկաթուղու շինարարության համար մրցույթն արդեն հայտարարվել է, ընդ որում թենդերային առաջարկների ընդունումը կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կապահովի Մետաքսի մեծ ճանապարհի անխափան գործունեությունը եւ դուրս կբերի Թուրքիան 21-րդ դար,-նշել է Յըլմազը:-Երկաթուղին, որը կհասնի մինչեւ Կարս, հնարավոր կլինի միացնել Էրզրումի գծին, ինչը թույլ կտա բեռնափոխադրումներ կատարել Մարմարայի կառամատույցից մինչեւ Լոնդոն», հաղորդում է Day.az-ը:

Հետաքրքիր է, որ թուրք նախարարի հայտարարության մեջ ոչ մի բառով չի հիշատակվում Վրաստանը, առանց որի տվյալ նախագծի իրագործումն անհնար կլիներ: Սակայն Բաքվում եւ Անկարայում գտնում են, որ եթե Վրաստանին գրեթե անհատույց 200 մլն դոլար է հատկացվել, ապա նրա կարծիքի հետ կարելի է հաշվի չնստել: Սկզբունքորեն, այդպես էլ կա: Նոր «Արեւելյան ճեպընթացը» ավելի երկար եւ շահավետ կլինի բոլորի համար, բացի Հայաստանից: Եվ Վրաստանն այդ առումով մեր դեմ է գործում: Ի դեպ, սա առաջին անգամը չէ` բավական է հիշել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը: