Սկզբում` 2004թ. ներկայացված Nabucco խողովակաշարի նախագիծը ենթադրում էր գազի մատակարարում Պարսից ծոցում գտնվող Իրանի հանքավայրերից: 2006թ. կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված հակամարտության հետ որոշում ընդունվեց փոփոխելու նախագիծը այնպես, որ հնարավորություն լինի գազ մատակարարելու Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ադրբեջանից: Բոլորին էլ պարզ է, որ ներկայիս փուլում նախագիծը, նախ եւ առաջ, քաղաքական բնույթ է կրում: Բավական է տեսնել գազատարի կառուցման մասնակիցների ցուցակը` OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A. (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd. (Հունգարիա), RWE (Գերմանիա): Նախնական գնահատականներով, Nabucco-ի շինարարության արժեքը կկազմի 7,9 մլրդ եվրո: Գազատարի անցումային հնարավորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր: Շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչեւ 2013թ.:
Նախագծի համար ուժգին պայքար են մղում Ադրբեջանն ու Թուրքիան` հիշատակելով «դարի գործարքը»` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը, ըստ էության, չարդարացրեց ծախսերը: Ճիշտ է, նավթը դրանով գնում է Եվրոպա, բայց դա այն հոսքը չէ, որը պետք է տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ բերեր, ինչի մասին սիրում են խոսել Ադրբեջանում: Նույն երեւույթը մենք հիմա տեսնում ենք կապված գազի հետ: Nabucco-ի համար գազը, նախ եւ առաջ, ենթադրվում է ստանալ Կենտրոնական Ասիայից, իսկ երկրորդ հերթին արդեն` Ադրբեջանից: Ինչ վերաբերում է վերջինին, ապա նա պարզապես ուզում է ողջ աշխարհին եւ առաջին հերթին` ԱՄՆ-ին, ցույց տալ, որ հեռանում է Ռուսաստանից, քանի որ գլխավոր գազատարի նախագծում ռուսական գազի համար տեղ չկա: Բայց Ադրբեջանում հաշվի չեն առնում մի փաստ. ԱՄՆ-ում փոխվել է վարչակազմը, եւ նախագահ Բարակ Օբաման հիմա ժամանակ չունի պարզելու Եվրոպայի «սառեցման» պատճառները: Բաքվում պետք է առավել զգոնությամբ գնահատեին այն փաստը, որ Բարակ Օբաման ապրիլին մտադիր է ժամանել Մոսկվա...
ԵՄ-ն նույնպես չի շտապում մեծ գումարներ ներդնել նախագծի մեջ` ընդամենը 250 մլն եվրո ($330 մլն): Ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը որոշել է սպասել: Բուդապեշտի գագաթաժողովին ընդունվեց բավական աղոտ մի հռչակագիր, որի էությունը հանգում է հետեւյալին. «Nabucco նախագծին մասնակցող երկրները Բուդապեշտում կայացած նիստին հաստատեցին Եվրոպայի համար նոր գազատար կառուցելու իրենց որոշումը, որոշեցին շարունակել անհրաժեշտ քաղաքական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական պայմանների ստեղծման շուրջ ջանքերը նախագծի իրականացման համար»: Բայց, ինչն ամենից կարեւորն է, մինչ օրս չի հաջողվում համաձայնեցնել ֆինանսավորման հարցերը եւ ճշտել նախագծի աշխարհագրական սահմանները:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիլմի Գյուլերի կարծիքով, առանց Թուրքիայի Nabucco գազատարի նախագիծը չի կարող իրականացվել: «Ես ցավում եմ, որ Nabucco գազատարի կառուցման նախագծի հարցում կողմերի մոտ կասկածներ են եղել: Այդ ընթացքում մենք արդեն կարող էինք կառուցած լինել գազատարը»,- ասել է նա Բուդապեշտում:
Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով, Nabucco նախագիծը ըմբռնում չունի: «Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ով է վաճառելու եւ ով է գնելու գազը, որի շուրջ արդեն հինգ տարի շարունակ քննարկումներ են ընթանում»,- նշել է նա «Nabucco գազային նախագիծ. պլյուսերն ու մինուսները ՌԴ-ի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար» թեմայով Բաքու-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ:
Փորձագետը նշեց, որ տվյալ նախագծի մասնակից երկրների մեծ մասը գազ քիչ է սպառում: Իսկ նրանց համառ ձգտումը բացատրվում է պարզապես որպես գազի փոխադրող ոչ պակաս շահաբաժին վաստակելու ցանկությամբ: «Ի դեպ, նախագծի մասնակից երկրների մի մասը չեն թաքցնում նաեւ ռուսական «Հարավային հոսք» նախագծի իրանացման իրենց ցանկությունը: Դա խոսում է այն մասին, որ տվյալ նախագիծը, այնուամենայնիվ, քաղաքական է»,- նշել է Ի.Շաբանը:
Մնում է ավելացնել, որ Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների ջերմացման դեպքում քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է. նախագիծը կվերադառնա իր նախնական տարբերակին` իրանական գազի փոխադրմանը: Եւ այդժամ արդեն Իրանն է որոշելու ճանապարհը: Եւ դա նույնպես քաղաքական նախագիծ է լինելու, որովհետեւ միշտ էլ էներգետիկան է թելադրում քաղաքականությանը, եւ ոչ թե` հակառակը: