29 սեպտեմբերի 2007 - 17:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Միխաիլ Սահակաշվիլին կանխարգելիչ քայլերի է դիմո՞ւմ
Ըստ ամենայնի, Միխաիլ Սահակաշվիլին շուտով կձերբազատվի բոլոր նրանցից, ում հետ կատարեց «վարդերի հեղափոխությունը»
Վրաստանը կրկին տենդագին ցնցումների մեջ է եւ ակնհայտ է, որ այդ վիճակը կպահպանվի մինչ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որ կայանալու են 2008 թվականի վերջում: Միխաիլ Սահակաշվիլու նախկին զինակցի «սկանդալային» բացահայտումները դժգոհության կատալիզատորի դեր կատարեցին բնակչության շրջանում, որը, չնայած Արեւմուտքի օգնությանը, շարունակում է նույնքան վատ ապրել, որքան Էդուարդ Շեւարնաձեի օրոք: «Ժողովրդավարության հենարանի» մասին խոսքերը ջերմացնում են հոգիները, սակայն չեն կերակրում:
Թբիլիսիի հայ համայնքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքերով, Ռուսթավելու պողոտայում հանրահավաքի հավաքված մարդիկ, հավաքվել էին ոչ այնքան Օքրուաշվիլուն պաշտպանելու համար, որն ոչնչով լավ չէ Վրաստանի նախագահից, որքան Սահակաշվիլու դեմ: «Առավել ճշգրիտ գնահատականներով, այնտեղ ներկա են եղել 4 հազար հոգի»,-ասել է Ստեփանյանը` հավելելով, որ «բնակչությունը ոչ մի լավ բան չի ակնկալում մի բռնապետին մեկ այլով փոխարինելուց»: Նշենք, որ այս հանրահավաքը ամենախոշոր հակակառավարական ակցիան էր 2003 թվականի «վարդերի հեղափոխության» արդյունքում Սահակաշվիլու իշխանության գալուց ի վեր:

Սակայն վերադառնանք վտարանդի զինակցին: Ըստ ամենայնի, Միխաիլ Սահակաշվիլին շուտով կձերբազատվի բոլոր նրանցից, ում հետ կատարեց «վարդերի հեղափոխությունը»: Զուրաբ Ժվանիայի չպարզված հանգամանքներում մահանալուց հետո, պաշտոնաթաող եղան ԱԳն ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, նախարար Իվլիան Խայնդրավան եւ, վերջապես, Իրակլի Օքրուաշվիլն: Փաստորեն, Սահակաշվիլին ազատվում է նախագահական ընտրություններում իր պոտենցիալ հակառակորդներից եւ օրինակ է վերցնում այս դեպքում իր գործընկեր Իլհամ Ալիեւից, որը գործել է եւ դեռ կգործի այդ կերպ: Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հավանություն տվեց Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությանը երկրի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու նախնական երկամսյա կալանքին: Այդ ժամկետը նա կանցկացնի Ռուսթավիի 6-րդ բանտում: Այնտեղ է գտնվում նաեւ նրա կողմնակիցներից մեկը` Շիդա Քարթլի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Միխաիլ Կարելին, որն ավելի վաղ էր ձերբակալվել:

Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվեց սեպտեմբերի 27-ին Թբիլիսիի կենտրոնում գտնվող իր նորաստեղծ ընդդիմադիր «Հանուն միասնական Վրաստանի» շարժման գրասենյակում: Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նրան Վրաստանի ՔՕ 4` 181` դրամաշորթություն, 194` փողերի լվացում, 332` ծառայողական լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անփութություն հոդվածներով: Ձերբակալվածին սպառնում է 25 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Օքրուաշվիլին մի քանի սենսացիոն հայտարարություններ էր արել, մեղադրելով Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն հակաիրավական գործողություններում: Մասնավորապես, պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, մեղադրել է Վրաստանի նախագահին նրանում, որ նա հրամայել է սպանել երկրի որոշ «ազդեցիկ դեմքերի»: Մեղադրանքը հերքվել է պաշտոնական իշխանությունների կողմից որպես «անհիմն ու սուտ»:

Հարկ է նշել, որ Սահակաշվիլու քաղաքական հակառակորդները, հիմնականում, թույլ են եւ մինչ այժմ սպառնալիք չէին նրա համար: Ժողովրդավարը կառավարում է ամուր ձեռքով: Սակայն, ինչպես գտնում են փորձագետները, վերջին մի քանի ամիսներին Իրակլի Օքրուաշվիլին բավական քաղաքական կշիռ է ձեռք բերել եւ կարող է ազդեցիկ քաղաքական դեմք դառնալ: Նրա ձերբակալությունը համախմբեց տարանջատ քաղաքական կուսակցություններին, ինչպես նաեւ հնարավորություն տվեց երկրի անվերջանալի խնդիրներից դժգոհ բնակչությանն իր կարծիքն արտահայտել: Հետաքրքիր է, որ Մ.Սահակաշվիլու գործողություններին անմիջապես սատարեց ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Իրակլի Օքրուաշվիլու ձերբակալության մանրամասներն ինձ հայտնի չեն: Կարծում եմ, դա կապված է ինչ-որ կրիմինալի, այլ ոչ թե քաղաքականության հետ: Դա կապված է երկրում կարգուկանոնի հաստատման հետ: Վերջնական որոշումը դատարանը կկայացնի: Եթե հասարակության շրջանում կասկածներ կան, ապա հետաքննությունը պետք է անցկացվի եռակի ճշգրտությամբ ու մանրակրկիտ կերպով»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, օրենքի, դատարանի եւ իրավապահ մարմինների գերակայությունը Վրաստանում գնալով աճում է:

Ի դեպ, ինքը Սահակաշվիլին, որը Նյու Յորք էր մեկնել մինչ իր հասցեին նախկին զինակցի կողմից կաշառակերության եւ քաղաքական սպանություններ կազմակերպելու մեղադրանքերի հնչեցումը, վերադարձել է Վրաստան: Հավանաբար, Օքրուաշվիլու ձերբակալությունը վերջինը չի լինի, չէ որ մինչ ընտրությունները դեռեւս մեկ տարի կա, որը կբավականացնի բոլոր հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար` հզոր աջակցություն ունենալով ի դեմս ԱՄՆ Պետդեպարտամենտի :