20 մայիսի 2008 - 21:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Վրաստանի նկրտումները Նորաշեն եկեղեցու հանդեպ ապացուցում են պաշտոնական Թբիլիսիի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ
Վրաստանի անկախացման օրից, երկրի իշխանությունները խոստանում են հայ համայնքին օրենք ընդունել կրոնի մասին, սակայն օրենքը մինչ օրս չկա
Վրաստանի իշխանությունները հավանաբար որոշել են հետեւել ադրբեջանցիների օրինակին եւ սկսել են յուրացնել հայկական ճարտարապետական մշակութային հուշարձանները: Նոր բան այստեղ չկա` այն ժողովուրդը, որն ի վիճակի չէ ստեղծել իրենը, սկսում է յուրացնել օտարինը, չգիտես ինչու կարծելով, թե այն ազգը, որին պատկանում է այս կամ այն հուշարձանը, չի առարկի: Իսկ եթե առարկի, ապա հասարակական մակարդակի վրա: Տխուր եւ ուսանելի է Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու ճակատագիրը, որը դրա վառ ապացույցն է:
Աստվածամոր ավետման Նորաշեն եկեղեցին Թբիլիսիի հայկական մշակութային կոթողների ամենանշանակալի կառույցներից մեկն է, որի գմբեթը պատկանում է բազիլիկների տիպին, իսկ ֆասադները աչքի են ընկնում դեկորատիվ սյունաշարով: Արեւմտյան ֆասադի վերեւում, տանիքի տակ գտնվում է զանգակատան ոչ մեծ ռոտոնդան: Եկեղեցին պատկերազարդել է հայ նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը: Նորաշենի եկեղեցին հիմնադրվել է 1467թ. Սադաթի կողմից: «Հայկական բազար» (այժմ` Լեսելիձեի) փողոցի շինարարության պատճառով, 1924-25թթ. ստեղծվեց հատուկ խումբ, որը քվեարկեց Նորշաենը քանդելու օգտին: Բարեբախտաբար, որոշումը չհաստատվեց եւ եկեղեցին խուսափեց դրանից: 1937թ. Նորաշենը, ինչպես եւ ԽՍՀՄ տարածքի այլ եկեղեցիներ, փակվեց: Հաջորդ տարիներին շենքը օգտագործվում էր որպես արխիվ:

Եկեղեցին «վրացականացնելու» փորձերը սկսվեցին դեռեւս 1989 թվականին: Իսկ 1994-1995 թթ. վրաց եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին քանդեց եկեղեցու խորանը: 1995թ փետրվարի 8-ին վարպետ Պետրոսի պատին արված գրությունները, որոնք պատմում էին 1650թ. գմբեթի վերակառուցման մասին, ոչնչացվեցին: Մյուս հայալեզու գրառումները, երկու խաչքարերն ու 19 դարի երկու հիասքանչ որմնանկարները, որի հեղինակները Հովնաթանյանների դպրոցի ներկայացուցիչներ էին, նույնպես վնասվեցին եւ ոչնչացվեցին: Հայկական զարդաքանդակներով դռները փոխարինվեցին: Սբ.Էջմիածինը ոչ մի կերպ չարձագանքեց դրան: Ավելին, երբ 2001 թվականին վրաց պատրիարք Իլիա Երկրորդը ժամանեց Երեւան, Ամենայն Հայոց կաթողիկոսը նույնիսկ չարծարծեց Վրաստանի հայկական եկեղեցիների հարցը:

Նույնն էլ այժմ է կատարվում: Սուրբ Էջմիածնի սինոդը նիստ չի գումարում Նորշաենի եկեղեցու առիթով եւ չի էլ պատրաստվում: «ՀԱԵ-ն ձեռնարկեց բոլոր քայլերն, ուղղված նրան, որ հայկական եկեղեցին մնա ՀԱԵ-ի վրացական թեմի իրավասության տակ: Մենք արել ենք այն ամենն, ինչ հնարավոր էր, այժմ հերթը պետությանն է»,-հաղորդել է տեղեկացված աղբյուրը: Ոչ մի հարցապնդումների Սբ.Էջմիածինը չի պատասխանում, կարծես թե Թբիլիսիի հայկական եկեղեցին իրոք պատկանում է վրաց եկեղեցուն: Փաստորեն, եթե գործերն այսուհետ եւս այդպես ընթանան, ապա Նորաշենն իրոք վրացական եկեղեցի կդառնա: Հազիվ թե վրաց հոգեւորականը համարձակվեր նման սրբապղծության, եթե չունենա վերեւների թույլտվությունը եւ համոզվածությունը, որ հայ եկեղեցին առանձնապես չի բողոքի:

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, վրաց ղեկավարության ոտնձգությունը հերթական հայկական եկեղեցու վրա մեկ անգամ եւս ապացուցում է պաշտոնական Թբիլիսիի թշնամական վերաբերմունքը ոչ միայն հայկական պետության, այլ նաեւ հայ ժողովրդի, նրա ազգային մշակութային եւ կրոնական հուշարձանների հանդեպ: «Այդ կոպիտ քայլերը Թբիլիսիի հայկական եկեղեցիների հանդեպ շարունակվում են արդեն տարիներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու լիակատար անգործության ֆոնի վրա եւ ըստ էության կաթողիկոսի անտարբերության ֆոնի վրա թիֆլիսահայերի եւ Ջավախքի հայության կրոնական խնդիրների վրա: Հայկական Նորաշեն եկեղեցու կորուստը կհանգեցնի Թբիլիսիի հայկական համայնքի կորստին: Իսկ մայրաքաղաքի հայերի ճակատագրին կհաջորդի Ջավախքի վեջնական անկումն ու հայաթափումը: Մենք հուսով ենք, որ Գարեգին Երկրորդը իրեն կդրսեւորի որպես բոլոր հայերի իսկական կաթողիկոս եւ խաբված ու լքված չի թողնի նրանց այս ծանր պայքարում: Առավել եւս, որ Սբ.Նորաշեն եկեղեցու կորստի մեղքը կկրի հենց Ամենայն Հայոց կաթողիկոսը»,-գտնում է Մելիք-Շահնազարյանը:

Իր հերթին, Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնի` ՎՀՀԿ-ի նախագահ Կարեն Էլչյանը հաղորդեց, որ շինարարական աշխատանքները Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու բակում դադարեցվեցին մայիսի 18-ին, Վրաստանի հայ համայնքի միջամտությանից հետո: «Սակայն հարցը դեռեւս «օդում է կախված»: Վրաստանի անկախացման օրից, երկրի իշխանությունները խոստանում են հայ համայնքին օրենք ընդունել կրոնի մասին, սակայն օրենքը մինչ օրս չկա: Կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու, կարող են գրանցվել միայն որպես ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպություններ: Այդպիսով, Վրաստանում փաստորեն գույություն ունի մեկ եկեղեցի` վրաց ուղղափառ եկեղեցին: Այս վիճակը դեռեւս չի ստացել իրավաբանական ձեւակերպում, սակայն, կարծում եմ, դա տեղի կունենա մոտ ապագայում»,-ընդգծել է Էլչյանը: Նա նաեւ նշել է, որ եթե Վրաստանի իշխանություններն ու Հայ Առաքելական եկեղեցին միջոցներ չձեռնարկեն հայկական եկեղեցիների «վրացականացման» դեմ, ապա ՎՀՀԿ-ն ստիպված կլինի քայլեր ձեռնարկել, որոնք կթելադրի իրավիճակը: Ճիշտ է, թե կոնկրետ ինչպես դա կարտահայտվի, Կարեն Էլչյանը չասաց: «Թբիլիսիում ընդամենը 6 հայկական եկեղեցի կա, որոնցից երկուսն են գործող` սբ.Գեւորգն ու սբ.Աստվածածինը Հավլաբարում: Եթե մենք կարողանանք պաշտպանել Նորաշենը, մենք կունենանք երեք գործող եկեղեցի»,-ասել է նա` հավելելով, որ հայկական եկեղեցիները մինչ այժմ չեն վերադարձվել օրինական տիրոջը` ՀԱԵ-ին:

Սակայն ՀԱԵ վրացական թեմը ոչ մի իրավաբանական կարգավիճակ չունի: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ եթե թեմի առաջնորդը պահանջի վերադարձնել եկեղեցին, ապա իրավական տեսակետից դա ուղղակի անհնար է: Նորաշենի, ինչպես նաեւ Վրաստանի այլ պատմա-մշակութային հուշարձանների հետ կապված պատմությունը հակասում է պաշտոնական Թբիլիսիի հռչակած բարեկամության եւ բարիդրացիական հարաբերություններին Հայաստանի հետ: Իրոք, հակասությունները Հարավային Կովկասի երկու քրիստոնյա պետությունների միջեւ ոչ այլ ինչ են քան նոնսենս: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վրաստանը միշտ է հակված եղել դեպի իսլամական աշխարհը, ինչը հաստատում են ամրապնդվող կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: