4 սեպտեմբերի 2008 - 20:16 AMT
ՀՈԴՎԱԾ
Գյուլի այցը Երեւան հարկավոր է ԱՄՆ-ին, Թուրքիային, Ռուսաստանին եւ միայն վերջին հերթին` Հայաստանին
Պարզամիտ է կարծել, որ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիան կհամաձայնվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` երկու երկրների միջեւ հարաբերությունների բացակայության հիմնական պատճառը
Անհավանականը կատարվեց` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այնուամենայնիվ որոշեց այցելել Երեւան, չնայած ընդդիամության բողոքներին ու ադրբեջանցի քաղաքագետների կոչերին: Դե, թուրքական ընդդիմության հետ ամեն ինչ պարզ է` եթե Գյուլը հրաժարվեր, նա պատճառ կգտներ ինչ-որ կերպ իր կարծիքը հայտնելու համար: Իսկ Երեւան կատարելիք այցը այլ բան է: Դենիզ Բայկալը, Դեվլեթ Բախչելին եւ մյուսները բացահայտ մեղադրում են պետության ղեկավարին ազգային շահերի դավաճանության մեջ:
Ճիշտ է, Բախչելին պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին, հիշեցնելով, որ 1993թ. «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Դե, նախկին նախագահի թուրքերի հանդեպ համակրանքի մասին մենք գիտենք: Ճիշտ է, նրանք հանդիպել են Փարիզում եւ հանդիպումն էլ գաղտնի էր, սակայն դա ոչինչ չի փոխում` փաստը մնում է փաստ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլին, ապա այստեղ լիակատար խուճապ է տիրում, գրեթե այնպիսի, ինչպիսին կար վրաց-օսական հնգօրյա պատերազմի ժամանակ: Գրեթե բոլորը մեղադրում են Աբդուլլահ Գյուլին ...Ադրբեջանի շահերին դավաճանելու համար: Գուցե նրանք մի կողմից իրավացի են` չէ որ Բաքվի միակ դաշնակիցը Թուրքիան է, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ դա նրան պետք է: Միշտ է այդպես եղել եւ կլինի: Սակայն Բաքվում կան նաեւ սթափ քաղաքական գործիչներ: Ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական աշխատանքային խմբում քննարկվում է Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի Երեւան կատարելիք այցը: «Քննարկումների ժամանակ գտնվեցին Հայաստանի Գյուլի այցելության ինչպես մոլի հակառակորդներ, այնպես էլ կողմնակիցներ»,-հաղորդել է աշխատանքային խմբի ղեկավար, պատգամավոր Միազամի Ջաֆարովը: Ջաֆարովը հաղորդել է, որ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չեն փոխվի անկախ կողմերի վերաբերմունքից այդ եւ այլ հարցերի հանդեպ: Խոսքը Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի մարտավարական փոփոխությունների մասին է: Արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ խնդիրն իր լուծմանն է սպասում: Նրա կարծիքով, ողջ աշխարհին, այդ թվում Ադրբեջանին ու Թուրքիային մտահոգում է հայկական խնդրի լուծումը: Ուստի կարող են լուծումը արագացնելու փորձեր լինել: «Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի նախագահի այդ քայլը մարտավարական քայլ է: Այն չի փոխի հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ադրբեջանում էլ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ չի փոխվի: Խոսակցություններ են գնում, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում արդեն նոր փուլ է սկսվել: Իսկ սրանք Թուրքիայի ձեռնարկած առաջին քայլերն են: Սակայն կարծում եմ, որ մեր կողմից սխալ կլիներ պնդել, որ դրանով Թուրքիան զիջումների է գնում Հայաստանին, փոխում է իր քաղաքականությունը, ինչ-որ մեկի ցուցումներն է կատարում»,-հավելել է Ջաֆարովը: Ինչպես ասել է պատգամավորը, նա չի հավատում, որ ներկա իրավիճակում Թուրքիան կսկսի վարել Հայաստանի հզորացմանն ուղղված քաղաքականություն: Որովհետեւ Հայաստանի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ հայտնի է:

Սակայն ամբողջ հարցը նրանում է, թե հարկավոր են արդյոք Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները, եթե հաշվի առնենք այն պայմանները, որոնց վրա նա պնդում է եւ որնցից չի հրաժարվի, չնայած այցելությանը Երեւան: Պարզամիտ է կարծել, որ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիան կհամաձայնվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` երկու երկրների միջեւ հարաբերությունների բացակայության հիմնական պատճառը: Սահմանը փակվել է 1993թ. ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ այն պատճառով, որ Անկարան հասկացավ, որ Հայաստանի ոչ մի նախագահ չի հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից եւ Սեւրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմաններից:

Գյուլի լայնորեն գովազդված այցը հազիվ թե քայլ առաջ դառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ուղղակի այս այցը հարկավոր է ԱՄՆ-ին, Եվրոպային, Թուրքիային, Ռուսաստանին: Եվ վերջին հերթին` Հայաստանին: Սկզբունքորեն ասած, ոչ մի վատ բան այս այցը Երեւանին չի խոստանում, եւ եթե այն ոչ պաշտոնական չլիներ, վատ չէր լինի Թուրքիայի նախագահի համար էքսկուրսիա կազմակերպել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Սակայն դա դեռեւս անհնար է:

«Անշուշտ, իմ այցը կապված է քաղաքական ակնկալիքների հետ: Չմոռանալով անցյալը, մենք պետք է նայենք դեպի ապագան, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփվել առանց որեւէ նախապայմանի: Երկխոսության ժամանակ հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ակնկալում է, որ ողջ դիվանագիտական կազմը ակտիվորեն կլծվի արտերկրում եւ միջազգային ատյաններում Գյումրի-Կարս երկաթուղու գործունեության կարեւորությունը ՀՀ գործընկերներին պարզաբանելու գործին: «Զինվեք քարտեզներով, վիճակագրությամբ, փաստարկներով: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլորը գիտակցեն, որ այդ մի քանի կիլոմետրերը սկզբունքորեն փոխում են տարածաշրջանային համագործակցության ողջ պատկերը»,-հայտարարել է նախագահը:

Մինչդեռ, «Միլիեթ» թերթը հրապարակել է այն ժամանակ «Ռիֆաղ» կուսակցության պատգամավոր Աբդուլլահ Գյուլի 1993թ. ունեցած ելույթը, որտեղ նա դատապարտում է կառավարության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Դատապարտելով Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանումը Անկարա` Թուրգութ Օզալի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով, Աբդուլլահ Գյուլը անթույլատրելի է համարել որեւէ հարաբերությունների հաստոտում երկու երկրների միջեւ: «Ուշադրություն դարձրեք, թե ինչ պարտվողական քաղաքականություն է վարում կառավարությունը, եթե Հայաստանի նախագահը համարձակություն ունի մասնակցել մեր պետության ղեկավարի հուղարկավորությանը: Նա գիտի, որ դուք մտածում եք միայն ձեր շահերի մասին, վախենում եք խիզախություն դրսեւորել այն ժամանակ, եորբ պետք է պաշտպանել թուրքական պետության շահերը: Գիտի, թե որքան լոյալ եք: Ցույց տվեք ինձ մի երկիր, որը լկտիություն ունի պատերազմելով մեր եղբայրների հետ, սպանելով նրանց, հայտարարել, թե «ամեն ինչում Թուրքիան է մեղավոր»: Որը համարձակվում է, սպանելով մեր եղբայրներին, հայտարարել, թե «Եվրոպայի քարտեզը լիովին կազմված է, իսկ այ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի քարտեզները վերանայել է հարկավոր»: Մի երկիր, որը կհավակնի նրան, որ Կարսը հայկական հող է: Իսկ հետո այդ երկրի նախագահը կժամանի Թուրքիա, եւ դուք նրան ձեռք կմեկնե՞ք: Ինչպե՞ս է դա հնարավոր»:

Անշուշտ, ժամանակները փոխվում են, իսկ քաղաքական գործիչներն առավել եւս: Սակայն վերոնշյալ մեջբերման մեջ Գյուլի կերպարը ավելի անկեղծ է, քան այն ժամանակ, երբ նա, ժպտալով, լուսանկարվում էր հայ լրագրողների հետ Անիի ավերակներում: Հուսանք, որ այս այցը ոչ մի վատ բան չի բերի Հայաստանին: Ցավոք, պատմությունը հակառակն է վկայում` երբ թուրք օսմանները պատրաստվում էին ոչնչացնել հայերին, նրանք նույն կերպ բարեկամաբար ժպտում էին ու ձեռք սեղմում...