16 հոկտեմբերի 2009 - 23:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ աստիճան կարող են վատթարանալ իսրայելա-թուրքական հարաբերությունները
Հարաբերությունների վատթարացման ֆորմալ պատճառ հանդիսացավ «Ձուլված կապար» օպերացիան, բայց ամեն ինչ իրականում ավելի լուրջ է. Թուրքիան վերջին ժամանակներում փորձում է դուրս գալ ԱՄՆ ազդեցության տակից
Թուրք - Իսրայելական հարաբերությունները, որոնք վատթացարել են այս տարվա հունվարից սկսած Դավոսում, ոչ մի կերպ չեն կարգավորվում: Դեռ ավելին` օրեցրօր ավելի է մեծանում երկու բարեկամական թվացող երկրների միջեւ հարաբերությւնների ճաքերը: Իրադարձությունների շարքից վերջինը հանդիսացավ թուրքական հեռուստատեսությամբ «Այրըլըղ» («Հրաժեշտ») հեռուստասերիալի ցուցադրությունը, որում իսրայելցի զինվորականները ներկայացված են անխնա մարդասպանների դերում, որոնք առանց որեւէ պատճառի կրակում են անզեն խաղաղ բնակիչների եւ երեխաների վրա:

Երուսաղեմում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյախուն հույս հայտնեց, որ Թուրքիան կաջակցի խաղաղությանը, այլ ոչ թե ծայրահեղական էքստրեմիստներին: «Թուրքիան կարեւոր պետություն է եւ հարաբերությունները նրա հետ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Ես հուսով եմ, որ մենք ականատեսներ չենք հանդիսանում այն ուղու փոփոխության, որով Թուրքիան գնում էր մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց նա:

Անկարան իր հերթին չեղյալ հայտարարեց «Անատոլիայի Արծիվ» զորավարժությունները: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուի խոսքերով դրա պատճառը հանդիսացավ զորավարժություններին իսրայելական օդուժի մասնակցությունը: «Թուրքիան չի ուզում հրավիրել օդաչուների, որոնք ռմբակոծել են Գազայի խաղաղ բնակիչներին», - նշեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Հարաբերությունների վատթարացման ֆորմալ պատճառ հանդիսացավ «Ձուլված կապար» օպերացիան, բայց ամեն ինչ իրականում ավելի լուրջ է. Թուրքիան վերջին ժամանակներում փորձում է դուրս գալ ԱՄՆ ազդեցության տակից: Այս ուղղությամբ առաջին քայլը կատարվեց 2003թ-ին, երբ Անկարան հրաժարվեց ամերիկյան զորքերին մուտքի հնարավորություն տալ Իրաք: Երկրորդ քայլը կատարվեց է հիմա. վարչապետ Էրդողանը բացահայտ աջակցություն հայտնեց Իրանին, ինչը չավելացրեց Թուրքիայի նկատմամբ համակրանքը օվկիանոսի այն կողմում: Չնայած նաեւ Բարաք Օբամայի աշխատակազմի կողմից տարված Ջորջ Բուշի աշխատակազմի մարտավարության փոփոխման ծրագրերին` որն ուղղված է Մերձավոր Արեւելքին եւ Իրանին, ԱՄՆ հիմնական հեռանկարները մնում են անփոփոխ: Նույնպես անփոփոխ է նաեւ Իսրայելին ցուցադրվող աջակցությունը, որն ըստ էության կարող է մնալ միայնակ:

Երուսաղեմի հետ համագործակցության կրճատումն ակնհայտ պետք է խթանի մահմեդական երկրների շարքում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը, իսկ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է անցաթուղթ հանդիսանալ դեպի Եվրոմիություն: Այս «պատմական իրադարձության» ֆոնին եվրոպական երկրները պատրաստ են նաեւ իրենց աչքերը փակել Թուրքիայի կողմից Սիրիայի եւ Իրանի հետ մերձեցման վրա: Իսրայելի համար էլ հայ - թուրքական խաղաղության պայմանագիրը վնասակար է այն կեղզ զուգահեռներով, որը նա արթնացնում է միջազգային խաղաղապահների գիտակցության մեջ. իբր ահա օրինակ, թե ինչպես կարող են երկու պետություններ վերջ դնել պատմական թշնամանքին եւ սկսել կառուցողական երկխոսություն:

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վատթարացումը հետեւանքը հանդիսացավ այն բանի, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազեց: Իսրայելի արտահանումը Թուրքիա նշված ժամանակաշրջանում կազմեց ընդամենը 800 մլն դոլար` համեմատած 2008թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում կազմած 1.3 միլիարդ դոլարի հետ:

Մի խոսքով, ինչպես եւ մենք արդեն ասել էինք, հայ - թուրքական հարաբերությունների ձեւաչափի փոփոխումը անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ տարածարշջանի վրա, եւ այն արդեն ազդել է Ադրբեջանի եւ Իսրայելի վրա: Չհաշված Եգիպտոսը, Թուրքիան միակ մահմեդական պետությունն էր, որի հետ Իսրայելն ուներ բնականոն հարաբերություններ: Իհարկե, պետք չէ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը կապել Հայաստանի հետ պայմանավորվածությունների հետ, սակայն Արձանագրությունները հավանաբար դարձան այն խթանը, ինչի կարիքն ուներ Թուրքիան Թել-Ավիվի հետ տնտեսական եւ որ ամենակարեւորն է ռազմա-ստրատեգիական հարաբերությունների վերանայման համար:

ՄԻնչդեռ, ինչպես հայտնում է Իսրայելական Maariv թերթը, Թուրքիայի ավանդական հեղինակություններն աստիճանաբար կորցնում են իրենց ուժը: Բանակն արդեն չի կարգավորում ամբողջ պետությունը, ինչպես դա նախկինում էր: Դիվանագիտական էլիտան մի կողմ է քաշված: Նրանց տեղը զբաղեցնում է Իսլամը: Գլուխ է բարձրացնում նեո-օսմանյան գաղափարախոսությունը: «Թուրքիայում ավելի հաճախ են սկսում խոսել երբեմնի հզորության վերադարձի մասին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում մերձավոր արեւելյան տարածաշրջանին եւ հարեւան մահմեդական երկրներին` ի վնաս Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների: Սա իրական եւ խորքային փոփոխություններ են, որոնք տեղի են ունենում թուրք հասարակության մեջ: Իսլամի գործոնը ուժեղանում է Աթաթուրքի գաղափարախոսության հաշվին, որը ժամանակակից Թուրքական հարաբերության հիմքում է գտնվում: Ի դեպ, թուրքերի կարծիքով, Իսրայելում տեղի են ունենում նմանատիպ երեւույթներ. ավելի ծայրահեղական կրոնական հոսանքները զբաղեցնում են ձախակողմյան գաղափարախոսության տեղը: Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակիցները շատ քիչ են, աջերը եկել են իշխանության», - նշվում է հոդվածում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News