27 նոյեմբերի 2009 - 22:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Իրանի վերաբերյալ բանաձեւն ընդունվել է, Թեհրանը շահեց
Բավական մեծ քանակությամբ թշնամի երկրների առկայության պայմաններում Թեհրանը պարզապես ստիպված է որոշակի զսպող բան ունենալ, որպեսզի չարժանանա Իրաքի ճակատագրին
ՄԱԳԱՏԷ կառավարողների Խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձեւ, որով քննադատեց Իրանին իր երկրի տարածքում Կում (Թեհրանից հարյուր կիլոմետր հարավ) քաղաքի մոտակայքում ուրանի հարստացման «Ֆորդու» երկրորդ գործարանը կառուցելու համար եւ կոչ արեց հաստատել, որ «Գործակալությանը» չներկայացված այլ միջուկային օբյեկտների շինարարության մասին որոշումներ չեն ընդունվել»: Բանաձեւի ընդունմանը կողմ քվեարկեցին ՄԱԳԱՏԷ կառավարողների Խորհրդի 25 անդամներ, դեմ` Կուբան, Վենեսուելան ու Մալայզիան:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, ՄԱԳԱՏԷ-ն Իրանին կոչ է անում «ամբողջությամբ եւ անհապաղ» կատարել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի բանաձեւերը: Կառավարողների խորհուրդն Իրանին կոչ է արել նաեւ փոխգործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ իրանական միջուկային ծրագրին վերաբերող մնացած բոլոր հարցերը պարզելու համար, ինչպես նաեւ ապահովել Գործակալությանն անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը:

Իրանը պետք է նաեւ «ամբողջությամբ եւ անհապաղ» կատարի իր պարտականություններն ու վավերացնի ՄԱԳԱՏԷ հետ երաշխիքների մասին Համաձայնագրին լրացուցիչ արձանագրությունը, նշվում է բանաձեւում:

ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենքի մշակման հարցում: ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը հինգ բանաձեւ է ընդունել եւ Իրանին պատժամիջոցներ նշանակել` նրանից պահանջելով հրաժարվել ուրանի հարստացումից: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրում էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:

Փաստորեն ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի ձեռքով Թեհրանին մերժել է միջուկային ծրագիր ունենալու իրավունքը, մինչդեռ բոլոր հարեւանները, բացի Աֆղանստանից, ատոմային ռումբ եւ ատոմային էլեկտրակայաններ ունեն: 2006-ից ՄԱԳԱՏԷ-ն ապարդյուն կերպով փորձում էր Թեհրանին «կարգի հրավիրել» եւ բանաձեւեր չէր ընդունեւմ, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց: Կոպիտ ասած` չէր էլ կարող ստացվել, որովհետեւ Մահմուդ Ահմադինեժադն այն նախագահներից չէ, ում կարելի է ստիպել որեւէ բան անել, ինչը, իր կարծիքով, չի արձագանքում երկրի ազգային շահերին: Միջուկային պոտենցիալին տնօրինելով` բարձրանում է երկրի անվտանգությունը, առավել եւս այնպիսի երկրի, ինչպիսին Իրանն է: Բավական մեծ քանակությամբ թշնամի երկրների առկայության պայմաններում Թեհրանը պարզապես ստիպված է որոշակի զսպող բան ունենալ, որպեսզի չարժանանա Իրաքի ճակատագրին: Իսկ որ նման սցենարը դեռեւս դիտարկվում է, կասկածի տեղիք չի տալիս: Բայց մի բան է հարձակվել ատոմային ռումբ չունեցող երկրի վրա, եւ բոլորովին այլ է անել նույն բանը` իմանալով, որ Թեհրանում երկար չեն մտածի ու կարող են կշտամբող քայլ անել: Իսրայելի հասցեին սպառնալիքներն առայժմ սպառնալիք են մնում: Իսկ թե ինչ կարող է պատահել, եթե Պենտագոնում կամ Թել-Ավիվում մեկի մտքով անցնի հարձակվել Իրանի վրա, պատկերացնել անգամ չարժե: Տարածաշրջանը կընկղմվի անկառավարելի քաոսի հորձանուտի մեջ: Հենց այդ պատճառով ամեն ինչ հանգեցվում է բանաձեւերին ու հորդորանքներին: Իշխանափոխության շուրջ Արեւմուտքի հույսերը չարդարացան, թեեւ դժվար թե մեկ ուրիշ նախագահ, ում փորձում էին տեսնել Ահմադինեժադի փոխարեն, կկարողանար Ալի Համենեիի կամքին դեմ գնալ եւ փակել միջուկային ծրագիրը: Անգամ հեղափոխական Մուսավին հաստատակամ էր միջուկային ծրագրի հարցում:

Իրանի վրա հարձակումները, ցավոք, Ջորջ Բուշ-կրտսերի շրջանի ցավալի ժառանգությունն են, եւ այն, ինչ այժմ կատարվում է, կարելի է բնորոշել «իներցիոնություն» հասկացությամբ: ԱՄՆ-ն, ինչպես եւ մյուս երկրները ուրախությամբ կարգելակեին իրանական ողջ պատմությունը. սեփական հոգսերն էլ պակաս չեն, բայց չի ստացվում:

Բայց ողջ այս պատմության մեջ կա ոչ այնքան հասկանալի մի պահ` Ռուսաստանի վարքը, որը համարվում է Իսլամական հանրապետության դաշնակիցը, բայց բանաձեւին կողմ է քվեարկում: Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային: Թուրքիայի հարցը քիչ, թե շատ հասկանալի է. նա պետք է երկու աթոռների վրա կանգուն մնա, ինչը քչերին է հաջողվում: Իսկ Ռուսաստանին հարկավոր է, որպեսզի Nabucco նախագիծը վերջնականապես թաղվի եւ հանուն դրա գրեթե ամեն քայլի գնում է` անգամ քվեարկելով, թերեւս, գործընկերոջ դեմ: Թե ինչ կբերի Մոսկվային նման վարքը, դժվար է ասել, եթե հիշենք C-300 համակարգերն Իրանին մատակարարելու հարցման գրեթե մերժումը: Գրեթե նույնպիսի իրավիճակում է Թուրքիան` կապված իսրայելյան Heron ինքնաթիռների հետ: Ինչպես միշտ յուրաքանչյուր երկիր փորձում է իր համար առավելագույնը քաղել ստեղծված իրադրությունից: Բայց պարզ է մի բան. որքան էլ Արեւմուտքը դիմակայի, Թեհրանը միեւնույն է իր համոզմունքներին հավատարիմ է մնում: Դա այն երկիրը չէ, որը կսկսի կատարել զուտ հորդորական բնույթ կրող բանաձեւեր...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News