9 հունիսի 2009 - 23:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարները» եւ հայ-ճապոնական աբստրակցիոնիզմը
Հունիսի 1-7-ը Հայաստանի մշակութային միջոցառումների ակնարկ
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի զբոսայգիներում եւ պուրակներում հասարակական գործիչները երեխաների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել: Երեխաները Հայաստանի դրոշի գույներով արհեստական ծառ են պատրաստել, երգել, պարել, նկարել ասֆալտին եւ դպրոցական սեղաններին, եւ այս ամենը բացի ավանդական խաղերից եւ երգերից:
Հունիսի առաջին օրերին Երեւանում սկսվել է Բուլղարիայի Մշակույթի տարին: Ամբողջ շաբաթ Երեւանում ելույթ են ունեցել ազգային եւ դասական համույթներ: Բուլղարիայի Մշակույթի տարվա հանդիսավոր բացման արարողության ժամանակ Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջեւն առաջարկել է շարունակել երկու երկրների միջեւ համագործակցությունը պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության ոլորըում: Տոկաջեւը նշել է, որ Բուլղարիան պատրաստ է Հայաստանին փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել, որը բուլղարական մասնագետները ձեռք են բերել` համագործակցելով իտալական եւ ֆրանսիական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության զարգացման հարցերով:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որն անցյալ տարի նշել էր իր 80-ամյա հոբելյանը, ելույթ է ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը Ջիվան Գասպարյան դպրոցի սաներից մեկի` Ջիվան Գասպարյան-կրտսեր թոռան հետ:
Այս շաբաթ PanARMENIAN.Net-ին հաջողվել է կապ հաստատել Անջելինա Ջոլիի մենեջերի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, Անջելինա Ջոլին մտադրություն է հայտնել երեխա որդեգրել Հայաստանից` որդեգրման համեմատաբար հեշտ գործընթացի պատճառով: Մենեջերի խոսքերով, այդ հարցի շուրջ դեռ ոչ մի նոր տեղեկատվություն չկա:
Հունիսի 4-ին Երեւանում «ՆՓԱԿ» փորձարակական արվեստի կենտրոնում բացվել է ճապոնացի եւ հայ աբստրակցիոնիստների ցուցահանդեսը: «Անցումային հիպոթեզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են Ճապոնիայի եւ Հայաստանի 24 նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսի կազմակերպիչները` Հայկ Այթայանը եւ Մակի Կիկիկոն ցուցահանդեսի օգնությամբ փորձել են երկխոսություն ստեղծել Ճապոնիայում պահանջարկ ունեցող եւ Հայաստանում դժվար ընկալվող աբստրակցիոնիզմի միջեւ:
Անցյալ շաբաթ տեղի է ունեցել «Ջոն Կիրակոսյան: Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը, կազմվել եւ խմբագրվել է գիտնականի որդու` Արման Կիրակոսյանի կողմից:
Գիտնականի եւ հասարակական գործչի 80-ամյա հոբելյանին նվիրված գիրքն իր մեջ պարունակում է փաստաթղթեր, անձնական նամակներ եւ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մասին հեղինակի հիշողություններ: Պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով, գրքի կարեւորությունը ոչ միայն Ջոն Կիրակոսյանի գործունեության եւ մտքերի պատկերացման մեջ է, այլ նաեւ այդ ժամանակի ոգու եւ իրադարձությունների նկարագրման մեջ:
2 ամիս առաջ Երեւանում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի է ունեցել «Արեւի հետքերով» մանկական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված է շրջակա միջավայրի խնդիրներին, եւ գրվել ու նկարազարդվել է Հայաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից: Պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը խոստացել է մոտ ժամանակները ներկայացնել նաեւ գրքի գերմաներեն թարգմանությունը, որը կօգնի գերմանացի երեխաներին ծանոթանալ հայ երեխաների ստեղծագործության հետ, ինչպես նաեւ գերմաներեն լեզվի ուսումնասիրման նյութ հանդիսանալ: Եվ ահա հունիսի 5-ին դեսպանը պահեց իր խոստումը եւ ներկայացրեց «Արեւի հետքերով» գրքի գերմաներեն տարբերակը:
Նույն օրը Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել գերմանացի նկարիչների ծաղրանկարային կոմիքսների ցուցահանդսեի բացումը: Լինելով բավական հայտնի արեւմուտքում թերթային ժանրում, կոմիքսների ծաղրանկարային ժանրը տարօրինակ կերպով Հայաստանում այդքան հայտնի չէ: Չնայած, դատելով ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունից, կարելի է հետեւություն անել, որ ցանկության դեպքում կարելի է Հայաստանում զարգացնել այդ ժանրը:
Հունիսի առաջին ուրբաթն ավարտվել է արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի շաբաթի բացումով, որը ներկայացվել է ֆիլմերի ցուցադրման շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում: Բացումը տեղի է ունեցել «The Club» ակումբում մի քանի կարճամետրաժ անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերի ցուցադրմամբ, որոնք նվիրվել են արգենտինական տանգոյին: Կազմակերպվել է նաեւ բազային պարային շարժումների վիդեոմրցույթ:
Երեւանում մշակութային շաբաթն ավարտվել է հայտնի ալտիստ Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի ելույթով: Երաժիշտները համերգ են ունեցել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, որի ժամանակ հնչել են Գրիգի, Բախի, Չայկովսկու եւ Բախի ստեծագործությունները:
Անահիտ Մինասյան / PanARMENIAN News