ԱՄՆ նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արհամարհանքով է վերաբերվում պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին զեկույցներին, գրում է The Washington Post-ը: «Որոշ ընկերներ» հոդվածի հեղինակի խոսքերով, Չինաստանում Քլինթոնը հայտարարեց, թե «մարդու իրավունքի խախտումները Չինաստանում չեն կարող խանգարել տնտեսության, անվտանգության եւ բնապահպանության հարցերի քննարկմանը չինական կողմի հետ»:
Նույն վերաբերմունքը պետդեպարտամենտի զեկույցի հանդեպ Հիլարի Քլինթոնն արտահայտեց նաեւ Եգիպտոս ու Թուրքիա այցերի ժամանակ, որոնք ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներն են տարածաշրջանում: «Պետդեպարտամենտը հրապարակում է իր զեկույցները աշխարհի բոլոր երկրների վերաբերյալ, եւ ես հուսով եմ, որ դրանք կընկալվեն այնպես, ինչպես մենք ակնկալում ենք` այսինքն կառուցողական: Զեկույցը ոչ մի առնչություն չունի նախագահ Մուբարաքի այցին ԱՄՆ»,-ասել է պետքարտուղարը Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչ վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների դրությանը, ապա, ըստ պետքարտուղարի, «քաղաքական գործիչն երբեք չի սիրում մամուլում իր հասցեին հնչող քննադատությունը»: «Սակայն մենք գտնում ենք, որ Թուրքիան հսկայական առաջընթացի է հասել խոսքի ազատության, դավանանքի եւ մարդու իրավունքների ոլորտներում, եւ մենք բոլորս հպարտանում ենք դրանով»,-ընդգծել է Քլինթոնն Անկարայում:
Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում ու Եգիպտոսում վատացել է անցյալ տարվա համեմատ: Նվազագույնի հասցնելով զեկույցում բերված փաստերը, Քլինթոնը վատ ծառայություն է մատուցում իր գերատեսչությանը եւ ուղերձ է հղում ողջ աշխարհի պետությունների ղեկավարներին` ձեր չարաշահումները լրջորեն չեն ընկալվի ԱՄՆ-ի վարչակազմի կողմից»,-ընդգծում է The Washington Post-ը:
Ընդհանուր առմամբ, Հ. Քլինթոնն իրավացի է` մարդու իրավունքների զեկույցը վաղուց արդեն անաչառ չէ, առավել եւս, որ զեկույցին իր մասնակցությունն է բերում նաեւ Human Rights Watch-ը` մի կազմակերպություն, որը մեղմ ասած, համարժեք չի ընկալում իրականությունը հատկապես հետխորհրդային տարածքում: Չհավակնելով այդ հարցում բացարձակ ճշմարտության` ստիպված ենք խոստովանել, որ իրավապահ կազմակերպությունները մեծ մասամբ զբաղվում են ոչ թե մարդու իրավունքների խախտումներով, այլ պետության հասցեին հնչող մեղադրանքներով, որոնք, իրենց կարծիքով, «ժողովրդավար չեն»: Նման օրինակները քիչ չեն` Հարավային Կովկասի երկրները, Ռուսաստանը, Չինաստանը: Չգիտես ինչու այդ զեկույցներում գրեթե երբեք չեն լինում ԵՄ անդամ երկրներն ու ԱՄՆ-ն: Սակայն այս բոլոր հարցերը հռետորական են, չեն վերաբերվում գործի էությանը: Իսկ էությունը նրանում է, որ Վաշինգտոնում այնքան են ցանկանում ձերբազատվել Բուշի վարչակազմի «ծանր ժառանգությունից», որ հաճախ իրենց իսկ դեմ հայտարարություններ են անում:
Ի դեպ, Բարաք Օբաման եւս որոշեց իր ներդրումն ունենալ արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխման մեջ` 30 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը շնորհավորեց Իրանի ժողովրդին Նովռուզի կապակցությամբ: Փաստն, ինքնին, անշուշտ, հարգանքի է արժանի, սակայն Օբաման ստիպված կլինի պարզաբանել բարի կամքի այս ժեստը ամերիկացիներին, որոնց պատանդ վերցրեցին եւ որոնք դժոխքի միջով անցան 1979թ. Թեհրանում եւ վերապրեցին...
Սակայն քաղաքականության մեջ բարոյականությունից հեռու կատեգորիաներ են շրջանառվում: Օգուտ տալիս է նման քաղաքականությունը երկրին թե ոչ` դժվար է ասել: Ամեն դեպքում, մինչ այժմ ԱՄՆ-ն հայտնի էր իր պրագմատիզմով եւ սեփական շահերի պաշտպանությամբ, բնականաբար, աշխարհին ներկայացնելով դա «ժողովրդավարական» փաթեթավորմամբ:
Եվ վերջինը. Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության նախագահ Մեհմեդ Թալաաթը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով կայցելի Վաշինգտոն: Ըստ ԱՄՆ-ում կիպրոսցիների կազմակերպության (CANA), Թալաաթի հրավերը կարող է սխալ ընկալվել որպես Կիպրոսի զավթման եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության գոյության ճանաչում: Ըստ ամերիկացի դիվանագետի, ազգությամբ հույն Գրեգորի Մարկիսի, Կիպրոսի թուրքերի «մեկուսացումը» Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային մասի օկուպացիայի արդյունքն է: Դժվար թե ԱՄՆ պետքարտուղարը իրազեկ չէ Կիպրոսի խնդրին: Համարձակություն վերցնենք ենթադրելու, որ բոլոր ռեվերանսները Թուրքիայի հասցեին կարող են նախապատրաստություն լինել ապրիլի 24-ին, երբ Բարաք Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Սակայն կամա թե ակամա հիշում ես Հարութ Սասունյանի խոսքերը.«Հայերը չպետք է ամեն նորընտիր Կոնգրեսից պահանջեն ճանաչել այն, ինչ երկու անգամ արդեն ճանաչվել է: Կոնգրեսն արդեն երկու անգամ բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին` 1975 եւ 1984թթ.: Հայ ժողովուրդը չպետք է մշտապես խնդրի ԱՄՆ նախագահներին ճանաչել Ցեղասպանությունը»: Իսկ Թուրքիային այստեղ գրգռում է ոչ թե հերթական բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին, այլ այն, որ դա մշտապես կրկնվում է արդեն 30 տարի շարունակ...