8 հուլիսի 2008 - 21:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Տարածաշրջանում խաղաղությունը թելադրում են նավթի գները
Իրանի ԱԳՆ ղեկավարը բացառում է զինված հարձակման հնարավորությունը ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից, ինչպես նաեւ ցանկացած ռազմական գործողությունների հնարավորությունը տարածաշրջանում մինչեւ 2009 թվականի հունվար
Իրանական թեման դարձել է առաջնայիններից մեկն աշխարհում: Դրան են նպաստում մի քանի գործոններ: Առաջիններից մեկը, սակայն ոչ ամենալուրջը ԱՄՆ-ի նախագահ Բուշի ձգտումն է «արժանապատվորեն» ավարտել իր նախագահությունը Սպիտակ տանը: Իրաքի նմանությամբ հնարավոր տապալման մասին դեռեւս ոչ ոք նախագահի վարչակազմում չի խոսում, սակայն իրադարձությունների նման շրջադարձը միանգամայն հնարավոր է եւ նույնիսկ կանխատեսելի: Իրանի, նրա միջուկային ծրագրի եւ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների շուրջ ստեղծվող տեղեկատվական ֆոնը, հիշեցնում է նմանատիպ ֆոնը Իրաք ամերիկյան զորքերի ներխուժման նոխօրեին 2003 թվականին:
Սակայն ամերիկացի գեներալները հայտարարում են երրորդ ճակատի բացման անհնարինության մասին: Այդպես, օրերս ԱՄՆ ԶՈԻ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, ադմիրալ Մայքլ Մալլենը նշել է, որ Իրանի դեմ գործողությունը «շատ ծանր» կլիներ ԱՄՆ-ի ԶՈՒ համար:

Կրակին յուղ լցրեց Իսրայելը, որը «չի բացառում ուժի կիրառման հնարավորությունը, ստիպելու համար Թեհրանին հրաժարվել ուրանի հարստացման աշխատանքներից»; Թել Ավիվին կարելի է հասկանալ` Իրանի «Շահաբ» հրթիռները հեշտությամբ հասնում են սահմանին եւ նույնիսկ Իսրայելի Նաթանզեի միջուկային կենտրոնին: Մինչդեռ, Իրանի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը բացառում է զինված հարձակման հնարավորությունը ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից, ինչպես նաեւ ցանկացած ռազմական գործողությունները տարածաշրջանում, մինչեւ 2009 թվականի հունվար: Պարբերաբար նման լուրերն շրջանառվում են ԶԼՄ-ներում, ավելացնելով շուկայի մտավախությունները Պարսից ծոցում հնարավոր անկայունության հարցում եւ նպաստելով նավթի գների աճին:

Իրանի ԱԳՆ ղեկավարն իր դիրքորոշումը պատճառաբանեց նրանով, որ Իսրայելը, ըստ նրա, դեռեւս չի «ապաքինվել» 2006թ. Լիբանան ներխուժելուց հետո: «Իսկ ԱՄՆ-ն դեռեւս չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը սկսել իր հարկատուների միջոցներով»,-ասել է Մոթթաքին: Ընդ որում դիվանագետը նշել է, որ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցները, որոնք կոչ են անում երկրներին հրաժարվել Թեհրանի հետ ռազմական համագործակցությունից, ոչ մի կերպ չեն խարխլել երկրի պաշտպանունակությունը: «Մեր երկիրը ինքնաբավ է ռազմական-պաշտպանական առումով»,-ընդգծել է Մոթթաքին:

Թեհրանի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացրել է, որ առաջիկայում կպատասխանի «վեցյակի» նոր առաջարկներին Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ, որոնք հիմք են տալիս հուսալու, որ պայմանավորավծություն ձեռք կբերվի: Մոթթաքին նշել է, որ փաստաթուղթը հաստատում է իր երկրի իրավունքը օգտագործել ատոմը խաղաղ նպատակներով:

Իր հերթին Իրանի նավթի նախարար Գոլյամ Հոսեյն Նոզարին հայտարարել է, որ «նավթի գներն անկանախտեսելիորեն կաճեն Իրանի դեմ ագրեսիայի դեպքում»: «Իրանի դեմ ցանկացած հարձակում հստակ պատասխան կստանա: Նույնիսկ հայտարարությունն Իրանի դեմ ագրեսիայի հնարավորության մասին նպաստում է նավթի գների տատանումներին 10-15 դոլարի ամպլիտուդով, սակայն եթե ինչ-որ մեկը որոշի հարձակվել Իրանի վրա, ապա «սեւ ոսկու» արժեքն անկանխատեսելի կդառնա»,-համոզված է նա:

Այդ կապակցությամբ Նոզարին նշել է, որ ռազմավարական Օրմուզի նեղուցի անվտանգությունը, որով անցնում է Պարսից ծոցում արդյունահանվող նավթի 80 տոկոսը, մտնում է տարածաշրջանի երկրների պատասխանատվության ոլորտի մեջ, եւ Իրանը, լինելով հզոր տերություն, առանցքային դեր է կատարում այստեղ»,-համոզված է նա:

«Հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հարկավոր է դիտարկել հետեւյալ տեսակետներից` դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական: Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկա-իրանական հարաբերությունները նոր փուլ մտան: ԱՄՆ-ն արշավ սկսեց ընդդեմ Թալիբան շարժման Աֆղանստանում, ինչը շահավետ էր Իրանի պետական շահերի համար: Այնուհետեւ սկսվեց ահաբեկչության դեմ պայքարը: Ճիշտ է, Իրանը ԱՄՆ-ի կամքով հայտնվեց «չարիքի առանցքում»: Ամերիկացիների սխալ կառավարումը հետպատերազմյան Իրաքում նպաստում է Իրանի կայացմանը որպես տարածաշրջանային տերության: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա դա ազգային հպարտության հարց է եւ պատասխան է Իսրայելի, հնարավոր է նաեւ Պակիստանի ու Հնդկաստանի միջուկային սպառնալիքին»,-հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նա նաեւ գտնում է, որ Իրանի վիճակը նման է Հայաստանի վիճակին` փաստորեն այս երկու երկրները գտնվում են մեկուսացման մեջ եւ ձգտում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակմանը` ամերիկացի փորձագետը նշել է, որ այն անարդյունավետ կլինի: «Ամերիկյան բանակը չափազանց շատ է զբաղված Իրաքով ու Աֆղանստանով, նրա տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են: Սակայն ամենակարեւորն այն է, որ հարձակման դեպքում Իրանում կբարձրանա ազգային դիմադրության ալիք` դիմակայելու համար Ամերիկային, եւ նույնիսկ ընդդիմությունը կպաշտպանի հայրենիքը»,-ընդգծել է Jane' s-ի փորձագետը:

Նա գտնում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այժմ հետեւյալում է` խոչընդոտել Իրանի ազդեցության աճին Իրաքում, ինչը, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ շիաներին զենք է մատակարարում «Հեզբոլլահ» կազմակերպությունը: «Միեւնույն ժամանակ Իրանը չափազանց լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար: Վաշինգտոնում արդեն սկսել են համարել, որ Իրանի հետ ավելի լավ է խոսել, քան սպառնալ նրան: Սակայն այժմյան նախագահի վարչակազմը նման քայլերի պատրաստ չէ: Ես հուսով եմ, որ Սպիտակ տան հաջորդ տերը կլինի Բարակ Օբաման, որը կարող է փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հարցում»,-ասել է Գիրագոսյանը` հավելելով, որ Հայաստանը ռազմավարական հնարավորություն ունի կամուրջ դառնալու մի կողմից Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ: «Այդ առումով Ադրբեջանը չի դիտարկվում, քանի որ նա լուրջ խնդիրներ ունի Իրանի հետ: Այդ հեռանկարը Հայաստանի համար չափազանց կարեւոր է եւ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լիովին օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից»,-նշել է Գիրագոսյանը: