8 նոյեմբերի 2008 - 17:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան պատրաստվում է տարածաշրջանային թռիչքի
8 տարվա ընթացքում Անկարան սովորել է ԱՄՆ-ի հետ խոսել շանտաժի եւ ուլտիմատումների լեզվով` որպես ճնշման հիմնական միջոցներ օգտագործելով ամերիկյան զորքերի անվտանգությունը Իրաքում եւ ԲԹՋ նավթամուղը
Թուրքիան շարժվում է Ռուսաստանի հետքերով. Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Մոսկվա` ստորագրելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, իսկ Անկարան փորձում է գրավել գլխավոր դիրքերը տարածաշրջանային գերիշխանության համար պայքարում: Մոսկվան եւ Անկարան շտապում են. մինչեւ Վաշինգտոնում Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունը քիչ ժամանակ է մնացել:
Հատկապես շտապում է Թուրքիան, որքան էլ որ Բարակ Օբաման ասի, որ նրա համար առաջնային տեղը գրավում է տնտեսությունը, նա չի կարող արհամարել արտաքին քաղաքականությունը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ, նախ եւ առաջ, պետք է լուծել հարցերը Մերձավոր Արեւելքի հետ, որտեղ Ջորջ Բուշի եւ նրա թիմի կամքով Թուրքիան առաջին ջութակի դերն էր խաղում: Դժվար թե ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի ունենան, բայց որ Թուրքիան կփորձի օգտագործել դրանք իր շահերի համար, դա միանշանակ է:

8 տարվա ընթացքում Անկարան սովորել է ԱՄՆ-ի հետ խոսել շանտաժի եւ ուլտիմատումների լեզվով` որպես ճնշման հիմնական միջոցներ օգտագործելով ամերիկյան զորքերի անվտանգությունը Իրաքում եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Կարելի է ենթադրել, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի ունենային մի քանի տարի անց, ապա Թուրքիան շատ ավելի արագ կկարողանար մերձենալ ԵՄ անդամությանը: Չի ստացվում նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի ծրագիրը (ՄՄԱ): Մերձավոր Արեւելքի երկրների հանդեպ ռուսական արտաքին քաղաքականության հետազոտման համար պատասխանատու ԱՄՆ Պետական դեպարտամենտի վերլուծաբան Դենիել Ֆլաերտիի կարծիքով, ՄՄԱ նախագիծը ներկա պահին խորը ճգնաժամ է ապրում եւ ամենայն հավանականությամբ դրա ապագան նոր վարչակազմի դեպքում բավական ցավալի է լինելու: «Նախագիծը որպես այդպիսին չաշխատեց, եւ տարածաշրջանի բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք առաջ բերեց: Առհասարակ Արեւելքում եւ, հատկապես, Աֆրիկայում մենք Արեւմուտքի համար սովորական, ավանդական ազգային պետության ապակառուցման միտում ենք տեսնում: Այդ տեսությունն արդեն իր դարն ապրել է, բայց նորը դեռեւս չի հնարվել, մենք դեռ չգիտենք, թե ինչպես հնարավոր կլինի լուծել այսպես կոչված failed states-ի խնդիրը»,- գտնում է ամերիկացի փորձագետը:

Այդ միջոցին, ինչպես Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP), այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ Թուրքիայի համար շատ քիչ բան կփոխվի դեմոկրատների իշխանության գալուց հետո: Եւ, պետք է ասել, նրանք այդպես կարծելու համար հիմքեր ունեն: «Դեմոկրատ Բարակ Օբամայի հաղթանակը ամերիկյան ընտրությունների ամենահաջողված քայլն է: Թե արդյոք հաջողված կլինի նաեւ Օբամայի կառավարումը, մենք դա կկարողանանք իմանալ ժամանակի ընթացքում»,- հայտնել է Թուրքիայի հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը: Նրա խոսքերով, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո թուրքական բանակը կզգա իր կարեւորությունը: «Ներակայումս մենք թաքնվում ենք Ամերիկայի հետեւում, բայց եթե նրանց զորքերը դուրս բերվեն, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն, անկասկած, կաճի»,- ընդգծել է Բայկալը:

«Եթե Բարաք Օբամայի հայանպաստ դիրքորոշումը, որ նա ցույց տվեց իր նախընտրական արշավի ընթացքում, եւ նրա տեսակետները քրդերին վերաբերող հարցերում ազդեն նրա քաղաքական որոշումների վրա նախագահության ընթացքում, ապա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Օբամայի կառավարման ընթացքում կարող են լուրջ հակասություններ առաջանալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում»,-ասել է թուրք փորձագետ Հուսնու Մեհելին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի որոշ մտքեր, որ նա արտահայտել է նախընտրական արշավի ժամանակ, մտահոգում են Թուրքիային: Թուրքիային հատկապես մտահոգում է Օբամայի հայանպաստ մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ Մեհելիի, տագնապի համար բավարար հիմքեր կան: «Նախընտրական արշավի ժամանակ Օբաման ասել է, որ կճանաչի հայոց ցեղասպանությունը եւ գրավոր համաձայնություն է տվել, որ կարծարծի այդ հարցը Կոնգրեսում»,-ասել է Մեհելին: Փորձագետը նշել է, որ Օբամայի քաղաքական դիրքորոշումը չի համընկնում Անկարայի դիրքորոշման հետ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաեւ քրդական հարցում: Մեհելին կապում է դա Օբամայի շրջապատի հետ: «Օբամայի կողմից որպես փոխնախագահ ընտրված Ջո Բայդենը լավ հարաբերություններ ունի հայկական լոբբիի հետ եւ մեծ համակրանքով է վերաբերվում քրդերին: Բայդենի դիրքորոշումը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում»,-ասել է Մեհելին:

Ելնելով հենց սրանից` Անկարան վերջին տարվա ընթացքում ձգտում է ավելի սերտ համագործակցել Մոսկվայի հետ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Մոսկվայում սպասվող այցը կարող է պարզել մի շարք հարցեր, որոնք առնչվում են ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններին: Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման նախապատրաստման տեղեկատվությունը, որը կայծակնային արագությամբ ժխտվեց Թուրքիայի ԱԳՆ կողմից, խոսում է այն մասին, որ տարածաշրջանում խաղադրույքները շատ մեծ են:

Կարինե Տեր-Սահակյան