6 սեպտեմբերի 2007 - 17:21 AMT
ՀՈԴՎԱԾ
Իսրայելին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում խանգարում է միայն քաղաքականությունը, ուրիշ ոչինչ
ADL հրեական կազմակերպությունը ճանաչել է Օսմանյան Կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ջարդերը որպես ցեղասպանություն
Հակաանվանարկման լիգան (ADL), որ տեղակայված է ԱՄՆ-ում, վերջապես, ճանաչել է մեկուկես միլիոն հայերի ջարդերը Օսմանյան Կայսրությունում որպես Ցեղասպանություն: Փաստը, ինքնին, նշանակալի է. առաջին անգամ հրեական կազմակերպությունը ամեն բան իր անունով է կոչել: ADL-ի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի խոսքերով, որոշումը կայացվել է տվյալ հարցը պատմաբանների եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հետ քննարկելուց հետո:
Ավելի վաղ Ֆոքսմանը նշել է, որ «թուրքերն ու հայերը պետք է եւս մեկ անգամ դիմեն իրենց անցյալին: Հրեական հանրությունը չպետք է արբիտրի դեր կատարի այս պատմության մեջ, ինչպես եւ ԱՄՆ Կոնգրեսը»: Բացի այդ, ADL-ը, մեկ այլ հրեական կազմակերպության հետ` B'nai B'rith, եւ Ազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտը (JINSA) նամակ են հղել ԱՄՆ Կոնգրես Թուրքիայի հրեական համայնքի անունից, որը դեմ է հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը:

ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները երկար տարիներ գործում են Թուրքիայի պետական քաղաքականության հունով, որի համաձայն Հայոց ցեղասպանությունը մերժվում է: Ճիշտ է, մի շարք հրեական կազմակերպությունների, պատմաբանների եւ անգամ պետական պաշտոնյաների վրա չի ազդում թուրքական շանտաժը եւ նրանք 1915 թվականի իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն: Աբրահամ Ֆոքսմանի հայտարարությունը ԱՄՆ-ում իր դիրքերը ամրապնդած հայկական համայնքի գործնեության արդյունք է հանդիսանում. վերջինս արդեն գործում է ոչ միայն կոնգրեսականների շրջանում, այլեւ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններում:

«Ձգտելով փոփոխություն մտցնել Ամերիկայի հրեական կազմակերպության վերջերս կայացրած որոշման մեջ` Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ քաղաքականությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ, թուրքական կառավարությունը ճնշում է գործադրում Իսրայելի վրա»,- գրում է իսրայելական Haaretz թերթը: Ինչպես հայտնում են աղբյուրները Իսրայելի Արտգործնախարարությունում, արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Աբդուլահ Գյուլի հանդիպումը Անկարայում Իսրայելի դեսպան Պինխաս Ավիվիի հետ օգոստոսի կեսերին շատ «բուռն է» անցել, քանի որ նախարարը «բարկություն եւ հուսահատություն է հայտնել այդ հարցով»: Թուրքիան նաեւ անհանգստություն է հայտնել Իսրայելի առողջապահության նախարար Յակով Բեն-Իզրիի հայտարարության առումով Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբում հայերի ջարդերի մասին, որը նա կատարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնիի անունից: Բեն-Իզրին, մասնավորապես, հայտարարել է, որ հրեա ժողովուրդը հատուկ համակրանք եւ հարգանք ունի հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ հայերը եւս կոտորածի զոհ են դարձել: «Իսրայելի կառավարությունը երբեք չի հերքել 1915 թվականի ահավոր սպանդերի փաստը, հասկանում եւ կիսում է հայ ժողովրդի զգացմունքը, հաշվի առնելով զոհերի քանակն ու հայերի կրած ահավոր կորուստները»,- հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարարը: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հիշատակված իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ներկայացնելու փորձերը որեւէ պատմական եւ իրավական հիմնավորում չունեն, քանի որ անգամ պատմաբանները համաձայնության չեն հանգել այդ հարցով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, Իսրայելի հայերը համոզված են. չնայած հնարավոր քաղաքական հետեւանքներին Թուրքիայի հետ հարաբերություններում, Իսրայելն ու հրեական կազմակերպությունները ամբողջ աշխարհով մեկ վաղ թե ուշ կճանաչեն որպես ցեղասպանություն թուրքական կառավարության գործողությունները հայերի նկատմամբ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին: «Իսրայելը դա բոլորից լավ է հասկանում... սակայն հարցի քաղաքականացված լինելը խանգարում է ճիշտ որոշում ընդունել»,- The Jerusalem Post-ը մեջբերում է Երուսաղեմում հայկական պատրիարքարանի քահանա Սամվել Ագոյանի խոսքերը: Մեկնաբանելով Հակաանվանարկման լիգայի հայտարարությունը, որը Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած հայերի ջարդերը որակել է որպես ցեղասպանություն` Ագոյանը նշել է, որ Իսրայելին նույնը անելու ճանապահին խանգարում է միայն քաղաքականությունը: «Տվյալ հարցի քաղաքականացվածությունը սպանում է այնպիսի պետությունների գոյացման հիմքում ընկած գաղափարը ինչպես Իսրայելն ու ԱՄՆ-ն: Եթե չեք կարող բացեիբաց ամեն ինչին իր անունը տալ, ապա, վերջին հաշվով, ճանաչեք այդ փաստը»:

Պատմաբան Թաներ Աքչամը` «A Shameful Act: The Armenian genocide and the Question of Turkish responsibility» գրքի հեղինակը, խիստ քննադատության է ենթարկել ADL-ի հայտարարությունը այն հատվածում, որտեղ խոսվում է «անցյալին դիմելու» անհրաժեշտության մասին: «Այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարության քաղաքական տոնը ապահովում են այնպիսի մարդիկ, ինչպես Յուսուֆ Խաչալողլուն, Գյունդուզ Աքթանը եւ Շուքրու Էլեքդագան, ես չեմ կարծում, որ պատմաբանների նման հանձնաժողովը կարող է որեւէ արդյունքի հանգել: Նրանց համար հանձնաժողովը կարող է դառնալ պատերազմի շարունակություն, որը նրանք վարում են հայերի դեմ, որոնց նրանք թշնամիներ են համարում»,- ընդգծել է Աքչամը:

Hurriyet թերթի մեկնաբանի կարծիքով, Անկարան ամենից շատ հույսը դրել էր ԱՄՆ-ի հրեական համայնքի աջակցության վրա` ձգտելով խոչընդոտել հայկական սփյուռքի փորձերը Կոնգրեսում անկացնել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը: Սակայն այն քաղաքականության գաղափարը, որի իրագործման մեջ հույս են դնում լոբբիի վրա, այլեւս արդյունքներ չի բերում: Milliyet թերթը սահմանափակվել է շանտաժով. «Երբ հրեական լոբբիստական կազմակերպությունները հակաթուրքական դիրքորոշում են գրավում, դա, իհարկե, մաքսիմալ վնաս է հասցնում թուրք-իսրայելյան հարաբերություններին: Դա շատ կվնասի եւ Թուրքիային, եւ Իսրայելին, եւ ԱՄՆ-ին»:

Ինչով է առաջնորդվել ADL-ը, ընդունելով տվյալ հայտարարությունը, դժվար է ասել: Հնարավոր է, իր դերն է խաղացել ցեղասպանության հարցերում Էլի Վիզելի հեղինակությունը: Գուցե մեկ այլ հանգամանք եւս. Իսրայելի եւ հրեական կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության համառ չճանաչումը հրեաներին ոչ այնքան նախանձելի դրության մեջ է դնում: Հետաքրքիր է նաեւ այն, որ հայտարարությունը տարածվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների նախօրեին: Ինչ էլ լինի, Թուրքիայի հասցեին առաջին ազդանշանն է հնչել, դեռեւս միայն հրեական կազամկերպություններից: