10 հունիսի 2008 - 21:18 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան կարող է հայտնվել խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ
Բանակն ու թուրքական բուհերի ղեկավարությունը միանգամայն հիմնավորված մտավախություններ ունեն իսլամի տարածման առումով եւ, որպես հետեւանք, Թուրքիայի համար «Իրանի ուղու» հավանականության վերաբերյալ
Թուրքիան կարող է հայտնվել խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ, եւ դա կարող է տեղի ունենալ արդեն աշնանը: Ձեւական պատճառը Թուրքիայի ՍԴ որոշումն է հիջաբի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Այդ օրենսդրական ակտը չեղյալ հայտարարելը պնդում էր ընդդիմությունը, մասնավորապես, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (DNP), որը մեղադրում է Էրդողանի կառավարությանը աշխարհիկ երկիրը տեոկրատական պետության վերածելու ձգտման մեջ:
DNP-ի մտավախությունը կիսում են համալսարաններն ու բանակը, որը քեմալիստների հենարանն է երկրում: ՍԴ-ի 11 անդամներից 8-ը քեմալիստներ են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) եւ անձամբ նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի համար: Շուտով ՍԴ-ն ձեռնամուխ կլինի ԱԶԿ-ն փակելու վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցի քննարկմանը, ինչն իրոք խորը քաղաքական ճգնաժամ կառաջացնի երկրում: Ըստ Էրդողանի, ՍԴ-ի կայացրած որոշումն «անհաջող է»: «Դատարանը պետք է պարզաբանի այդ որոշման կայացման պատճառները, ինչպես նաեւ այն դրդապատճառները, որոնցով ղեկավարվել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս»,-հայտարարել է Էրդողանը խորհրդարանում: Ամենահետաքրքիրը Էրդողանի ելույթում այն էր, որ հենց Սահմանադրությունը թույլ չի տալիս իսլամիստներին իշխանության գլուխ անցնել: Սակայն պետք չէ մոռանալ, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամ է դավանում եւ հենց նրանք էլ քվեարկել են Օսմանյան կայսրության արժեքներին վերադառնալու օգտին, բնականաբար, հաշվի առնելով ժամանակը:

Բանակն ու թուրքական բուհերի ղեկավարությունը միանգամայն հիմնավորված մտավախություններ ունեն իսլամի տարածման առումով եւ, որպես հետեւանք, Թուրքիայի համար «Իրանի ուղու» հավանականության վերաբերյալ: 70 տարուց ավելի է, ինչ Թուրքիան փորձում է պետության աշխարհիկ մոդել կառուցել, սակայն երբեք իսլամիստների ճնշումն այդքան ուժեղ եւ սպառնալից չի եղել: Հիշենք, որ երկրի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն ընտրվեց երրորդ փորձից եւ եթե չլիներ ԱԶԿ-ի սահմանդրական մեծամասնությունը խորհրդարանում, դեռեւս անհայտ է, թե ինչպես ամեն ինչ կդասավորվեր:

Սկզբունքորեն, ԱԶԿ-ն կարող է արտահարեթ խորհրդարանական ընտրությունների գնալ եւ հավանականության մեծ տոկոսով հաղթել: Այն ժամանակ իրոք հնարավոր կլինի ասել, որ Էրդողանը վերադարձրեց Թուրքիային դեպի իսլամ եւ սկսեց նոր Օսմանյան կայսրության կառուցումը: Հավանաբար, հենց դա է իսլամիստների նպատակը: Սակայն չափազանց կարեւոր ասպեկտ, որը երբեք չի կարելի անտեսել: Թուրքական բանակն, ըստ Աթաթուրքի, Սահմանադրության եւ աշխարհիկության երաշխավորն է, եւ նա կպայքարի մինչեւ վերջ: Չնայած բոլոր բարեփոխումներին եւ ձգտմանը ԵՄ-ին, Անկարայի արտաքին քաղաքականությունը որոշում է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Հենց նա է որոշում, ինչ անել Թուրքիայի հետ, ինչպես կառուցել հարաբերությունները Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների հետ: Ի վերջո, հենց Գլխավոր շտաբն է որոշում, թե պետք է Թուրքիան անդամակցի Եվրամիությանը թե ոչ: Իսլամիստների գալով զինվորականների դիրքերը մի փոքր խարխլվեցին եւ այժմ նրանք, օգտագործելով ՍԴ-ն, ցանկանում են իրավիճակը շրջել իրենց կողմը: Դեռեւս դա հաջողվում է: Ի վերջո, կա արդեն փորձված մեխանիզմ` զինվորական հեղաշրջում, եւ Էրդողանը իրադարձությունների զարգացման այդ սցենարի մասին բոլորից լավ գիտի` նա արդեն նստել է բանտում իր հայացքների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա համար, սկզբունքորեն, Թուրքիայի ոչ մի կառավարություն, լինի այն աշխարհիկ թե իսլամիստական, համարձակություն չի ունենա ճանաչել պատմությունն ու երկխոսություն սկսել: Երբ թուրքական հասարակությունը պատրաստ կլինի դրան, ոչ ոք չգիտի: Կրկնենք, բանը «եղբայրական» Ադրբեջանը չէ եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղը: Բանը նրանում ն է, որ Հայաստանը ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ Հայոց ցեղասպանության հարցն է: Եվ մեկը, եւ մյուսը Անկարայի համար անընդունելի է: Հայաստանին մնում է միայն հետեւել իրավիճակին: Միեւնույն ժամանակ հարկավոր չէ անտեսել այն փաստարկը, որ Հայաստանը սահմանափակում է Թուրքիայի լիակատար ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա: