29 ապրիլի 2008 - 19:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել Իրանին ու Ռուսաստանին
Անհասկանալի է, թե բազում չլուծված քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ինչին է պետք ավելորդ գլխացավանքը
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում վերջերս որոշակի լարվածություն է նկատվում, կապված Իրանի հետ, իսկ ավելի ճիշտ Բուշերի ԱԷԿ-ի համար սարքավորումների առաքման հետ: Իրանի առաջին ԱԷԿ-ի համար նախատեսված ջերմամեկուսիչ սարքավորումները մոտ մեկ ամիս առաջ կասեցվեցին Ադրբեջանում: Մարտի 29-ին ադրբեջանցի մաքսավորները Աստարա անցակետում արգելափակեցին Իրանի Բուշերի ԱԷԿ-ի շինարարության համար նախատեսված ջերմամեկուսիչ սարքավորումներով ռուսական ավտոշարասյունը: «Ռոսատոմի» ներկայացուցիչների բանակցությունները Ադրբեջանի կառավարության հետ բեռների ճակատագրի մասին դեռեւս արդյունք չեն տվել:
Սկզբում Թեհրանը որոշել էր չմիջամտել, հայտարարելով, որ իրավիճակը պետք է կարգավորի կայանի կառուցման գլխավոր կապալառուն` ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հոսեյնիի խոսքերով, ռուսական կողմը իր լիազորությունների շրջանակներում ձգտում է որքան հնարավոր է շուտ լուծել այդ խնդիրը: «Մեր հերթին, մենք պահանջեցինք Թեհրանում Ադրբեջանի դեպսանից նույնպես քայլեր ձեռնարկել, որպեսզի սարքավորումները հասցվեն Իրան: Այդ բեռը տեղափոխվում է Իրան միջազգային նորմերի շրջանակներում եւ նրա առաքման համար ոչ մի խոչընդոտ լիենլ չի կարող,-ասել է իրանցի դիվանագետը:

Իրանում Ադրբեջանի դեսպան Աբբասալի Հասանովին կանչել են Իրանի ԱԳՆ այդ բեռների արգելափակման հարցի կապակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն դեսպանին է հաղորդել բողոքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախօրեին Թեհրանը պահանջել է Բաքվից թույլ տալ, որ Բուշերի ԱԷԿ-ի համար նախատեսված բեռները հատեն ադրբեջանա-իրանական սահմանը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը անհրաժշետ փաստաթղթեր չի ներկայացրել, որոնք կպարզաբանեն Բուշերի ԱԷԿ-ի համար առաքվող հատուկ սարքավորումների բնույթը: Ռուսական կողմն, իր հերթին, նշում է, որ բեռը ամբողջությամբ անցել է արտահանման հսկողությունը եւ չի վերաբերում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի պատժամիջոցների պահանջներին` Բուշերի կառույցը զերծ է պատժամիջոցներից: Ավելի վաղ իրավիճակին լավատեղյակ աղբյուրը Մոսկվայում հայտարարել էր ՌԻԱ «Նովոստիին», որ Բուշերի ԱԷԿ-ի համար նախատեսված ոչ միջուկային սարքավորումների համար հարուցած արգելքները հանրապետության իշխանությունների քաղաքական որոշումն է:

Սարքավորումների արգելափակումից հետո «Ատոմստրոյէքսպորտը» պաշտոնական հարցապնդում չի ստացել Ադրբեջանից, ասել են ընկերությունում: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարեց, թե հանրապետությունը հարցապնդումով դիմել է ՌԴ-ին բեռների մասին տեղեկատվության պահանջով:

«Ադրբեջանը կոչ է անում Իրանին զերծ մնալ կտրուկ հայտարարություններից, որոնք հակասում են դիվանագիտական նորմերին: Ոչ մի երկիր իրավունք չունի խոսել Ադրբեջանի հետ վերջնագրի ձեւով: Դա հակասում է Իրանի հետ հարաբերություններին, այդ թվում նաեւ դիվանագիտական եւ էթիկայի նորմերին: Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր օրենսդրության եւ միջազգային կանոնների շրջանակներում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը որոշում կկայացնի ռուսական կողմից իր հարցապնդման պատասխանը ստանալուց հետո:

Ակնհայտ է, որ սկանդալը մեծ արձագանք է ստանում, ստիպելով միջամտել ԱՄՆ Պետդեպարտամենտին: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մըքքորմակի խոսքերով, մարտի 29-ին ադրբեջանա-իրանական սահմանում արգելափակված բեռների թողարկման հարցը պետք է լուծեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունները: «ԱՄՆ-ն հիմքեր չունի կասկածելու, թե արգելափակված բեռները տեղափոխվում են, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը»,-ընդգծել է նա:

Պաշտոնական Բաքվի քայլերը հստակ տեղավորվում են Իլհամ Ալիեւի քաղաքականության մեջ, որն իր երկիրն այնքան ինքնուրույն է համարում, որ կարող է իր պայմանները թելադրել եթե ոչ ամբողջ աշխարհին, ապա Ռուսաստանին ու Իրանին: Ճիշտ է, հասկանալով, որ ոչ մի լավ բանի բեռների կասեցումը չի հասցնի, Բաքուն անմիջապես սկսեց արդարանալ եւ մեղքը գցել ռուսական կողմի վրա, որը համապատասխան փաստաթղթեր չի տրամադրել: Մյուս կողմից, կարելի է հասկանալ նաեւ Ալիեւին` նա ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի հանդեպ ռազմական հարձակման դեպքում: Մեկ բան հաշվի չի առել Բաքուն` միջազգային կանոնները պարտադիր են բոլորի համար եւ ոչ մի ռազմական բյուջե ու նավթ չեն փրկի երկիրը պատժամիջոցներից: Անհասկանալի է, թե բազում չլուծված քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ինչին է պետք ավելորդ գլխացավանքը: Չէ որ, որքան էլ պնդեն ադրբեջանական ԶԼՄ-ները, չափազանց դժվար է ապրել նավթով եւ գազով հարուստ երկրում: Հազիվ թե Իրանի տարբերակով վտարանդի երկրի վիճակը ձեռնատու լինի պաշտոնական Բաքվին, սակայն ժամանակ առ ժամանակ ցանկություն է հայտնվում խաղացնել մկանները: Մյուս կողմից էլ Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ի համար Ադրբեջանը պլացդարմի վերածելը բացասաբար կընկալվի իսլամական աշխարհում, եւ առաջին հերթին, Իրանում եւ Թուրքիայում, որի հետ Ալիեւին շահավետ չէ փչացնել հարաբերությունները: