Հնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը, այդպիսով հաշվելով մինչեւ Զատիկը մնացած օրերը:
Իսկ Զատկից 1-2 շաբաթ առաջ խոտ էին աճեցնում ապսեներում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Զատկի տոնի անբաժան մասն էր կազմում նաեւ զատկի ծառը, որը ուրբաթ երեկոյան, Զատկից մեկ օր առաջ, զարդարում էին վառ գույնի թելերով, հավկիթներով, ինչպես նաեւ Ակլատիզի տիկնիկներով:
Ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու, Ակլատզի տիկնիկը, որպես հաջողության խորհրդանիշ, դնում էին տներում Մեծ պասի առաջին իսկ օրվանից: Ըստ ավանդության, այն խորհրադանշում էր առնականությունը: Իսկ Զատկից հետո կանայք պետք է այրեին այն կամ նետեին ջուրը: Հնում հայ կանայք Զատկի տոնին սպիտակ բանջարից նվիկ էին պատրաստում եւ սոխով եւ լոբով լցոնված կուտապ: Քանի որ Զատկի տոնին ընդունված էր տարբեր գուշակություններ անել, ապա կանայք գաթա էին թխում, որտեղ մետաղադրամ էին դնում: Պատրաստի գաթան կտրատում էին ընտանիքի անդամների թվով եւ ում որ բաժին ընկներ մետաղադրամը, նրա համար եկող տարին հաջողություն էր բերելու: Ըստ ավանդության, Զատկին բախտ էին բաժանում, եւ ով, որ քնած էր անցկացնում այդ գիշեր, նա զրկվում էր բախտից:
Իսկ շաբաթ երեկոյան սեղանի վրա պետք է լիներ ձուկ, տապակած բանջար ու քաղցր փլավ, ինչն ավետում է Մեծ պասի ավարտը, որի ընթացքում չի կարելի միս եւ կաթնամթերք ուտել: Հայաստանում եւ սփյուռքում կանաչին տարբեր կերպ են մատուցում` օրինակ, Իրանում հայերը տարբեր տեսակի կանաչի են տապակում հավկիթի հետ, Հայաստանում եւս բանջար են պատրաստում, սակայն միայն մեկ տեսականի են օգտագործում` սպանախ, սիբեխ, ծնեբեկ կամ այլ կանաչի, որն աճում է Հայկական բարձրավանդակում:
Հնում ժողովրդական տոնախմբությունը շարունակվում էր մինչ ուշ երեկո: Երկուշաբթի ընդունված է այցելել զոհվածների շիրիմները: Նշենք, որ հայկական եկեղեցական օրացույցում տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը մեռելոցի օրեր են համարվում: