14 հունիսի 2008 - 17:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Մեծ Բրիտանիան միշտ մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել նավթ արտահանող երկրների հանդեպ
Ադրբեջանում իրոք պատերազմ են ցանկանում` ոչ թե տնտեսական «վերելքի», այլ բնակչության մեծամասնության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով
Ադրբեջանական քարոզչական մեքենան գնալով թափ է առնում: Բաքուն դիմում է Արեւմուտքի լավ վարձատրվող լրագրողների եւ վերլուծաբանների օգնությանը, որոնք սետղծում են «բարգավաճող եւ ժողովրդավարական Ադրբեջանի» իմիջը: Հունիսի 7-ին բրիտանական The Guardian թերթում հրապարակվել էր Ալեքսանդր Պետերսոնի հոդվածը ղարաբաղյան հակամարտության մասին, որտեղ հեղինակը շարադրում է ադրբեջանական դիրքորոշումը, բոլորովին հոգ չտանելով այն մասին, որ այն համապատասխանի իրականությանը:
Պետերսոնի հոդվածը իրոք վիրավորական է Հայաստանի, ԼՂՀ-ի, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Հոդվածում նշվում է, որ «թեեւ Լեռնային Ղարաբաղն անկախ է համարվում, առանց Հայաստանի օգնության այն երբեք չի կարողանա գոյություն պահպանել, եւ բոլոր գրավյալ տարածքները միջազգային հանրության կողմից ճանաչված են որպես ադրբեջանական տարածքներ»: Ըստ Պետերսոնի, Լեռնային Ղարաբաղի տարածքը վերածվել է «բազում տրանսազգային սպառնալիքների աղբյուրի»: «Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլ նաեւ եվրոպական երկրների քաղաքացիների համար: Բացի այդ, այդ իրավիճակը պայմաններ է ստեղծում թմրանյութերի ապօրինի շրջանառության, մարդկանց առեւտրի, կեղտոտ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության տարածման համար: Այդ կապակցությամբ, ինչպե ՆԱՏՕ-ի ուժերը, որ պայքարում են նման վտանգների դեմ Աֆղանստանում, այնպես էլ Եվրամիությունը պետք է լուրջ ջանքեր գործադրեն նման սպառնալիքները չեզոքացնելու համար իրեն մոտ գտնվող տարածաշրջանում»,-գրում է նա:

Հեղինակը հիշեցնում է, որ Ֆրանսիան, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն է, պետք է նախապատրաստի Եվրոպայի ճանապարհային քարտեզը հակամարտության խաղաղ կարգավորման համար, քանի որ ԵՄ-ի հերթական նախագահը հենց Ֆրանսիան է լինելու: Այդ կապակցությամբ պաշտոնական Փարիզը պետք է ԵՄ օրակարգում ընդգրկի հակամարտության կարգավորման հետ կապված հարցը: «Եվրոպան պարտավոր է դաս քաղել բալկանյան հակամարտությունից եւ հնարավորություն չտալ, որպեսզի նման իրադարձությունները կրկնվեն: Միաժամանակ չպետք է թույլ տալ, որպեսզի պահպանվի ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ ստեղծված անորոշ եւ վտանգավոր ստատուս-կվոն: Եվրոպան պետք է հասկանա, որ անտարբերությունը հարեւան տարածաշրջանում գտնվող հակամարտության հանդեպ կնշանակի տրանսազգային սպառնալիքների աճ»,-ընդգծում է բրիտանացի լրագրողը:

Նման հոդվածի հայտնվելը հենց բրիտանական թերթում պատահական չէ: Մեծ Բրիտանիան միշտ է աչքի ընկել բարձր հանդուրժողականությամբ նավթ արտահանող երկրների հանդեպ` լինի դա Ադրբեջանը թե Իրաքը: Հենց Իրաքի նավթի հսկայական պաշարները դրդապատճառ հանդիսացան անկախ Իրաքի ստեղծման համար Օսմանյան կայսրության փլուզումից հետո` բրիտանական հետախուզության ձեռքերով ի դեմս Լուորենս Արաբացու: Այնպես որ ոչ մի նոր բան այդ հոդվածում չկա, ուղղակի Իրաքի փոխարեն Ադրբեջանն է: Նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ-ի մասին, որտեղ նավթային լոբբին միանգամայն հաջող է գործում, աչք փակելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների վրա:

Հոդվածի պատասխանը հնչեց ոչ թե Երեւանից, ինչպես կարելի էր ակնկալել, այլ բարոնուհի Քերոլայն Քոկսից: The Guardian-ի խմբագրին հղած նամակում նա գրում է. «Ես անցած շաբաթ եմ եղել Լեռնային Ղարաբաղում եւ կարող եմ անձամբ պատասխանել այն մեղադրանքներին, թե «Ղարաբաղը սեւ փոս է, որտեղ զենք, թմրանյութեր, եւ մարդկանց են վաճառում, փողեր լվանում եւ կա կազմակերպված հանցավորություն»: Ստացվում է, որ հերոինի վաճառքը Լոնդոնի փողոցներում, զենքի վաճառքը Փարիզի արվարձաններում, անչափահաս մարմնավաճառուհիները Բեռլինում հայտնվում են Ղարաբաղի նման հակամարտող գոտիներից: Նման մեղադրանքները վիրավորական են: Ղարաբաղի հայերը պաշտպանել են իրենց հայրենիքը Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումներից դաժան պատերազմի ընթացքում, որը տեւել է 1991-1994 թթ. եւ դա արտացոլված է լավ հայտնի փաստաթղթերում: Ղարաբաղում ընթացող պատերազմի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները պատերազմել են Ադրբեջանի կողմից հայերի դեմ, որոնք այժմ վերականգնում են ավերված երկիրը ժողովրդավարական սկզբունքներին համաձայն: «Իմ նամակի նպատակն է հերքել այն վիրավորական եւ անհեթեթ մեղադրանքները, որ հրապարակել է ձեր թերթը»,-ասվում է բարոնուհի Քոկսի նամակում:

Հասկանալի է, որ Հայաստանը չունի այն ֆինանսական ռեսուրսները, որ ունի Ադրբեջանը քարոզչության համար: Սակայն անուշադրության մատնել նման հոդվածները, որոնք գնալով ավելի հաճախակի կդառնան, ուղղակի անհեռատեսություն կլիներ: Հայաստանն արդեն այն օրին է հասել, որ ստիպված է Բաքվից «խորհուրդներ» լսել այն մասին, թե «հարկավոր է հրաժարվել ի դեմս ադրբեջանցիների եւ թուրքերի թշնամու կերպարի ստեղծման քաղաքականությունից»: «Հայաստանի գործընկերներն, առաջին հերթին, կարող են լինել Ադրբեջանն ու Վրաստանը, իսկ հեռանկարում Թուրքիան: Ուստի ես կոչ արեցի հայկական կողմին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանի զարգացման հեռանկարին: Այդ հեռանկարներում Հայաստանը չկա: Հաշվի առնելով Ադրբեջանի զարգացումը, ռազմական ասպարեզում եւս Երեւանը հեռանկարներ չունի»,-գտնում է միլի մեջլիսի պատգամավոր, Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն:

Ցավոք, հայկական կողմի պատասխանը դեռեւս չկա, եւ հավանաբար, չի էլ նախատեսվում: Հնարավոր է, որ պաշտոնական Երեւանն անում է ինչ-որ հայտարարություններ, սակայն դրանք չգիտես ինչու մամուլին չեն հասնում: Ի՞նչ Է սա` իր դիրքորոշումը չարտահայտելու ցանկություն, թե ուղղակի անտեսում` ինչ ուզում են, թող ասեն, միեւնույն է, ճշմարտությունը մեր կողմն է: Սա թույլ մխիթարանք է, քանի որ Ադրբեջանում իրոք պատերազմ են ցանկանում` ոչ թե տնտեսական «վերելքի», այլ բնակչության մեծամասնության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով: Բնական է, աղքատների համար պատերազմը գոյատեւելու լավագույն միջոցն է եւ ադրբեջանական իշխանությունները դրանից հիանալի օգտվում են: Թե որքան հեռուն նրանք կգնան, դեռեւս կարելի է միայն գուշակել, սակայն մեկ բան ակնհայտ է` տեղեկատվական պատերազմը Հայաստանը գրեթե տանուլ է տվել: