5 ապրիլի 2008 - 19:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանական սփյուռքին հակազդելու համար Հայաստանը պետք է մշակի պետական քաղաքականություն
Ներկայումս ադրբեջանական սփյուռքը բավականին սերտորեն համագործակցում է թուրքական համայնքների հետ, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում
«Ադրբեջանական սփյուռք» հասկացությունն առաջացել է վերջերս, սակայն արդեն իսկ գործուն մեխանիզմ է դառնում պաշտոնական Բաքվի հնչեցրած նպատակներին հասնելու համար` հակազդեցություն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ 1988-1990թթ. Ադրբեջանի հայ բնակչության զանգվածային ջարդերը ցեղասպանություն ճանաչելուն: Դա ուղեկցվում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված քարոզարշավով:
«1949թ. փետրվարի 1-ին Անկարայում «Ադրբեջանական մշակույթի խմբակի» ստեղծումը դարձավ աշխարհում ադրբեջանական սփյուռքի կազմակերպման առաջին քայլը: 1956թ. Սալեհ բեյ Շեյխզամանլին ԱՄՆ-ում հիմնեց «Ամերիկայի ադրբեջանական ընկերությունը»: Հարկ է նշել, որ Իրանից, որտեղ բնակվում է շուրջ 30 միլիոն ադրբեջանցի, վերջին տասնամյակում շատ անգամ գերազանցում է Ադրբեջանից մեկնածների թիվը: Առանձին գործող բազում ընկերություններ եւ միավորումներ, համաձայնության գալով հանուն համագործակցության, ստեղծեցին Ադրբեջանական դաշնային միավորումներ: Որպես օրինակ կարելի է բերել Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը, Ուկրաինայի ադրբեջանցինեի կոնգրեսը, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը, Գերմանիայի ադրբեջանական ընկերությունների դաշնությունը, շվեդա-ադրբեջանական դաշնությունը, Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի «Թուրանը» եւ Ղրղզստանի «Ազերի» հասարակական միավորումը: Այդ ընկերություններին եւ միավորումներին հաջողվեց էական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի եւ իրենց բնակության վայր հանդիսացող երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման, մեր հայրենակիցների կազմակերպման, պատմական հայրենիքի հետ նրանց կապերի ամրապնդման գործում»,-հայտարարում է պաշտոնական Բաքուն: Միանգամայն հնարավոր է, որ այդպես էլ կա: Սակայն պետք է նշել, որ բուն «ադրբեջանական սփյուռք» հասկացությունը սկսվեց օգտագործվել ԽՍՀՄ փլուզումից հետո, այն դեպքում երբ հայկական սփյուռքի կարծիքը հաշվի էր առնվում նույնիսկ ամենախուլ ճահճացման տարիներին: Ավելին, ԽՍՀՄ ՊԱԿ-ի ձեռքերով ստեղծվում էին զուգահեռ կառույցներ, որոնք գործում էին Դաշնակցության գլխավորած «հին» սփյուռքի դեմ, որին ԽՍՀՄ-ը օրենքից դուրս էր հայտարարել: ՊԱԿ-ի «հաջողված» գործողություններից մեկը եղավ միասնական Հայ Առաքելական եկեղեցու բաժանումը երկու կաթողիկոսությունների` Էջմիածնի եւ Կիլիկիո: Պառակտումը շարունակվում է մինչ օրս, թեեւ արվում են որոշ, դեռեւս անհաջող փորձեր հաշտեցնել երկու Կաթողիկոսություննեը:
Ներկայումս ադրբեջանական սփյուռքը բավականին սերտորեն համագործակցում է թուրքականի հետ, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում: Ճիշտ է, իր ազդեցությամբ եւ լոբբինգով նա դեռեւս զիջում է հայկական սփյուռքին, սակայն դա ավելի շուտ ժամանակավոր երեւույթ է, որը կարող է հաղթահարվել, եթե ադրբեջանական եւ թուրքական համայնքները պայմանավորվեն բոլոր հարցերի շուրջ: Սակայն դա դեռեւս տեղի չի ունենում, թեեւ Բաքվի եւ որոշ թուրքական ԶԼՄ-ներ խոսում են «լիակատար միասնության» մասին: Նրանց նպատակները նույնն են` այն հայկական կազմակերպությունների քաղաքական ազդեցության չեզոքացումը, որոնք հաջողությամբ աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս արդեն շուրջ 100 տարի: Ադրբեջանական սփյուռքի համար հիմնական լծակը գրեթե անսահմանափակ դրամական միջոցներն են, որոնց օգնությամբ նա ցուցահանդեսներ է կազմակերպում «հայ ահաբեկիչների վայրագությունների» մասին, թուրքական լոբբիի հետ հակազդում է ԱՄՆ-ում եւ այլ երկրներում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Ի դեպ, վերջին իրադարձությունները Իսրայելի Քնեսեթում, կապված Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ, որքան էլ տարօրինակ լինի, ավելի բուռն արձագանք ունեցան ոչ թե Անկարայում, այլ Բաքվում:
Որոշ հայ հետազոտողներ գտնում են, որ ադրբեջանական սփյուռքն արհեստական կազմավորում է, որը շանսեր չունի հասնելու իր ազդեցությամբ հայկական լոբբիի ազդեցության մակարդակին: Սակայն վերջին հաղորդագրություններն արտերկրում ադրբեջանական համայնքների աճի մասին, հակառակն են ցույց տալիս: Ճիշտ չի լինի պնդել նաեւ, թե ադրբեջանական սփյուռքը հենց նույն թուրքականն է: Իրականում, հարաբերությունները նրանց միջեւ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել պաշտոնական Բաքուն: Առնվազն, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում հայկական եւ թուրքական համայնքներն ավելի շատ շփման եզրեր ունեն, քան դա կցանկանար Ադրբեջանը: Որպես օրինակ կարելի է բերել համատեղ հայ-թուրքական ակցիան Լոնդոնում եւ Եվրոպայի այլ քաղաքներում Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ:
Այնուամենայնիվ, ադրբեջանական սփյուռքի գործոնը գնալով ազդեցիկ է դառնում եւ առաջին հերթին դրան են նպաստում Ադրբեջանի էներգետիկ պաշարները: Ինչպիսին էլ դրանք լինեն` ավել կամ պակաս, փաստը մնում է փաստ` նավթի եւ գազի միջոցով Բաքուն կարող է իր քաղաքականությունը վարել իր ոչ պաշտոնական ներկայացուցիչների միջոցով, ինչի հաստատումն է ուռճացված Խոջալուի «ողբերգությունը»: Ելնելով այս ամենից, Հայաստանում սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարը գնալով առավել այժմէական է դառնում, քանի որ ուժ հավաքող ադրբեջանական սփյուռքին հակազդելու համար պետական քաղաքականություն է հարկավոր: Հենց այդ մակարդակով է հակազդում պաշտոնական Բաքուն հայկական սփյուռքին: