2 սեպտեմբերի 2008 - 20:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոսովոյի բումերանգը` բոլորը պարտվեցին
Վրաց-օսական հակամարտության արդյունքում տապալվեց միաբեւեռ աշխարահը եւ ԱՄՆ-ի հեգեմոնիան, որի համար Ամերիկան հազիվ թե շնորհակալություն ասի Սահակաշվիլիին
Անփառունակ հնգօրյա պատերազմն ավարտվեց` բոլորը պարտվեցին` Վրաստանը, Արեւմուտքը, Ռուսաստանը, տարածաշրջանը: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը կարող էին ինչ-որ բանի հասնել այս պատերազմում, ապա պետք է ընդունել նման մտածելակերպի թերի լինելը: Մի կողմ թողնենք Սահակաշվիլիի հույսերը` դրանք իրականում չէին կարող կատարվել` նա չափից շատ էր ուզում եւ չափից շատ էր հույսը դրել նույն ԱՄՆ-ի վրա, որին կարծես թե, այնքան էլ ձեռնատու չէ կռվել Վրաստանի համար, որի տեղը քարտեզի վրա միջին ամերիկացին հազիվ թե գիտեր մինչ Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների ծավալումը:
Ռուսաստանը նույնպես չշահեց այս հակամարտությունից, առնվազն, նրանում, ինչն Արեւմուտքում «ժողովրդավարություն» են անվանում: Ճիշտ է, դժվար է ժողովրդավարական համարել այն քայլերը, որ ուղղված էին Վրաստանի սպառազինմանն ու «տարածքային ամբողջականության վերականգնման» հրահրմանը: Սակայն այս ամենն արդեն անցյալում է եւ այժմ կողմերից յուրաքանչյուրը ջանում է նվազագույն կորուստներով դուրս գալ մի վիճակից, որ հրահրվեց Վրաստանի նախագահի անհաջող գործողություններով: Այս առումով, պետք է նշել, որ Սահակաշվիլիի ընկալմամբ «տարածքային ամբոջականություն» այլեւս չի լինի: Կոսովոյի ճանաչումը, որի անընդունելի լինելու մասին զգուշացնում էին Պուտինը եւ Լավրովը, հարվածեց Արեւմուտքին: Ընդ որում այն կողմից, որտեղից դա ամենից քիչն էին սպասում:

Պետք է հիշեցնել, թե ինչպես էր այս ամենը զարգանում: Օգոստսի 8-ի գիշերը Վրաստանը ռազմական գործողություն սկսեց Հարավային Օսեթիայում, գործնականում ավերելով հանրապետության մայրաքաղաք` Ցխինվալը եւ շատ բնակավայրեր, սպանելով, ըստ հարավօսական իշխանությունների, շուրջ 1.500 խաղաղ բնակիչների: Ի պատասխան Ռուսաստանն իր զորքերը մտցրեց Հարավային Օսեթիա պաշտպանելու համար այնտեղ բնակվող ՌԴ քաղաքացիներին, իսկ Աբխազիայի ափերին մոտեցան ՌԴ Սեւծովյան նավատորմի նավերը` ագրեսիան եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերը կանխելու նպատակով, այդ թվում ՌԴ այն քաղաքացիների, որոնք հանգստանում էին այդ հանրապետությունում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը հայտարարեց Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողությունն ավարտելու մասին: Իսկ տասը օր անց հայտարարեց, որ լիովին ավարտել է զորքերի ետ քաշումը: Ներկայումս Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի բուֆերային գոտում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնց տեղակայումը նախատեսված էր նախկինում կնքված վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրերով եւ չի հակասում Ռուսաստանի ստորագրած «Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրին»:

ԱՄՆ վարչակազմի եւ ԵՄ պետությունների հայտարարությունները ավելի շատ արվեցին հանրության համար, այլ ոչ թե արտացոլեցին իրերի իրական վիճակը: ԱՄՆ-ն հեռու է, Ռուսաստանը` մոտ եւ Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում ձմռան շեմին հայտնվել սուղ էներգետիկ ճգնաժամում: ԵՄ էներգակիրների կեսից ավելին նա ստանում է Ռուսաստանից եւ սա արդեն իսկ բավարար է, ուղղակի սահմանափակվելու համար հայտարարությամբ, որը դատապարտում է ՌԴ-ին ուժի չարաշահման համար: Եվ որքան էլ ՌԴ-ն ասի, թե չի օգտվում էներգետիկ լծակներից ճնշման համար, իրականում, հակառակն է: Վրաց-օսական հակամարտության արդյունքում տապալվեց միաբեւեռ աշխարահը եւ ԱՄՆ-ի հեգեմոնիան, որի համար Ամերիկան հազիվ թե շնորհակալություն ասի Սահակաշվիլիին: Ամերիկան զբաղված է նախընտրական քարոզարշավով, եւ Մըքքեյնի գլխավորած «նեոպահպանողականներին» շատ էր պետք վրացական բանակի հաղթանակը: Բայց...չստացվեց: Եվ փոխնախագահ Չեյնիի այցը Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա հազիվ թե ինչ-որ բան փոխի:

Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ: Արեւմտյան երկրները որոշել են պայքարել Վրաստանում Ռուսաստանի ներկայության դեմ փողի միջոցով: Այսպես Արժույթի միջազգային հիմնադրամը այս շաբաթ մտադիր է 750 մլն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին: ԱՄՆ-ն ու Եվրոպան, իրենց կողմից, եւս օգնության խոշոր ծրագրեր են մշակում, որը դրամական արտահայտմամբ կկազմի շուրջ 2 մլրդ դոլար: Այս միջոցները հատկացվում են օտարերկրյա ներդնողներին հանգստացնելու համար, որոնք մեծ դեր ունեն Վրաստանի տնտեսական կայունության հարցում, ինչպես նաեւ օգնելու համար Վրաստանին հոգալ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը: Բացի այդ, արեւմտյան միջոցները կօգնեն նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի արեւմտամետ կառավարությանը մնալ իշխանության մեջ, նշում է The Wall Street Journal-ը:

Ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Վրաստանին ցուցաբերվող ռազմական օգնությունը, հավանաբար, ավելացնելով իր տեսուչների քանակը: Ավելի լայն իմաստով, ըստ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի, Վաշինգտոնը ձգտում է «երկարաժամկետ շրջանակային ռազմավարություն» մշակել այս տարածաշրջանում: Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին դադարեցնել աջակցությունը «Սահակաշվիլիի ռեժիմին»: Նրա խոսքերով, կանգնելով Սահակաշվիլիի կողքին, նրանք «պատմական սխալ են գործում»:

Մի բան պարզ է` համաշխարհային տերությունների համար Հարավային Կովկասը լոկ մի տարածք է, որտեղ խաղարկվում է համաշխարհային տիրակալությունը: Ըստ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովի, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ղարաբաղիցները, ինչպես նաեւ օսերն ու աբխազները, մարդ չեն համաշխարհային «խաղացողների» համար: «Նրանց համար փոքր ժողովրդները ուղղակի աղբ են, որ խանգարում է նավթագազային հոսքերը կառավարելուն եւ արթնացած Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված նրանց շահամոլ պլանների առաջ մղմանը: Ըստ այդմ էլ մենք ինքներս պետք է եզրակացություններ անենք»,-ասել է նա: