18 սեպտեմբերի 2007 - 19:15 AMT
ՀՈԴՎԱԾ
Թեհրանը գտնում է, որ ԱՄՆ-ն չեն համարձակվի ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ
Իրանի դեմ պատերազմը կարող է բարդ կանխատեսելի հետեւանքների հանգեցնել, պարփակել Ավղանստան-Իրան-Իրաք օղակը, անպայման կդիպչի Պաղեստինին, Իսրայելին եւ Սիրիային եւ կոչնչանցի տարածաշրջանային կայունության հույսը
Իրանական հարցը նորից դարձել է գլխավորը միջազգային քաղաքականությունում: Ըստ էության, այն գլխավորն էր վերջին մի քանի տարիներին, սակայն Ֆրանսիայի միացումը ԱՄՆ-ի դիրքորոշմանը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: «Աշխարհը պետք է պատրաստվի պատերազմի, ինչի պատճառ կարող են դառնալ Իրանի միջուկային նկրտումները: Մենք որոշել ենք, քանի դեռ բանակցություններ են ընթանում, հեռանկարի համար պատժամիջոցների փաթեթ պատրաստել ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակներից զատ: Դա առաջարկել են գերմանացիները, մեր լավ բարեկամները»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները` հավելելով, որ պետք է պատրաստվել վատագույնին, իսկ «վատագույնը պատերազմն է»:
Հենց Ռուսաստանին իրանական հարցում մտքափոխ անելու նպատակով է Բերնար Քուշները ժամանել Մոսկվա: Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը խստացնում է պատժամիջոցները Իրանի դեմ: Ֆրանսիացի նախարարի կարծիքով, նման բանաձեւը կստիպի Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը: Փարիզը հուսով է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամաձայնվի ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Փորձագետները գտնում են, որ Քուշները, այնուամենայնիվ, կփորձի Ռուսաստանին մտքափոխել եւ ստանալ նրա աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, չնայած հավանականությունը քիչ է:

Միեւնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամմադ Բարադեին հաստատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթի խոսքերն այն մասին, որ Իրանը հերքում է, թե մտադիր է միջուկային զենք ստեղծել, եւ պնդում է ուրանի հարստացման ծրագրի զուտ խաղաղ բնույթը: «Ես չեմ կարծում, որ տվյալ փուլում Իրանը այնքան լուրջ սպառնալիք է ներկայացնում, որ անհնարին է հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորել: Բացի այդ, ես ուզում եմ ընդգծել, որ ուժը կարելի է օգտագործել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ եւ այն դեպքում, երբ մնացած բոլոր հնարավորությունները սպառված են»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովի կարծիքով, Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը բացարձակ թափանցիկ ստեղծի, հրաժարվի երկակի նշանակումների տեխնոլոգիաներից եւ իր տարածքում թույլ տա անցկացնել բոլոր անհրաժեշտ ստուգումները: «Սակայն դրան պետք է հասնել միայն դիվանագիտական եւ տնտեսական ճնշման միջոցով: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, Իրանում չկան ապացույցներ, որ նրա միջուկային ծրագիրը ռազմական բնույթ է կրում: Մենք ՄԱԳԱՏԷ-ին չհավատալու հիմքեր չունենք: Իսկ առանց նման ապացույցների Իրանի նկատմամբ ցանկացած ռազմական գործողություն կլիի չգիտակցված քայլ»,- գտնում է ռուս սենատորը: Ավելորդ չի լինի այս կապակցությամբ հիշեցնել, որ պատերազմն Իրաքում սկսվել է Սադամ Հուսեինի մոտ զանգվածային ոչնչացման զենքի առկայության «ապացույցներից»: Հետո պարզվեց, որ Սադամը որեւէ զենք էլ չուներ. սակայն պատերազմն արդեն սկսվել էր եւ այժմ դրա վերջը չի երեւում: Մարգելովի կարծիքով, Իրանի դեմ պատերազմը կարող է բարդ կանխատեսելի հետեւանքների հանգեցնել, պարփակել Ավղանստան-Իրան-Իրաք օղակը, անպայման կդիպչի Պաղեստինին, Իսրայելին եւ Սիրիային եւ կոչնչանցի տարածաշրջանային կայունության հույսը:

Իրանում ֆրանսիացի նախարարի խոսքերն սվիններով են ընդունել: ԻՌՆԱ գործակալությունը հայտարարել է, որ Ելիսեյան պալատի նոր տերերը ձգտում են ամեն ինչում նմանվել ամերիկացիներին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնիի խոսքերով, ԱՄՆ-ի վիճակն այնպիսին չէ, որպեսզի ամերիկացիները համարձակվեն ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ երկրի միջուկային օբյեկտները ոչնչացնելու նպատակով: «Իրանը լիովին պատրաստ է պաշտպանության, եւ մենք հուսով ենք, որ ամերիկացի քաղաքական գործիչների մեջ կան իմաստուն մարդիկ, ովքեր թույլ չեն տա Իրանի վրա ռազմական գործողություն իրականացնել, քանի որ նման գործողությունները կհանգեցնեն նրան, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում կընդլայնվի»,- նշել է Հոսսեյնին:

Իրանի դեմ պատերազմը ուղղակիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա: Առաջին հերթին, բոլոր երկրները ընտրության առջեւ կկանգնեն` աջակցել ԱՄՆ-ին, թե չեզոքություն պահպանել: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, չեզոք դիրք կգրավի, իսկ մյուս երկու երկրները կարող են եւ զիջել ԱՄՆ-ի ճնշմանը: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի համար: