17 հուլիսի 2008 - 20:54 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՈՒԱՄ-ը հիմնված է Ադրբեջանի եւ Միխաիլ Սահակաշվիլու հավակնությունների վրա
Ադրբեջանն ու Վրաստանը, կարծես պայմանավորվելով, գրեթե սինխրոն են գործում կարգավորման հարցերում
Ահագնացող էներգետիկ ճգնաժամի պայմաններում, որը կապված է նավթի եւ գազի կտրուկ թանկացման, ինչպես նաեւ Արեւմուտքում տնտեսական անկման հետ, ՎՈՒԱՄ-ի երկրները որոշել են ակտիվացնել իրենց քաղաքական գործունեությունը, հերթական անգամ «սաեռցված հակամարտությունների» մասին բանաձեւ ներկայացնելով ՄԱԿ: Բնականաբար, դա արվեց Ադրբեջանի հրահրմամբ, որը կազմակերպությունում առաջին դերն է ստանձնել բացառապես իր հումքային հարստությունների շնորհիվ: Վրաստանն ու Ուկրաինան կարող են տարանցիկ երկրներ դառնալ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առաքման համար, իսկ Մոլդովան...Մոլդովայի հարցը մի փոքր այլ է:
Հադսոնի ինստիտուտի ավագ փորձագետ Ռոբերտ Վեյտցի կարծիքով, ՎՈՒԱՄ-ի երկրների կենտրոնական աշխարհագրական դիրքը Կասպից, Սեւ եւ Բալթիկ ծովերի միջեւ ամրապնդում է նրանց էներգետիկ ներուժը: «Չնայած ՎՈՒԱՄ-ի դերի բարձրացմանը էներգետիկայում, կազմակերպությունը տառապում է մի քանի թուլություններից, որոնք շարունակում են սահմանափակել նրա ներուժն այդ եւ մյուս ոլորտներում: Անդամ երկրների կառավարությունների առաջին խնդիրն է դիմակայել փաստացի եւ պոտենցիալ անջատողական շարժումներին, որոնք բարդացնում են դեպի եվրաատլանտյան միավորումներն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, առաջ ընթանալու նրանց ջանքերը: Երկրորդը` ռուսական պաշտոնյաները չեն սիրում ՎՈՒԱՄ-ը, այն դեպքում, երբ ԵՄ բազում երկրներ շարունակում են անտեսել այդ հակակրանքը: Երրորդը, ՎՈՒԱՄ երկրները կամ չափազանց մեծ կախում ունեն ռուսական էներգիայից կամ, ինչպես Ադրբեջանի դեպքում, հույսները դնում են ռուսների կողմից կառավարվող խողովակաշարերի վրա նրանց նավթի եւ գազի մի մասի արտահանման համար: Չորրորդ խնդիրն այն է, որ ՎՈՒԱՄ-ի անդամները խոցելի են մնում էներգիայի ռուս առաքողների եւ ռազմաքաղաքական միավորումների ճնշումների համար, որոնք կապեր ունեն տարածաշրջանային անջատողականների հետ: Եվ, վերջապես, կազմակերպությունը տառապում է բազմաճյուղ ներքին եւ արտաքին քաղաքականությունից»,-գրում է Վեյտցը:

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այն փաստը, որ նախագահ Վլադիմիր Վորոնինը բաց է թողնում արդեն թվով երրորդ գագաթնաժողովը եւ բանակցություններ է սկսում Ռուսաստանի հետ Մերձդնեստրի կարգավիճակի մասին, որոշակի մտորումներ է առաջացնում: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովի խոսքերով ՎՈՒԱՄ-ն ի սկզբանե արհեստական կազմակերպություն է եղել: «Ներկայումս Մոլդովան գնալով ավելի է հակվում Ռուսաստանի կողմը: Ուկրաինայում լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են փոխել նրա արտաքին քաղաքականությունը: Մնում են Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց ոչինչ չի միավորում: ՎՈՒԱՄ-ի կողմից ես լուրջ վտանգ չեմ տեսնում Ռուսաստանի համար, դա զուտ քարոզչական ակցիա է: Կազմակերպությանն անդամակցող պետություններին հակամարտությունների կարգավորումը ամենաքիչն է հետաքրքրում»,-ասել է Ալեքսանդրովը: Իրոք ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չեն կարող կարգավորել իրենց հակամարտությունները, հույսները դնելով միայն սպառազինության աճի վրա, հավելելով սպառնալիքներն ու շանտաժն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային հանրության հասցեին: Ավելին, Ադրբեջանն ու Վրաստանը, կարծես խոսքները մեկ անելով, գրեթե համանման են գործում կարգավորման հարցերում: Ճիշտ է, ի տարբերություն Թբիլիսիի, Բաքուն ջանում է պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արեւմուտիք միջեւ: Թե որքան դա կտեւի, անհայտ է: Հավանական է, որ մինչեւ հոկտեմբեր Իլհամ Ալիեւը «բարձրագոչ» հայտարարություններ կանի այն մասին, որ Ադրբեջանը ոչ մեկի եւ ոչնչի կարիքը չունի եւ նրա միակ նպատակն է լուծել Ղարաբաղի խնդիրը, ընդ որում ուրիշի ձեռքերով:

Կա եւս մեկ տարբերություն ՎՈՒԱՄ-ի մյուս գործընկերներից` ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, Ադրբեջանը դեռեւս չի հայտարարում ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին: Բաքվում հուսով են, որ Մոսկվան, զիջելով Իլհամ Ալիեւի ճնշմանը, կստիպի Հայաստանին ետ կանգնել Լեռնային Ղարաբաղից: Սակայն, ըստ Միխաիլ Ալեքսանդրովի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է, ապա Հայաստանի հետ ՌԴ-ն ռազմաքաղաքական դաշինք ունի: Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, հենց Հայաստանը կարող է նպաստել ռուսական ներկայության ամրապնդմանը Կովկասում:

Դե իսկ ՎՈՒԱՄ-ի ապագան լրջորեն կախված կլինի նրանից, թե որքան տեւական կլինի հասանելիությունը ադրբեջանական էներգակիրներին: Եվ եթե Մոլդովայի հեռանալով կազմակերպությունում քիչ բան կփոխվի, ապա եթե Բաքուն հրաժարվի անդամակցությունից, ՎՈՒԱՄ-ի ապագան բավականին անհեռանկարային կլինի: Դեռեւս կազմակերպությունը պետք է Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին թեկուզ այն բանի համար, որ նրա անունից բանաձեւեր ներկայացնեն ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ իրենց հակամարտությունների վերաբերյալ: Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է` այնտեղ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են երկրի կուրսը փոխել դեպի Ռուսաստան: Քիչ հավանական է թվում, սակայն դա հնարավոր է: