1 հուլիսի 2009 - 00:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Սպասվու՞մ է արդյոք Եգիպտոսին «արմավե» հեղափոխություն
Ամեն դեպքում, որքան էլ անարյուն լինի Եգիպտոսում իշխանափոխությունը, բացառված չէ, որ առաջիկ ընտրությունների ժամանակ կարող է խաղարկվել արդեն փորձարկված սցենար, երբ ընդդիմությունն արդեն նախօրոք մեղադրում է իշխանություններին կեծղումներ կատարելու մեջ
Հունիսի 30-ին եգիպտական ընդդիմադիր թերթը հայտարարել է, որ մոտ ժամանակները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը 28 տարվա նախագահությունից հետո հրաժարական կտա` առաջարկելով իր փոխարեն որդուն` իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Համալ Մուբարակին: Նորությունը, մեղմ ասած, բավական անսպասելի էր, եթե հաշվի առնենք «արեւելյան ժողովրդավարության» ավանդույթները: Մուբարակի հեռանալը կարող է փոխել Մեծ Մերձավոր Արեւելքի կոնֆիգուրացիան, ճիշտ է կարճաժամկետ հեռանկարում:
Դժվար թե Համալ Մուբարակը հորից տարբերվող քաղաքականություն վարի, հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում: Գալիք իշխանափոխությունը Կահիրեում կարող է զարգանալ երկու կամ մի քանի սցենարներով, որոնցից մեկը կարող է ուղորդվել պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման դեմ: Պետք չէ մոռանալ, որ Եգիպտոսը միակ արաբական երկիրն է, որի հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի: Վերջին 28 տարիների ընթացքում նախագահ Անվարի սպանությունից հետո Եգիպտոսը հարկ համարեց քիչ թե շատ նորմալ հարաբերություններ հաստատել Թել-Ավիվի հետ` միաժամանակ չմոռանալով իր կրոնակիցներին: Բայց, ճիշտ է նաեւ այն, որ Մուբարակը երկաթե ձեռքով ճնշել է բոլոր իսլամական խմբավորումների գործունեությունն իր երկրի տարածքում:
Եթե որպես տարբերակ ընդունենք Կահիրեի արտաքին քաղաքականության անփոփոխ լինելն ինչպես հարեւանների, այնպես էլ հիմնական դաշնակիցների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նկատմամբ , ապա կարելի է ասել, որ այդ դեպքում տարածաշրջանում փոփոխությունները վերաբերվելու են միայն պաղեստինցիներին: Նշենք, որ վերջին հաշվով Պաղեստինի անկախ պետությունը ոչ մեկին պետք չէ եւ առաջին հերթին այն պետք չէ հենց արաբներին. ավելորդ գլխացավանք: Եգիպտոսի արտաքին քաղաքական կուրսի անփոփոխությունը հարմար է նաեւ Իսրայելին, հատկապես եթե հաշվի առնել Մուբարակի եւ Սպիտակ տան վարչակազմի միջեւ վերջերս հաստատված բավական սերտ կապերը, հատկապես Կահիրեի համալսարանում Բարաք Օբամայի աղմուկ հանած դասախոսությունից հետո: Ինչպես հայտնի է, խոսքը խոսք, իսկ քաղաքականությունը քաղաքականություն: Կարելի է ասել, որ Եգիպտոսը որոշ առումով կրկնում է Սիրիային «ժառանգի» փոխանցման հարցում, ինչպես իր ժամանակ վարվել է հանգուցյալ Հաֆեզ Ասադը: Եվ բարեկամները նույնն էին` Ռուսաստանը, այսինքն ԽՍՀՄ-ը եւ Ֆրանսիան: Ասադ-ավագի մահից անցել է 9 տարի, եւ Սիրիան միայն հիմա է որոշ փոփոխությունների դիմում տարածշարջանում իր քաղաքականության մեջ. լինի դա Լիբանանից զորքերի դուրս բերումը, Իսրայելի հետ երկխոսության փորձը եւ ԱՄՆ հետ հարաբերությունների վերականգնումն ամբողջ ծավալով դեսպանների մակարդակով:
Այդ առումով Եգիպտոսն, իհարկե, ավելի քիչ հոգսեր ունի, բայց ոչ ոք չի կարող ասել, թե կկատարվի երկրում նախագահի մահի դեպքում: Սովորաբար, եւ դա արդեն օրենք է դարձել, կոշտ առաջնորդի իրավահաջորդն առավել անշահավետ դիրքում է հայտնվում: Եւ հենց դա էլ կարող է խթանել տարածաշրջանում հերթական լարվածության առաջացմանը, որտեղ բացի ավանդական խաղացողներից մասնակցելու են նաեւ Թուրքիան, Իրանը եւ միգուցե Սիրիան: Ընդ որում, մենք հաշվի չենք առնում հիմնանակններին` ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան եւ Իսրայել: Ամեն դեպքում, որքան էլ որ անարյուն լինի իշխանափոխությունը Եգիպտոսում, չի բացառվում, որ առաջիկա ընտրությունների ժամանակ կարող է արդեն փորձված սցենար խաղարկվել, երբ ընդդիմությունն արդեն նախապես իշխանություններին մեղադրում է կեղծումների մեջ: Իրանական իրադարձությունները պետք է օրինակ ծառայեն ողջ Մերձավոր Արեւելքի համար:
2009թ. սեպտեմբերին Եգիպտոսում նշանակված են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Իսկ Եգիպտոսի նախագահական ընտրությունները պետք է կայանան 2011թ., եւ ներկա պահին պարզ չէ, թե արդյոք դրանք նույնպես ավելի վաղ կանցկացվեն, թե ընտրություններին նախորդող շրջանում նախագահի պարտականությունները կատարելու է Համալ Մուբարակը:
Մենք կարող ենք ականատես դառնալ եւս մեկ` այս անգամ «արմավե» հեղափոխության, «նարնջագույն» կամ «կանաչ» հեղափոխության նմանությամբ: Ճիշտ է, այդ հեղափոխության ելքը Եգիպտոսում կարող է ավելի հոռետեսական լինել, քան Իրանում: Իսկ միգուցե եւ ոչ, եւ ամեն ինչ կընթանա արդեն հնացած սցենարով: ԱՄՆ, իսկ ավելի ճիշտ` հրեական լոբբին պարզապես անկայունություն թույլ չեն տա Իսրայելի հետ սահմանին եւ կարող են արգելակել եգիպտական ընդդիմության դժգոհությունը:
Կա եւս մեկ հնարավոր սցենար, որին հրահրում է պետության ղեկավարի` իշխանությունից հեռանալու` Արեւելքի համար ոչ ավանդական տարբերակը` պաղեստինյան հարցի կոնկրետ լուծումը Իսրայելին ձեռնտու ուղով: Ընդ որում Թել-Ավիվը լուծում է խնդիրը` օգտագործելով «խաղաղության պարտադրելու» սկզբունքը, որի նախադեպը արդեն կա միջազգային պրակտիկայում: Հարցը կայանում է նրանում, որ դրանից կշահի Մեծ Մերձավոր Արեւելքը` հերթական պատերազմ եւ Պաղեստին պետության ստեղծում առանց Երուսաղեմի կամ որոշակի հավասարակշռություն` յուրահատուկ կեմպ-դեւիդյան գործարք:
Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News