13 հունիսի 2009 - 23:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ հասարակությունում մտահոգություն պատճառող անտարբերություն է հայտնվել
Շաբաթվա հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփումը:
Հայաստանում ավարտվող շաբաթվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը դարձավ Երեւանի ավագանիների խորհրդի աշխատանքը, ընդդիմության դանդաղընթաց բողոքի ցույցերը, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ փաստահավաք խմբի ցրումը, ՀՀ խորհրդարանում հարկային օրինագծի եւ «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորման դադարեցման քքնարկումը:
Շաբաթը սկսեց նրանով, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց Երեւանի ավագանիների խորհրդի ընտրությունների վերջնական արդյունքները: Համաձայն այդ տվյալների, 7 տոկոսի պատնեշը հաղթահարել էր երեք քաղաքակ ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը: Ավագանիների խորհրդում մանդատները հետեւյալ կերպ էին բաշխվել. ՀՀԿ` 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»` 17 մանդատ եւ ՀԱԿ` 13 մանդատ:
Սակայն վերջնական արձանագրությունը չեն ստորագրել ԿԸՀ-ի անդամներ Զոյա Թադեւոսյանը, ով ներկայացնում ` «Ժառանգություն» կուսակցությունը, եւ Համլետ Աբրահամյան ՀՅԴ-ից: Ինչպես հայտարարել է Զոյա Թադեւոսյանը, բազմաթիվ խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեին, սակայն Հայաստանի ԿԸՀ-ն այդպես չարեց` իր մերժումը պատճառաբանելով այդպիսի որոշման համար բավականաչափ համոզիչ հիմնավորումների բացակայությամբ: Նա նաեւ ընդգծել է, որ եթե ստորագրելուց հրաժարվում են մի քանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ապա դա խոսում է տեղ գտած լուրջ խախտումների մասին:
Նույն օրը երեկոյան Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի գումարած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը հրաժարվում է Երեւանի ավագանիների խորհրդում իր մանդատներից: Սակայն, չնայած նրան, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը բազմիցս հաստատվել է, ՀՀ ԿԸՀ-ի մամլո ծառայությունը հաղորդել է, որ դիմումներ չի ստացել ընտրացուցակի կազմում ընդգրկված ՀԱԿ-ի ներկայացուցիչների իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններին այլ գնահատական է տվել «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, ըստ որի, չնայած խախտումներին, կաշառքներին եւ կեղծումներին, ընդհանուր առմամբ ընտրությունները կարել է «գոհացուցիչ» համարել: Նա նաեւ հաղորդել է, որ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների միջեւ համաձայնություն էր ձեռքբերվել այն մասին, որ կաշառքներ չեն տրվի, որը սակայն խախտվել էր: Դրա հետ մեկտեղ, նա հրաժարվել էր նշել այն կուսակցությունները, որոնց ներկայացուցիչները կաշառք էին բաժանում, սակայն ճշտել է, որ դրանով զբաղվել են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հայտարարելով, որ Հայաստանի ընտրական համակարգը լիովին համապատասխանում է երկրում ձեւավորված քաղաքական եւ տնտեսական համակարգին: Այդ կարծիքը նա հայտնել է Հայաստանում ընտրական իրավունքի առնչության տիրող իրավիճակի Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ ընդգծել է, որ ընտրություններին չմասնակցած մարդկանց շուրջ 50 տոկոսն ընդդիմության ընտրազանգվածն են, եւ մտագոհություն էր հայտնել, որ հասարակությունում վտանգավոր անտարբերություն է հայտնվել` որպես իշխանության եւ ընդդիմության երկարատեւ դիմակայության հետեւանք:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ում, այնուհետեւ ՀՀ Վճռաբեկ տարանում ԿԸՀ որոշումը վիճարկելու Հայ ազգային կոնգրեսի փորձերը, մի շարք քաղաքական ուժերի մամլո ասուլիսները` ընտրությունների արդյունքների գնահատմամբ, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի մի քանի անդամի ձերբակալությունը, մայրաքաղաքում առանձնակի արձագանք չստացան: Քաղաքական ուժերի եւ ընդդիմության բողոքի դանդաղընթաց ցույցերն արագ մարեցին:
Նախորդ երկուշաբթի բավականին հանդարտ իրավիճակում տեղի էր ունեցել Երեւանի ավագանիների խորհրդի առաջին նիստը, իսկ չորեքշաբթի օրը բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում ընտրված Գագիկ Բեգլարյւանի երդման արարողությունը: Որից հետո կուսակցական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ողջ ուշադրությունը գամված էր «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ խմբի գործունեության կարգի հաստատման մասին» նախորդ տարվա նախագահական հրամանագրի ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին, ինչը, փաստորեն, հանգեցրել է խմբի ցրմանը:
Այդ հրամանագրի դատապարտմամբ առաջիններից մեկը հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսը, որն իր հայտարարությունում իշխանություններին սպառնացել է, որ «այդ արտակարգ փաստը ճիշտ արձագանք կստանա, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հանրությունում, մասնավորապես, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից»: Դրան հաջորդել են խմբի անդամների մի շարք ելույթները` «համատեղ աշխատանքի անհնարինությանը» հանգեցրած պայմանների ստեղծման փոխադարձ մեղադրանքներով: Մասնավորապես, այդպիսի հայտարարություն կատարել է խմբի նախագահ Վահե Ստեփանյանը` փորձելով հիմնական մեղքը բարդել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի վրա:
Պատասխան մամլո ասուլիսի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ խմբում հարաբերությունների լարվածության առնչությամբ ներկայացված պատճառը համոզիչ չէ, եւ նշել է, որ հարաբերությունները լարվեցին ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան իրական պատկերի վերաստեղծումից հետո: Նա ընդգծել է, որ մարտի մեկի իրադարձությունների փաստահավաք խմբի ցրման մեխանիզմը գործարկել է հենց Վահե Ստեփանյանը` առանց նախազգուշացման արձակուրդ գնալով, որին հաջորդել է նախագահի համատասխան հրամանագիրը:
Համանման կարծիք հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա ընդգծել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խմբի աշխատանքի դադարեցման համար ոչ մի մասնագիտական կամ քաղաքական պատճառ չի եղել: Նա վստահություն է հայտնել, որ խմբի աշխատանքը չի վերսկսվի, եթե իշխանությունների վրա միայն ներքին ճնշում գործադրվի: Նույնսիկ եթե դա տեղի ունենա արտաքին ճնշման ազդեցությամբ, ապա, բոլոր դեպքերում, աշխատանքի ձեւաչափը կփոխվի: Նա նաեւ ընդգծել է, որ փաստահավաք խմբի ցրումը բացասական ազդեցություն կունենա հասարակության եւ երկրի զարգացման վրա:
Այդ տեսանկյունից, փաստահավաք խմբի ցրումը ծրագրված գործողություն էր եւ իրականացվել էր լոկ այն բանի համար, որպեսզի խմբի անդամները չպարզեին տեղի ունեցածի իրական պատկերը, այդ կարծիքին համաձայն է նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ, 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Կարապետյանը:
Համենայնդեպս, ներկայումս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բոլոր փաստերն ու փաստաթղթերը գտնվում են ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի մոտ եւ ուսումնասիրության համար կբացվեն երկուշաբթի օրը:
Շաբաթը նշանավորվել է նաեւ նախագահի կողմից համաներման հայտարարման հնարավորության հասարակական քննարկմամբ, «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանի ֆինանսավորման դադարեցմամբ, Հայաստանին 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի տրամադրմամբ եւ ՀԱԿ-ի հանրահավաքով, որտեղ վեջինիս առաջնորդը կրկին կոչ է արել իշխանությունների դեմ պայքարել միայն սահմանադրական եղանակով, այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հեռանա Հայաստանից: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշանակել է հաջորդ հանրահավաքի օրը, որը կկայանա արդեն աշնանը` սեպտեմբերի 18-ին: