15 հունվարի 2009 - 20:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքականությունը փոփոխվում է միայն դեպի վատ կողմը
Իշխանությունների գլխավոր պատվերը` Հայաստանը ներկայացնել որպես մինչեւ ատամները զինված եւ խաղաղ Ադրբեջանի վրա հարձակվելու պատրաստվող երկիր, փայլուն կերպով իրականացվում է: Բայց դե այդ հեքիաթներին ոչ ոք արդեն չի հավատում, այդ թվում եւ տեղեկատվության հեղինակնե
Հայաստանի եւ, առհասարակ, հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի քաղաքականությունը վերջին 20 տարիների ընթացքում եթե անգամ փոփոխվում է, ապա միայն դեպի վատը. դրանից վատ էլ ու՞ր: Ահա այդպիսի «էլ ուր»-ով սկսվեց 2009 թվականը: Ադրբեջանի նախագահի «չենք տա, կվերադարձնենք եւ այլն»-ի մասին ամանորյա ելույթից հետո սկսեց ակտիվորեն տարածվել Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառված $800 միլիոնի սպառազինության մասին պատմությունը...

Այդ գործը բավական լրջորեն է ծավալվում` երկու երկրների ԱԳՆ մակարդակով: Ընդ որում, հետաքրքիր է, որ հարեւան հանրապետությունում գտնվում են քաղաքական գործիչներ, որոնք բանը հասցնում են նրան, որ, իբր, Ռուսաստանը զենք է վաճառել ոչ թե Հայաստանին, այլ ոմն երրորդ երկրին: Անհասկանալի է, ու՞մ կարելի է այդքան զենք վաճառել` միգուցե Իրանին, կամ Թուրքիային կամ... Վրաստանի՞ն: Այստեղ բավական հետաքրքիր եզրակացություն է առաջ գալիս. ՌԴ-ն Հայաստանի միջոցով զենք է մատակարարում Թուրքիային, որն էլ այն փոխանցում է Բաքվին: Եւ դա համատեղ այն սպառազինության հետ, որը Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է երկկողմ համաձայնությունների շրջանակներում: Համաձայնե'ք, այդ ամենը բավական անհեթեթ է երեւում անգամ Բաքվի ագիտացիոն քարոզչության համար: Իսկ որ դա հենց քարոզչական հնարքներ են, դրանում կասկած անգամ չկա: Իշխանությունների գլխավոր պատվերը` Հայաստանը ներկայացնել որպես մինչեւ ատամները զինված եւ խաղաղ Ադրբեջանի վրա հարձակվելու պատրաստվող երկիր, փայլուն կերպով իրականացվում է: Բայց դե այդ հեքիաթներին ոչ ոք արդեն չի հավատում, այդ թվում եւ տեղեկատվության հեղինակները:

Նման տեղեկատվության հայտնվելը հենց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «գազային պատերազմի» ամենաթեժ պահին, ինչի արդյունքում Եվրոպան առանց գազի է մնացել, միանգամայն բացատրելի է: Ադրբեջանն ուզում է Եվրոպայի գազի մատակարար-մենաշնորհատեր դառնալ եւ դրա համար կանխավ զգուշացնում է. մենք պատրաստ ենք, բայց ահա Հայաստանը կարող է խանգարել: Այնպես որ եթե Եվրոպային անհրաժեշտ է ադրբեջանական գազը, նա պետք է «Հայաստանն իր տեղը դնի»: Տեղը, որը Բաքուն, հետեւելով թյուրքական ավանդույթին, թողնում է Հայաստանի համար, եթե անապատն ու մահը չէ, ապա նման մի բան է: Բայց Բաքուն մոռանում է մի կարեւոր բան. էներգոմատակարարման մենաշնորհը վաղ, թե ուշ սկսում է խախտվել. չէ՞ որ ոչ ոք չի երաշխավորի, որ նույն այդ Թուրքիայով փոխադրման դեպքում չեն ծագի շատ ավելի լուրջ խնդիրներ, քան ուկրաինական սակարկությունները փոխադրման գնի եւ պայմանների վերաբերյալ:

Բայց դե վերադառնանք առասպելական սպառազինության մատակարարմանը: Ադրբեջանի ԱԳՆ համար ռուսական կողմի ցանկացած պատասխան, եթե այն բացասական է, անընդունելի է: «Ադրբեջանի ԱԳՆ պահանջում է լրացուցիչ բացատրություններ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին է փոխանցել Գյումրիի 102 ռուսական ռազմակայանը Հայաստանին փոխանցելու հնարավորության մասին Ադրբեջանի հայցի պատասխանը: Ռուս դիվանագետի պատասխանը չբավարարեց ադրբեջանական կողմին, եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պահանջել է փաստի մանրամասն պարզում»,- ասել է Ադրբեջանկի ԱԳՆ մամլո կենտրոնի աշխատակից Էլհան Պոլուհովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի «քարոզչության նախարարությունում» կարծես թե ամեն ինչ հաշվի են առել, բացի մի կարեւոր փաստից. գոյություն ունեն սպառազինման մասին զանազան միջազգային պայմանագրեր: ԴՕՎՍԵ շրջանակներում եւ' Ռուսաստանը, եւ' Հայաստանը պարտավոր են տեղեկացնել, թե իրենք ինչ, որտեղ եւ ինչ քանակությամբ ունեն: Այս կամ այն միավորների ցանկացած փոփոխությունների կամ տեղափոխման մասին նրանք պարտավոր են տեղեկացնել Վիեննայի ԵԱՀԿ շտաբակայան: Վիեննայում նման տեղեկատվություն չկա, եւ առնվազն դրա պատճառով ԶԼՄ տարածած 800-միլիոնանոց գործարքը չի համապատասխանում իրականությանը: Ցանկացած ժամանակ ԵԱՈՒՍՕ ցանկացած մասնակից կարող է ցանկություն հայտնել` կատարելու պայմանագրի իրականացման տեսչական ստուգում: Մինչեւ հիմա Հայաստանի ստուգումներից եւ ոչ մեկը խախտումներ չի բացահայտել, ընդհակառակը, պայմանագիրը պարբերաբար խախտում է Ադրբեջանը, որն ակտիվ կերպով զենք է գնում Չեխիայում եւ, հատկապես, Ուկրաինայում. խոսքն առաջին հերթին գնում է զրահատեխնիկայի եւ հեռահար ռեակտիվ համազարկային կրակի «Սմերչ» համակարգի մասին: Բաքվի ակտիվ վերազինման մասին տեղեկությունը հայտնի է ՄԱԿ-ին, որտեղ զենքի արտահանող երկրները ամեն տարի ուղարկում են գործարքների մասին տեղեկատվությունը: Բայց այստեղ էլ Ադրբեջանը կարողանում է ամեն ինչ Հայաստանին վերագրել, այդ թվում` իր սպառազինությունը, եւ մոլորության մեջ գցում ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ լրատվական կայքերից օգտվողներին: Ամեն անգամ «քարոզչության նախարարության» գործողություններին պատասխանել չարժե, քանի որ դրանով իսկ Հայաստանն իրեն արդարացողի դրության մեջ է նետում: Բայց ժամանակ առ ժամանակ պետք է ցույց տալ դոկտոր Հեբբելսի ժառանգներին, որ անգամ ստի հարցում չափի զգացողություն է պետք, թեեւ, ինչպես սիրում էր կրկնել ռեյխմինիստրը, սուտը պետք է հրեշային լինի, որպեսզի դրան հավատան:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News