20 հունիսի 2009 - 22:15 AMT
ՀՈԴՎԱԾ
Ո՞վ գլխավորը կլինի տարածաշրջանում
Իրանը բավականին մեծ դերակատարություն ունի Մեծ Մերձավոր Արեւելքի համակարգում, եւ նրանից, թե որ ճանապարհով կընթանա երկիրը, կախված է նաեւ տարածաշրջանի ապագան
Իրադարձություններն Իրանում կարծես սկսում են զարգանալ մի սցենարով, որը այաթոլլա Ալի Համեներին չէր նախատեսել: Ուրբաթօրյա նամազից հետո հանգիստ տներով ցրվելու փոխարեն, ընդդիմությունն այնուամենայնիվ պահանջում է կրկնական քվեարկության անցկացում, չբավարարվելով ձայների վերահաշվարկով: Ի դեպ, կվերահաշվարկվի ընտրաթերթիկների միայն 10 տոկոսը, այն էլ ընտրովի, ինչը նույնիսկ ոչ թե զիջում է, այլ ուղղակի «բարի կամքի» դրսեւորում:
Ընդդիմության ու հոգեւոր իշխանությունների դիմակայությունը, որը Իրանին սպառնում է հեղափոխությամբ եւ նույնիսկ փլուզմամբ, եթե նույնիսկ այժմ դա տեղի չունենա, կարող է ձգձգվել, սակայն ոչ ավելին, քան մեկ տարի: Արեւմուտքի ու առաջին հերթին ԱՄՆ-ի մեղադրանքներն իրենց դերը կկատարեն երկրի խարխլման գործում: Եթե ընդդիմությունը, որն առաջին հայացքից մի փոքր պառակտված է, կարողանա միավորվել, ապա դա կդառնա նոր Իրանի առաջացման սկիզբը: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ, որպեսզի այդ նոր Իրանը հայտնվի քաղաքացիական պատերազմի արդյունքում, թեեւ էթնիկ հուզումներ նման բազմազգ երկրում անպայման կլինեն:
Սակայն ամեն ինչ այդքան հստակ չէ` Իրանը բավականին մեծ դերակատարություն ունի Մեծ Մերձավոր Արեւելքի համակարգում, եւ նրանից, թե որ ճանապարհով կընթանա երկիրը, կախված է նաեւ տարածաշրջանի ապագան: Կոպիտ ասած` բանը նրանում է, թե ով կլինի գլխավորը` միտումնավոր այս շաբաթ ստվերում մնացած Թուրքիան թե՞ նոր Իրանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահը մինչ օրս չի շնորհավորել Ահմադինեժադին վերընտրվելու կապակցությամբ, թեեւ ըստ տրամաբանության, պետք է դա աներ: Թուրքիան սպասում է, եւ Միր Հոսեյ Մուսավիի գործերի ընթացքից է կախված նաեւ նրա հետագա վարքագիծը: Ամեն դեպքում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն այսօր պետք է բանակցություններ վարի Մոսկվայում: Թուրքիայիեւ, բնականաբար, Ադրբեջանի համար , Մուսավիի թեկնածությունը գերադասելի է, նույնիսկ ելնելով զուտ էթնիկ մղումներից: Ինչպես հայտնի է, Մուսավին ադրբեջանցի է, թեեւ պետք է նշել, որ իրանցի ադրբեջանցիները բավականին սառն են վերաբերվում հյուսիսի իրենց «եղբայրներին»: Բանն այն է, որ Մուսավին առավել բաց քաղաքականություն կվարի, եւ այսօրվա դրությամբ դրանում է նրա ուժը:
Բարեփոխիչների ծրագրերը ձեռնատու են նաեւ Իսրայելին, որը շահագրգռված է հանգիստ եւ կանխատեսելի Իրանում, որը չի սպառնում երկրի երեսից ջնջել հրեաների պետությունը: Ճիշտ է, կարելի է ենթադրել, որ Ահմադինեժադի հայտարարություններն ընդամենը խոսքեր են, որ կոչված են ապացուցելու, որ Իրանը կարող է անել տարածաշրջանում այն, ինչ հարկ է համարում, սակայն ցանկացած դեպքում, չի խանգարի ապահովագրվել: Հավանաբար, հենց այդ պատճառով է Իսրայելի Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմավարական հարցերի նախարար Մոշե Յաալոնը գտնում է, որ բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին հեղափոխություն կանի: «Երբ ես դեռեւս ռազմական հետախուզության ղեկավարն էի, արդեն ասում էի եւ կրկնում եմ այժմ` իրանցիների շուրջ 70 տոկոսը դեմ է այաթոլլայի ռեժիմին: Մուսավին ու նրա կինը պարզության նոր ոգի բերեցին, ուստի, կրկնում եմ` Իրանում հեղափոխություն կլինի: Այժմ հնարավոր չէ զսպել էներգիան, ես գտնում եմ, որ Իրանի ռեժիմը պետք է դա հաշվի առնի: Այն, ինչ կատարվում է այժմ, միանգամայն հուսադրող ազդանշան է Արեւմուտքի համար...Սա հակամարտություն է ջիհադի գաղափարախոսության ու Արեւմուտքի միջեւ, ասել է Յաալոնը, գրում են Իսրայելի ԶԼՄ-ները:
Նա նաեւ հավելել է, որ երկխոսության համար եղել են փոփոխությունների իրական նախադրայլներ: Դրա մասին են խոսում ամերիկացի սունի մահմեդականները: «Զգույշ եղեք, չբանակցեք Իրանի հետ մեր հաշվին: Ես մինչ օրս փոփոխություն չեմ տեսնում, իսկ եթե նախադրյալներ չկան, ուրեմն երկխոսությունն անօգուտ է լինելու, եւ միայն մեր դեմ է աշխատելու»,-ասել է Իսրայելի նախարարը:
Մինչդեռ, Guardian-ը հաղորդել է, որ Միր Հոսեյն Մուսավին առաջնորդել է իր կողմնակիցներին դեպի ներքին գործերի նախարարություն: Ըստ ստացվող տվյալների, նրան ուղեկցում են շուրջ 10 000 ցուցարարներ: Հաղորդագրության մեջ թերթի աղբյուրները «վստահելի են համարվում»: Ցուցարարների կուտակման շրջանում են տեղակայվել ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր եւ «Բասիջ» կառավարամետ խմբավորման անդամներ: Ահմադինեժադի ոստիկանության անդամները զինված են դանակներով եւ մետաղյա ձողերով: Իսկ դա նշանակում է, որ Թեհրանի փողոցներում կրկին արյուն կհեղվի: Կկարողանա արդյոք Ալի Համենեին կասեցնել անխուսափելի արյունահեղությունը, եւ ինչպես դրանից հետո կապրի Թեհրանը, հարցական է:
Ընդհանրապես նախագահական ընտրությունները բազում հարցեր առաջացրեցին, որոնց պատասխանները չկան, քանի որ որեւէ տեղեկություն չկա զուգահեռաբար աշխարհում ընթացող ապակառուցողական միտումների մասին: Ընդհանուր ֆոնի վրա դեռեւս պարզ չէ Մերձավոր Արեւելքի խոշորագույն խաղացողի` Ռուսաստանի դիրքորոշումը, որը փորձում է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրած դիրքերը իսլամական աշխարհում: Եվ վերջինը: Որքանո՞վ են լուրջ ՀՀ ԱԺ խոսնակի Իրան այցելության պատճառները ծավալվող իրադարձությունների ֆոնի վրա:
Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News