26 ապրիլի 2008 - 17:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Անկարայի «ձեռքերն ոլորելու եւ բերանները փակելու» քաղաքականությունը հաջողության չի հանգեցնի
Պաշտոնական Անկարայի տրամաբանությամբ, այն պետությունները, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը կամ պատրաստվում են դա անել, թուրք ազգի պոտենցիալ թշնամիներն են եւ, եթե նրա կամքը լիներ, կկանգնեին թուրքական դատարանի առջեւ 301-րդ հոդվածով
Այնպես է ստացվել, որ Թուրքիան մեկ բան է ասում, այլ բան է անում, սակայն միշտ ելնում է սեփական շահերից, երբեք ուշադրություն չդարձնելով նույնիսկ իր ռազմավարական դաշնակիցների` ԱՄՆ-ի ու Իսրայելի վրա: Ի դեպ, ավելի տեղին կլիներ այդ երկրներն անվանել «այսպես կոչված ռազմավարական դաշնակիցներ», քանի որ Անկարայի վարքագիծը նրանց հանդեպ դուրս է գալիս նույնիսկ հասարակական համագործակցության շրջանակներից: Թուրքիան գործընկերների վրա ճնշում գործադրելու նպատակով շատ հարմար թիրախ է ընտրել` 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը:
Պաշտոնական Անկարայի տրամաբանությամբ, այն պետությունները, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը կամ պատրաստվում են դա անել, թուրք ազգի պոտենցիալ թշնամիներն են եւ, եթե նրա կամքը լիներ, կկանգնեին թուրքական դատարանի առջեւ 301-րդ հոդվածով: Թուրքիան մշտապես վախեցնում եւ օգտագործում է իր «անհրաժեշտությունն ու կարեւորությունը», ինչը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Իսրայելի Քնեսեթը արդեն երկրորդ տարին է վճռականություն չեն ունենում ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը: Թեեւ ի պատիվ ամերիկացի օրենսդիրների պետք է խոստովանել, որ նրանք այդ առումով շատ առաջ են իսրայելցիներից: Եվ բանը բոլորովին էլ հայկական լոբբիի ճնշման մեջ չէ, այլ նրանում, որ ԱՄՆ-ն չափազանց հեռու է Մերձավոր Արեւելքից: Եվ ընդհանրապես, ԱՄՆ-ն մի քիչ այլ երկիր է:

Ապրիլի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կայքում զետեղվել էր Ազատության արձանի լուսանկարը, որի բերանը փակված էր թուրքական դրոշով: ANCA-ն անց է կացնում «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» անվանումով ակցիա, ուղղված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու Թուրքիայի փորձերի դեմ: «Թուրքական կառավարությունը, որն արգելում է խոսել Հայոց ցեղասպանության մասին իր պետության մեջ, արտահանում է այդ հակաժողովրդավարական արգելքը ԱՄՆ եւ վարում է «բերանները փակելու» քաղաքականություն այն կոնգրեսականների հանդեպ, որոնք քննարկում եւ հավանություն են տալիս 106-րդ բանաձեւին: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԱՄՆ-ն կարող է իր շահերն առաջ տանել միայն այն ժամանակ, երբ հստակ հավատարիմ է մնում ամերիկյան արժեքներին»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Այնպես որ Միացյալ Նահանգներին ավելի դյուրին է հակազդել Թուրքիայի ազդեցությանը:

Իսրայելի վիճակն ավելի բարդ է` նրա վրա ճնշում են գործադրում բոլորը, նույնիսկ ԱՄՆ-ն: Բոլորովին վերջերս Ջորջ Բուշը հայտարարեց, որ իր նպատակն է անկախ Պաղեստինի ստեղծումը: Իսկ Թուրքիան կարծես թե միշտ է դաշնակից եղել: Պարզվեց, որ ոչ այնքան հուսալի, ինչի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատեց այն Թուրքիայի միջնորդության փաստը Սիրիայի եւ Իսրայելի միջեւ: Թուրքական կողմը Իսրայելի ուղերձը փոխանցեց Սիրիային` խաղաղության դիմաց Գոլանի բարձունքները զիջելու պատրաստակամության մասին: Քաթարի «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը «տեղեկացրել է նրան հանուն Սիրիայի հետ խաղաղության իր զորքրը Գոլանի բարձունքներից ետ քաշելու Իսրայելի պատրաստակամության մասին»: Ուղերձը փոխանցվել է Էրդողանին անցած շաբաթ նրա իսրայելցի գործընկեր Էհուդ Օլմերտի հետ: Հոդվածի մեկնաբանություններում ասվում է, որ Թուրքիան միջնորդական դեր է կատարում երկու պետությունների միջեւ նախորդ տարվա ապրիլից: «Ներկա փուլում մեր գլխավոր խնդիրն է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի միջնորդությամբ»,-հայտարարել է Ասադը: Իր հերթին Օլմերտի մամլո քարտուղարը նույնպես հայտարարեց Իսրայելի վարչապետի բանակցություններին պատրաստ լինելու մասին: «Իսրայելը խաղաղության է ձգտում եւ Սիրիայի հետ խաղաղ բանակցությունների: Մենք գիտենք, թե ինչ է ակնկալում Սիրիան նման բանակցություններից, իսկ Սիրիան գիտի, թե ինչ ենք ուզում մենք»: Փաստորեն, Թուրքիան Իսրայելի ձեռքերով առավել սերտ կապեր է հաստատում արաբական աշխարհի հետ, որտեղ մերժում են հրեաների պետության գոյության իրավունքը: Թուրքիան մտադիր է առաջատարի դեր ստանձնել Մերձավոր Արեւելքում, դուրս մղելով ԱՄՆ-ին: Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի վրա ճնշում գործադրելու հարմար միջոց է: Թուրքիայի դիրքորոշումը պարզ է. չեք քննարկի Քնեսեթում, մենք դեռ կմտածենք, արժե արդյոք ձեզ օգնել: Իսկ հակառակ դեպքում` կօգնենք մեր արաբ բարեկամներին վերադարձնել հողերը եւ, առաջին հերթին, Գոլանի բարձունքները:

«Եթե Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, դա դեռեւս չի նշանակում, թե Իսրայելի ժողովուրդը եւս չի ճանաչում Ցեղասպանությունը: Այստեղ զուտ աշխարհաքաղաքական հարցեր են»,-գտնում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնների ժողովարանի ներկայացուցիչ Մարսել Վեյլը: Նման կարծիք ունի նաեւ Ամերիկայի Հայկական համագումարի հասարակության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը, որը ԱՀՀ շրջանակներում աշխատում է ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների հետ: «Հրեաների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին վերջերս էապես փոխվել է: Հրեաները արդեն չեն պնդում Հոլոքոսթի որպես համաշխարհային պատմության բացառիկությունը, նրանք ճանաչում են, որ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն են: Ավելին, չկա ոչ մի լուրջ հրեա գիտնական, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Բարսամյանը:

Բոստոնում գործող Հասարակական կապերի հրեական խորհրդի գործադիր տնօրեն Նեսնի Քաուֆմանի խոսքերով, 20-րդ դարը մարդկության պատմության մեջ կմտնի որպես չարի ու բարու ժամանակ, որպես բազում փոփոխությունների շրջան, որպես ողբերգությունների ու բարեփոխումների շրջան: «Այդ դարի երկու առավել սարսափելի իրադարձություններն էին դարասկզբին թուրքերի գործած Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, որը դարի կեսերին կատարեցին նացիստները: Որպես հաջորդ սերունդների ներկայացուցիչների, մեր պարտքն է պատմել մեր նախնիների մասին, որոնք դարձան այդ ոճրագործությունների զոհը: Այդպիսով մենք վկայություններ ենք տալիս մեր ժողովրդների պատմության սեւ շրջանների մասին: Միայն դա անելով է, որ մենք կարող ենք համոզված լինել, որ մարդիկ երբեք դա չեն մոռանա եւ որ «այլեւս երբե'ք» կոչը չի մնա որպես ձայն բարբառո անապատի»,-ընդգծել է նա` ելույթ ունենալով Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի շենքում` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության հիշատակի եւ ճանաչման:

Աշխարհը փոխվում է, սակայն Թուրքիան համառորեն չի ցանկանում փոխվել նրա հետ միասին: Վաղ թե ուշ Անկարան ստիպված կլինի հաշտվել այն բանի հետ, որ նրա «բերանները փակելու եւ ձեռքերը ոլորելու» քաղաքականությունը հաջողություն չի բերի: