31 մայիսի 2008 - 19:41 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի բացարձակ մեկուսացումն է տարածաշրջանային նախագծերից
ԱՄՆ-ի ձգտումը հնարավորինս արագ դուրս մղել Ռուսաստանին Կովկասից եւ ստանալ Կասպից ծոցի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների նկատմամբ ողջ վերահսկողությունը առաջին հերթին հարվածում է Հայաստանին
Ադրբեջանը ներդնում է ողջ ջանքերը Հայաստանի բացարձակ մեկուսացման համար տարածքային տրանսպորտային նախագծերից: Դրա հերթական հաստատումը դարձավ երեկ Բաքվում անցած ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովը, որի ժամանակ նորից բարձրացվեց նոր տրանսպորտային միջանցքների կառուցման հարցը: Այս անգամ հնչեցվեց Սեւ ծովից Հարավային Կորեա երկաթուղու նախագիծը:
Այդ նախագծի նախաձեռնողը Ուկրաինան է, որը չի բացառում նախագծում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ընդգրկումը: Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Բորիս Կլիմչուկի խոսքերով, ապագայում այդ երթուղին կարող է միանալ Մետաքսի ճանապարհին, եւ հասնել Հարավային Կորեա:

Պետք է ասել, որ Բաքվի ջանքերը դեռեւս որոշ հաջողություններ են բերում, ինչը բացատրվում է բոլոր այդ նախագծերի քաղաքական բաղկացուցիչի գերակայությամբ: Տնտեսությունն այս դեպքում վստահորեն երկրորդ տեղում է: Եւ քանի որ Հայաստանը քաղաքական տեսանկյունից հետաքրքիր չէ հիմնական խաղացողներին, ապա նախընտրությունը, բնականաբար, տրվում է Վրաստանին եւ Ադրբեջանին: Կա նաեւ Թուրքիայի կարեւոր գործոնը, որը ձգտելով դառնալ տարածաշրջանային գերտերություն, սկսում է թելադրել խաղի իր կանոնները, որոնք համահունչ են ամերիկյանին: Հենց այդ համատեքստում արժէ դիտարկել հունիսի սկզբում սպասվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Նախիջեւանի ինքնավար հանրապետություն: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, այցելության ընթացքում թուրք վարչապետը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերը, ինչպիսիք են Կարս-Ախալքալաք երկաթգծի եւ Էրզրում-Նախիջեւան գազատարի կառուցումը:

Հայաստանի մեկուսացման մեջ իր կարեւոր լուման ունի նաեւ Վրաստանը, որն ակտիվորեն մասնակցում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման գործին, որն արդեն անվանում են Բաքու-Անկարա: Հայաստանը, անկախ իրենից, դառնում է իր քաղաքականության գերին, որը հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան` որպես անվտանգության երաշխավոր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերականգնման դեպքում կամ, Աստված չանի, հայ-թուրքական սահմանին լարվածության դեպքում: Չնայած, վերջինը քիչ հավանական է, սակայն նման զարգացումը չարժէ ընդհանրապես բացառել: ԱՄՆ-ի ձգտումը հնարավորինս արագ դուրս մղել Ռուսաստանին Կովկասից եւ ստանալ Կասպից ծոցի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների նկատմամբ ողջ վերահսկողությունը առաջին հերթին հարվածում է Հայաստանին: Ճիշտ է, անգամ եթե Երեւանը փոխի արտաքին քաղաքականության գերակայությունները, որեւէ արաշխիք չկա, որ նույն ԱՄՆ-ն կփոխի երկաթգծերի կամ խողովակատարերի երթուղիները: Միակ բանը, որը կարող է փոխել խողովակատարի երթուղին, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների ակտիվացումն է նավթագծերի ճանապարհին:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ ռուսական նախագծերում եւս` «Հարավային հոսք» կամ «Հյուսիս-Հարավ», Հայաստանին գրեթե ոչինչ չի սպասվում: Ի դեպ, ԱՄՆ-ի կառավարության մերժումը Կարս-Բաքու ճանապարհի ֆինանսավորման հարցով, պայմանավորված է ոչ թե Հայաստանի նկատմամբ համակրանքով, այլ պարզ պրագմատիզմով: Մի բան է, գումարներ ներդնել նավթատարերի նախագծերում, այլ բան է խնդրահարույց երկաթուղին, որի շահույթը, չնայած Բաքվի հավաստիացումներին, բավական կասկածելի է:

Ամեն բան ընտիր չէ նաեւ այդքան շատ գովազդվող Nabucco նախագծի հետ: Nabucco gaz pipeline International-ը հայտարարել է Nabucco գազատարի կառուցման ծախսի մեծացման մասին գրեթե 1,5 անգամ` գինը հասցնելով 7,9 մլրդ-ի: Նախագծի պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդագրության մեջ ասվում է, որ Nabucco ծրագրի արժեքը աճել է նավթի եւ պողպատի գների աճի հաշվին: Նախագծի կոնսորցիումը վերանայել է ծախսերը նյութական մատակարարման հիման վրա: Ըստ նոր գնահատումների, նախագծի համար անհրաժեշտ է 2 մլն. տոննա պողպատ, 200 հազ. խողովակ եւ ավելի քան 30 այլ հատուկ պարագաներ: Nabucco-ի գազատարով Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից գազ է մատակարարվելու Եվրամիության երկրներ: Կենտրոնական Ասիայից Nabucco գազը կարող է մատակարարվել ծրագրվող Տրանսկասպից գազատարով, որը կանցնի Կասպից ծովի հատակով: Խողովակատարը ծրագրվում է կառուցել մինչեւ 2012 թվականը: Գազի առաջին մատակարարումները ծրագրվում է իրականացնել արդեն 2013 թվականին: Եթե խողովակը կառուցվի մինչեւ այդ ժամկետը: Նավթի գների աճը կշարունակվի, դոլարի գինը դեռ ընկնում է, եւ համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում նախագիծը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցմանը նախորդել են 10-ամյա բանակցությունները, եւ եթե չլիներ Հեյդար Ալիեւը, այն այդպես էլ չէր կառուցվի: Ադրբեջանի ներկայիս նախագահը, ի հաջողություն կամ ցավոք, չունի ոչ հոր կապերը, ոչ էլ վերջինիս հեռատեսությունը: