20 դեկտեմբերի 2008 - 16:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Ալիեւների դինաստիան ապրելու եւ ծաղկելու է
Իսկապես, ինչու պետք է Իլհամ Ալիեւին հանձնել այն երկրի իշխանության ղեկը, որ նրա համար ստեղծեց հայրը` Հեյդար Ալիեւը, որը գրեթե առանց փոխարինման ղեկավարեց Ադրբեջանը 1969թ.-ից մինչեւ մահ` 2003թ.
Ադբեջանում վերջապես պատահեց այն, ինչ պետք է վաղուց արդեն պատահած լիներ. երկրի խորհրդարանը Իլհամ Ալիեւին «խնդրեց» դառնալ երկրի ցմահ նախագահ: Ճիշտ է, ամեն ինչ «ժողովրդավարական» ծրարի մեջ էր փակցված: Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում ընդունեց Սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին ակտ ուղղել Սահմանադրական դատարան` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար «իրավական ամփոփագիր» ստանալու նպատակով:

Ճոփոխության իմաստը իրար հետեւից երկու անգամից ավել նույն անձին Ադրբեջանի նախագահ ընտրելու վրա դրված սահմանափակման վերացումն է: Իլհամ Ալիեւը չդիմացավ եւ շարժվեց Իսլամ Կարիմովի եւ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ արեւելքի էմիրների ու խաների ճանապարհով: Իսկապես, ինչու պետք է Իլհամ Ալիեւին հանձնել այն երկրի իշխանության ղեկը, որ նրա համար ստեղծեց հայրը` Հեյդար Ալիեւը, որը գրեթե առանց փոխարինման ղեկավարեց Ադրբեջանը 1969թ.-ից մինչեւ մահ` 2003թ.:

Ուղղումը բավական միանշանակ է. եթե պատերազմի պայմաններում ռազմական գործողությունների անցկացումը թույլ չի տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահ ընտրել, Ադրբեջանի Հանրապետության նախագահի իրավասությունների ժամկետը երկարացվում է մինչեւ ռազմական գործողությունների ավարտը: Այդ մասին որոշումն ընդունվում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից պետական մարմնի դիմումի հիման վրա, որն ապահովում է ընտրությունների (հանրաքվեի) անցկացումը: Այսինքն, պետք է հասկանալ, որ Բաքուն ցանկացած պահին, որպեսզի հեքիաթը իրականություն դարձնի, կարող է «փոքրիկ հաղթանակող պատերազմ» հրահրել: Եւ դա այն դեպքում, երբ վերջերս նման պատերազմի փորձ եղել է, եւ թե ինչպես է այն վերջացել, նույնպես բոլորը գիտեն: Արդյոք Բաքվում իսկապես կարծում են, որ ղարաբաղցիները սպասելու են ռուսներին կամ որեւէ այլ զորքերի, որպեսզի պաշտպանեն իրենց հողը: Բայց ակնհայտ է, որ Իլհամ I-ը ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման չի գնա, քանի որ կարող է ընդմիշտ հրաժեշտ տալ իշխանությունը պահելու հեռանկարներից: Ինչպես եւ իր հայրը, նա որդուն` Հեյդար II-ին քաոսի վիճակում գտնվող եւ հաղթվածների հայտանիշով երկիր չի թողնի: Թե դա ինչ է, նա շատ լավ գիտի, իսկ նոր բարդույթների կարիքը ադրբեջանական վերնախավը հաստատ չունի:

Ճիշտ է, Ադրբեջանի ընդդիմական ուժերն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները հանդես են եկել Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների դեմ: Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի խոսքերով, երկրի վեց կուսակցությունների եւ մի շարք առաջատար ՀԿ-ների առաջնորդների հանդիպմանը ընդունվեց որոշում` փոփոխությունների ընդունմանը զանգվածային հասարակական դիմադրություն կազմակերպելու: «Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա Ադրբեջանը կկրկնի աֆրիկյան երկրների ցավալի ճակատագիրը, որտեղ իշխում են միահեծան դիկտատորական վարչակարգերը:: Ընդդիմությունը մտադրված է Սահմանադրության մեջ փոփոխությունների դեմ ստորագրահավաքի քարոզարշավ եւ բողոքի զանգվածային ցույցեր սկսել«,- նշել է նա:

Բայց բոլոր այդ ցույցերը ոչնչի չեն հանգեցնի եւ «ժողովրդավարական» Ադրբեջանի մասին բոլոր հույսերը միայն հույս կմնան: Տարօրինակն այն է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն դեռեւս չեն արձագանքել ադրբեջանական խորհրդարանականների նախաձեռնությանը, թեեւ արդեն կարելի է ենթադրել, որ արձագանքը չեզոք է լինելու: Ավելի լավ է այդպիսի կանխատեսելի առաջնորդ ունենալ, քան Սահակաշվիլիի պես մեկին` իբր դեմոկրատին:

Այդ միջոցին, «ցար-հայրիկի» կամ եթե ցանկանում եք խանի կերպարն ամրապնդվում է բոլոր հասանելի միջոցներով: Լույս է տեսել «Իլհամ Ալիեւ. Զարգացումը մեր նպատակն է» բազմահատորյակի առաջին գիրքը:

«Ադրբեջանին հիանալի ապագա է սպասվում... Մենք մեծ ծրագրեր ունենք, մեծ հեռանկարներ, ապագա: Դրանց իրականացման, մեր առջեւ ծառացած ծրագրերի իրագործման համար Ադրբեջանում պետք է շարունակվի Հեյդար Ալիեւի քաղաքականությունը: Ադրբեջանի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: 1993թ. նա քվեարկեց այդ քաղաքականության օգտին: Այդ քաղաքականությանն այլընտրանք չկա եւ չի կարող լինել: Ցանկացած այլընտրանքային քաղաքականություն կարող է Ադրբեջանին մեծ ողբերգություններ բերել... Մենք շարունակելու ենք Հեյդար Ալիեւի քաղաքականությունը, մենք Ադրբեջանը հարուստ, հզոր երկրի կվերածենք... Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանում զարգանա յուրաքանչյուր մարզ, անգամ ամենափոքր գյուղակը, բնակավայրը, շրջանը... Այդպիսին է մեր նպատակը: Համոզված եմ, որ դա Ադրբեջանի ողջ ժողովրդի նպատակն ու գաղափարն է»:

Հրատարակության նախաբանում ասվում է. «Ահա արդեն չորս տարի անընդմեջ աշխարհում տնտեսական աճի ընթացքով մեր երկիրն առաջինն է: Առավել ամրապնդվել է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, եւ այսօր նա հանդիսանում է մի պետություն, որը վարում է անկախ քաղաքականություն, ունի իր դիրքորոշումը, դարձել է հուսալի գործընկեր եւ ճանաչված առաջնորդ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սա մի երկիր է, որը մինչեւ վերջերս գազ էր արտահանում, ձգտում գրավել արտասահմանյան ներդրումներ, իսկ այսօր նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինքն է ներդրումներ կատարում արտասահմանում, ապահովում իրեն: Այս փաստերը, որոնցով հպարտանում է յուրաքանչյուր հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցի, եւս մեկ անգամ հաստատում են, որ վերոհիշյալ խոսքերը արդեն կենսական իրականություն են դարձել»: Ահա այսպիսի բարգավաճող ու ծաղկող Ադրբեջան: Այն մասին, որ նավթի գների կտրուկ իջեցման հետ կապված Ադրբեջանը գալիք տարում ստիպված է լինելու դիմել միջազգային ֆինանսական ինստիտուտների օգնությանը, խոսք անգամ չկա: Ոչ մի խոսք չկա նաեւ այն մասին, որ ամեն օր դինամիկ կերպով զարգացող Ադրբեջանում զինվորներ են կախվում, գերիները չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, որտեղ իրենց բանտն է սպասում: Իսկ բազմաթիվ սպանությունների մասին արդեն խոսել իսկ չարժե...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News