11 սեպտեմբերի 2008 - 19:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայի Կովկասյան պլատֆորմը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների
Կովկասյան պլատֆորմը մի լուրջ եւ բավական զգալի խոտան ունի. նրանում իր տեղը չունի Իրանը
Կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը կարելի է գնահատել որպես առնվազն Կովկասի սահմաններում Օսմանյան կայսրության վերակենդանացման փորձ` Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պայմաններում, այսինքն` որոշ առումով սահմանափակված; կարելի է գնահատել նաեւ որպես տարածաշրջանային տերության վերածվելու գործում միավորներ հավաքելու փորձ: Թե ինչ կլինի հետո` Հայաստանին քաջ հայտնի է, եւ պետք չէ մարգարե լինել, որպեսզի հասկանալ, որ ՀՀ-ն ուղղակի կխորտակվի թյուրքական ծովում:
Ճիշտ է, այդ ծրագիրը որոշ խոտաններ ունի. երկու երկրներ, որոնք Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի տրամաբանությամբ պետք է ընդգրկվեն միության մեջ, բավական խնդրառատ հարաբերություններ ունեն հարեւանների հետ. դրանք Հայաստանն ու Վրաստանն են: Վրաստանը տարածաշրջանը եւ, թերեւս, ողջ աշխարհը պատերազմի նախաշեմին է կանգնեցրել, մինչդեռ դրանում կանխավ արդեն հաղթանակող չի լինելու: Չնայած խաղաղության եւ բարեկամության ցանկության մասին բոլոր հայտարարություններին` ներկա պահին ոչ ոք Միխայիլ Սահակաշվիլիին չի ընդունում որպես լուրջ մարդ եւ վստահելի գործընկեր: Փաստորեն, իր «հնգօրյա պատերազմով» Վրաստանի նախագահը դավեց Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք հույսեր էին կապում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եկամուտների հետ: Էլ չենք ասում, որ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի վերակառուցման դեպքում այլեւս վերանում է Բաքու-Թբիլիսի-Կարսի կառուցման անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ անհրաժեշտությունը վերանում է զուտ տնտեսական տեսանկյունից, էլ չենք ասում նախագծի քաղաքական աստառի մասին: Եթե անգամ ճանապարհը կառուցվի, մեծ մասամբ այն հնարավոր է չգործի, քանի որ անցնում է Թուրքիայի վտանգավոր տարածքներով, որտեղ գործում են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ դրությունն ավելի բարդ է. բացակայում են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Եւ եթե անկարայի հետ վերջերս երկխոսություն է սկսվել, որն, ի դեպ, անպայմանորեն չի բերի հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Բաքվի հետ հարաբերությունները դժվար թե կարգավորվեն մոտակա 10-15 տարիների ընթացքում, չնայած ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնական անձինք շտապեցնում են իրադարձությունները: Համենայնդեպս, ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն սկսել է տեղեկատվություն հայտնվել այն մասին, որ միայն Թուրքիան կարող է փոխարինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Նույն ադրբեջանական ԶԼՄ-ների կարծիքով Անկարայի միջնորդական առաքելությունը առավել մեծ արդյունք կտա, քան Մինսկի խմբի 17-ամյա գործունեությունը: Ինչպես հաղորդում է Bakiliar.AZ-ն, ղարաբաղյան հակամարտության հարցում Աբդուլլա Գյուլի նախաձեռնությունը ամբողջությամբ սատարում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն: Վերջին օրերի իրադարձությունների զարգացումը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան լիովին կարող է միայնակ փոխարինել ողջ Մինսկի խմբին, որը ղարաբաղյան հակամարտության հարցով ապարդյուն կերպով զբաղվում է արդեն 17 տարի:

Ավելին, Թուրքիայի նախագահն արդեն բացեիբաց ասում է, որ Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող շրջաններից: Գյուլի եւ Ալիեւի հասկացողությամբ հայկական զորքեր այնտեղ չկան: Անվտանգության գոտին վերահսկվում է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից, եւ ողջ աշխարհն, այդ թվում` համանախագահներն, այդ մասին քաջատեղյակ են: Բայց հակառակ կողմի տրամաբանությամբ` այդպես ասելն ավելի հարմար է, ինչպես եւ հարմար է ժամանակ առ ժամանակ հիշեցնել Ադրբեջանի 20% «գրավված» տարածքի մասին, որն իրականում 13% է, եւ դա Լեռնային Ղարաբաղի տարածքն է, ինչպես նաեւ 1 միլիոն փախստականների մասին, երբ նրանց թիվը չի գերազանցում 400 հազարը: Բայց դա արդեն Իլհամ Ալիեւի եւ, երեւի թե, Աբդուլլա Գյուլի խնդիրն է:

Կովկասյան Պլատֆորմն ունի եւս մեկ զգալի խոտան. այնտեղ իր տեղը չունի Իրանը: Սկզբունքորեն այն պետք էլ չէր, որ լիներ, քանի որ Օսմանյան եւ Պարսկական կայսրությունները մշտապես պատերազմել են միմյանց հետ, եւ Իրանի ընդգրկումը միության մեջ, եթե դա, իհարկե, իրագործվի, ուղղակի անհնար է: Իրանը չի կարող ներկա լինել նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով, որը սատարում է թուրքական նախաձեռնությանը:

Բայց կարճատեւ հեռանկարում, այսինքն` մինչ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության կարգավորումը, Կովկասյան պլատֆորմը կարող է եւ իրականություն դառնա: Բայց որեւէ լուրջ բանի, առավել եւս Կովկասի հակամարտության կարգավորման, այն ընդունակ չէ, եթե ոչ` նոր հակամարտությունների հրահրման: