18 հուլիսի 2009 - 23:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Նախագահների քաղաքական դերբին
Նախագահների միջեւ վեց հանդիպումների ընթացքում առաջին անգամ ոչինչ չասեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք սովորաբար առույգ եւ լավատեսությամբ են խոսում «առաջընթացի, կառուցողականության, առաջխաղացման մասին»
Այն, որ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կավարտվի առանց տեսանելի արդյունքի, գրեթե ոչ ոք չէր կասկածում: Սակայն դա ոչ մի կերպ չազդեց Հայաստանի ու Ադրբեջանի այսպես կոչված քաղաքագետների վրա, որոնք ինչ-որ համաձայնագրի մասին էին խոսում, որը ստորագրվելու է Մոսկվայում, «ժողովրդների դավաճանության մասին», «հայրենիքը վաճառելու» մասին: Բավականին հետաքրքիր, եթե չասենք լուրջ բան տեղի ունեցավ` մամուլի ներկայացուցիչներ մոտ դուրս եկան ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այլ նաեւ արտգործնախարարները:

Այս ամենը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս, ընդ որում բավական անմխիթարական: Դատեք ինքներդ, նախագահների միջեւ վեց հանդիպումների ընթացքում առաջին անգամ ոչինչ չասեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք սովորաբար առույգ եւ լավատեսությամբ են խոսում «առաջընթացի, կառուցողականության, առաջխաղացման մասին»: Եվ նույնիսկ լավատես Բրայզան բավական զգուշավոր էր իր գնահատականներում: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ որոշում կայացվել է հանդիպմանը, ընդ որում բավական արմատական որոշում, որի մասին խոսելը դեռեւ ժամանակավրեպ է: Դատելով Իլհամ Ալիեւի մռայլ դեմքից, բանակցություններն այնպես չեն ընթացել, ինչպես նա կցանկանար: Հավանական է, որ գազն այդպես էլ հաղթաթուղթ չդարձավ, այլ հավասար պայմանների դեպքում գլխավորն այնուամենայնիվ ռազմավարական գործընկերությունն է, որը ՌԴ-ին տարածաշրջանում օդի պես է հարկավոր, քանի որ ամբողջ թափով Մոսկվային դուրս են մղում եւ դա չի նկատի միայն ծույլը: Հարցն այն է, թե կգնա արդյոք ՌԴ-ն բացահայտ սրացման Հարավային Կովկասում եւ ինչպես դա կանդրադառնա Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա: Իսկ եթե հավելենք նաեւ ամերիկացի զինվորականների ու դիվանագետների հաճախակի դարձած այցերը Հայաստան, ապա իրավիճակը բավական տխուր է թվում: Եվրոպան եւս փորձում է ետ չմնալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Բաքու եւ դրան անմիջապես հաջորդած ԵՄ Տրոյկայի տարածաշրջանային այցը մոսկովյան հանդիպումից հետո: Դատեք ինքներդ` Հայաստանը ռազմական տեխնիկա է ստանում ՀԱՊԿ քվոտաներով, Ադրբեջանը շատ եւ հաջողությամբ զինվում է, թեեւ կարծես, զինվելու էլ տեղ չկա, որովհետեւ Ղարաբաղը «ետ բերելու» համար այդ քանակի զենք ու տեխնիկա հարկավոր չէ, Վրաստանը սպասում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցին եւ այս ամենը Երեւանի դեմ Բաքվի ահագնացող քարոզչական պատերազմի պայմաններում:

Այս ֆոնի վրա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների «հանդարտ» հանդիպումը Մոսկվայի հսկողության տակ, արտառոց մի բան է: Նշանակում է, Մոսկվայում իրոք բեկում է գրանցվել եւ այժմ հաշվարկվում է, թե ինչ դա կբերի Լեռնային Ղարաբաղին: Մեծ հաշվով երկու ելք եւ երկուսն էլ կարող են պատերազմով ավարտվել` կամ վերջնականապես հաստատվում է ԼՂՀ որպես անկախ պետության կարգավիճակը, կամ համաշխարհային հանրությունը վերադարձնում է Բաքվին անվտանգության գոտին: Այստեղ կարեւոր չէ, թե քանի շրջան հարկ կլինի վերադարձնել, կարեւոր է բուն փաստը, որը դոմինոյի սկզբունքով ԼՂՀ-ն կվերածի ԼՂԻՄ-ի: Այսինքն, ինչին այդքան ձգտում է Ադրբեջանը վերջին 15 տարում: Ինչպես մենք արդեն ասացինք, պատերազմն անխուսափելի է երկու դեպքում էլ, ավաղ: Եվ հարկավոր է այդ պատերազմը Ռուսաստանին, որպեսզի, ինչպես արդեն ասել ենք, դուրս չմղվի տարածաշրջանից: Հասկանալի է, որ սկզբնական շրջանում Մոսկվան կսատարի ավանդական դաշնակցին, սակայն թե ինչ կլինի հետո, կանխատեսել չի կարող ոչ ոք: Եվ երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան խոսում են տարածաշրջանի աղետի մասին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, նրանք իրավացի են, նրանց պատերազմ հարկավոր չէ, նրանք իրենց խնդիրներն այլ կերպ են լուծում: Առավել եւս, որ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Իրանը, թող տարօրինակ չթվա, միշտ չեն կողմնորոշվի դեպի Մոսկվան` ավելի թանկ է նստում, եւ չի էլ ստացվի: Մնում է Հայաստանը, որն իրոք կարող է լիակատար մեկուսացման մեջ հայտնվել զուտ օբյեկտիվ պատճառներով: Որքան էլ դա տհաճ լինի ռուսների համար, տարածաշրջանում նրանց ոչ ոք չի սիրում: Հանդուրժում են, այո, սակայն ցանկացած պահի պատրաստ են շրջվել դեպի Արեւմուտք, ինչպես դա արեց Վրաստանը, ինչպես պատրաստ է անել Ադրբեջանը: Նույնիսկ Իրանի ընդդիմությունն է սկսել վանկարկել «Մահ Ռուսաստանին», «Մահ Չինաստանին»: Իսկ սա արդեն լուրջ է, կողմնորոշման փոփոխությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ սարերի ետեւում չէ եւ դրա մասին է վկայում այն, որ միջուկային ծրագրի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ալի Աքբար Սալեխին, որը նոխկին դեսպանորդն էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում: Նրա մասին հայտնի է, որ նա դեմ է Իսրայելի հետ պատերազմին եւ սատարում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին:

Մի խոսքով, «անարդյունք» հանդիպման մասին խոսակցություններն ավելորդ են: Տարածաշրջանը հերթական անգամ պատերազմի շեմին է հայտնվել եւ հերթական անգամ այն ցանկանում են վերաձեւել: Իսկ եթե հիշենք քրդերի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Nabucco գազամուղի հետ կապված խնդիրները, որը ՌԴ-ի համար ինչպես ոսկոր լինի կոկորդում, կարելի է ենթադրել, որ աշնանը մեզ մեծ փոփոխություններ են սպասում: Ի դեպ, հենց աշնանն է տեղի ունենալու Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News