7 հոկտեմբերի 2008 - 19:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Վրաստանն ըստ «պատմական սահմանների» բաժանվելու շեմին է
Ներկայումս մենք փաստացիորեն ունենք բոլորովին նոր Վրաստան, եւ եթե հետեւենք երկրի զարգացմանը սկսած 1991թ., ապա բացի կորուստներից Թբիլիսին ոչինչ չի ունեցել
Ապատեղեկատվությունը գրեթե միշտ մի նպատակով է տարածվում. շոշափել հիմքերը, որոշակի հասարակական կարծիք նախապատրաստել, եւ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ուրեմն տեղեկատվությունը ճշգրիտ է: Ապատեղեկատվությունը եւս մեկ առավելություն ունի` անանունությունը, որը հայտնի հանգամանքներում կարող է ալիբի դառնալ. իսկ մենք չենք ասել եւ ընդհանրապես ոչինչ չգիտենք... Ժամանակային առումով վերջին տեղեկատվական հոսքը տեղի ունեցավ օրերս: Եթե հավատալ թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներին, ապա Բաքուն եւ Անկարան մտադրված են ուժեղացնել ճնշումը Վրաստանի վրա երկրի ֆեդերալիզացիային հասնելու նպատակով:
Պարզ ասած, Վրաստանը պառակտելու նպատակով` նրան թողնելով միայն իր պատմական շրջանները, որոնք Ռուսական կայսրությանն են միացել Գեորգիեվյան տրակտատի համաձայն` Քարթլին, Քախեթիան եւ Շիդա Քարթլին (Գորի): Մնացածը «արդարացիորեն» կբաժանվի` անկախ Աջարիա, ադրբեջանական Քվեմո-Քարթլի եւ թուրք-մեսխեթացիներ, որոնց վերադարձին գործնականորեն խանգարում է պաշտոնական Թբիլիսին: Հասկանալի է, որ նման բաժանման դեպքում Ջավախքը կարող է անցնել Հայաստանին, եթե կողմերը համաձայնության գան:

Թուրք դիվանագետների կարծիքով, նման դաշնությունը Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման միակ երաշխիքն է: Ամբողջ հարցը նրանում է, թե ո՞ր Վրաստանի: Եթե խոսքը գնում է երկրի ներկայիս դրության մասին, ապա դա մի բան է, եթե Վրաստանի ԽՍՀ-ի` մեկ այլ բան եւ, վերջապես, 1918թ. Վրաստանի մասին` բոլորովին այլ բան: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «տարածքային ամբողջականություն» տերմինը վերածվել է մանտրայի, որը տեղին եւ անտեղի սիրում են երգել ամբողջ աշխարհում:

Բայց, այնուամենայնիվ, Վրաստանի բաժանման մասին խոսակցությունները սկսվել են, եւ թե ինչի կհանգեն դրանք` դժվար չէ կանխագուշակել, հատկապես եթե նախագահ Սահակաշվիլին եւս մեկ ռազմական արկած ձեռնարկի, ինչպիսին օգոստոսյանն էր: Ինչը, ի դեպ, շատ հավանական է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին... Պարզապես հետաքրքիր է` ո՞վ այս անգամ կդառնա «սահմանադրական կարգուկանոնի վերականգնման» օբյեկտը, չլինի՞ թե Ջավախքը: Բայց դժվար թե. այստեղ արդեն կմիջամտի Թուրքիան, իսկ Սահակաշվիլիի համար Անկարայի հետ հարաբերությունները փչացնելու մեջ իմաստ չկա, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ կարող է պարզապես արգելափակել MAP-ի հատկացումը: Կարելի է ասել, որ Վրաստանի նախագահը ինքն է փորել այդ փոսը, որից դժվար թե կարողանա դուրս գալ: Նորից Արեւմուտքին եւ առաջին հերթին ԱՄՆ-ին օգնության կանչելու տենդային փորձերը մնում են «ձայն բարբառո անապատի». աշխարհը զբաղված է տնտեսական ճգնաժամով եւ գործ չունի Վրաստանի հետ, բայց արի ու տես, որ Թբիլիսիում դա ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ:

Այսօր մենք փաստացիորեն բոլորովին նոր Վրաստան ունենք: Եթե հետեւենք երկրի զարգացմանը սկսած 1991թ., այսինքն` ԽՍՀՄ փլուզումից հետո, ապա բացի կորուստներից Թբիլիսին ոչինչ չի ունեցել: Առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդինան երկիրը քաղաքացիական պատերազմի քաոսի մեջ ներքաշեց` կորցնելով Աբխազիան: Էդուարդ Շեվարդնաձեի օրոք Աջարիան փաստացիորեն անկախ տարածաշրջան էր, որը Վրաստանի կազմի մեջ հաջողվեց վերադարձնել Միխայիլ Սահակաշվիլիին: Այժմ կորսված է Հարավային Օսիան եւ Աբխազիան` վերջնականապես:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում անջատողական միտումների առկայությունը եւս մեկ անգամ ընդգծում է մինչ Երկրորդ աշխարհամարտը հաստատված սահմանների ամբողջ սխալությունն ու ոչ տարամաբանական լինելը: Ի դեպ, այն հանրապետություններում, որտեղ սահմանները քիչ, թե շատ ճիշտ են, հակամարտություններ չկան, եւ դրա վառ օրինակն է Հայաստանը: Ճիշտ է, սահմանների «ճշտության» մասին խոսելը մի տեսակ անհարմար է, քանի որ կազմավորված քաղաքական քարտեզը այս կամ այն սահմանի ճշգրտության վերաբերյալ չափազանց լայն մեկնաբանությունների հնարավորություն է տալիս...

Վրաստանի դեպքում կա եւս մեկ նկատառում` երեւի թե, բոլոր մյուսների նկատմամբ գերիշխող` էներգոռեսուրսների փոխադրումը: Ցավոք, Միխայիլ Սահակաշվիլին հավատացնում էր, որ առանց իրեն նավթը պարզապես չի հասնի Եվրոպա: Բայց Հարավային Օսիայում ռազմական գործողությունների սկսվելու հետ մեկտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը դադարեցին վստահել Վրաստանին` տրամաբանորեն դատելով, որ անկառավարելի Միխայիլ Սահակաշվիլին կարող է հարվածի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի նորմալ գործունեությունը: Չէ՞ որ հենց Աջարիայի, Քվեմո-Քարթլիի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածքով են անցնում վերոհիշյալ խողովակաշարերը: Այնպես որ Կովկասի գլխավոր պատերազմը դեռ առջեւում է: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին սրընթաց կերպով ավելացնում է իր ներկայությունը Կովկասում, ապա ԱՄՆ ապագա նախագահի վարչությանը մեծ դժվարություններ են սպասում:

Այդ միջոցին, ՌԴ ԱԳՆ արդեն հայտարարել է, որ Վրաստանը փորձում է Կովկասում պատերազմ հրահրել: Այդ հայտարարության պատճառը Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ այդ հանրապետությունների բուֆերային գոտիներում իրագործված մի շարք ահաբեկչություններն են: ՌԴ Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության եւ տպագրման բաժնի մեկնաբանության մեջ ասվում է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Թբիլիսիի ինչ-որ ուժեր գիտակցաբար գնում են տարածաշրջանում իրադրության սրման եւ մի շարք ահաբեկչությունների միջոցով փորձում են նոր ռազմական գործողություններ հրահրել»:

Կարինե Տեր-Սահակյան