Բայց եթե փորձենք հաշվարկել Անկարայի առաջիկա քայլերը, ինչը, ի դեպ, այնքան էլ դժվար չէ, ապա կարելի է նշել, որ հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվի: Համաշխարհային տերությունները պարզապես թույլ չեն տա Անկարային ու Երևանին զբաղվել ինքնագործունեությամբ: Այս իրադրության մեջ ավելի հետաքրքիր է Սինիրլիօղլուի այցը Բաքու, որտեղ նա նախկինի պես վստահեցնելու է "եղբայրներին" Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի անփոփոխ դիրքորոշման հարցում: Պարզապես հետաքրքիր է` արդյոք Բաքվում դեռևս այդպիսի միամիտ մարդիկ կան, որոնք կհավատան այդ բացահայտ ստին: Ըստ ամենայնի, Էրդողանը հայ-թուրքական բանակցությունների շարունակության համար պետք է զոհաբերի Ադրբեջանը, իսկ Հայաստանը չպետք է Բարաք Օբամայից պահանջի կիրառել "ցեղասպանություն" տերմինը: Ընդհանուր առմամբ կարող էր և ավելի վատ լինել: Նախքան հայկական զիջումներին անցնելը պետք է հիշեցնել, որ Թուրքիան Ադրբեջանի առջև մի շարք պայմաններ է դրել, որոնց կատարումից հետո կարելի կլինի շարունակել ադրբեջանա-թուրքական երկխոսությունը: Դա առանց անցագրի ռեժիմի ներմուծումն է, ինչին հակառակվում է Բաքուն, Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչումը, գազի գնի իջեցումը: Ադրբեջանցի քաղաքական գործիչները գերադասում են չխոսել այդ մասին` փորձելով իրենց ներկայիս քաղաքականության բոլոր անհաջողությունները վերագրել Հայաստանին:
Իսկ ինչ վերաբերում է հայկական զիջումներին, ապա Բարաք Օբաման ամեն դեպքում նոր էվֆեմիզմ կհնարի, որպեսզի չարտասանի "ցեղասպանություն" բառը և վերջնականապես չմերժի Թուրքիային: Իսկ այն, որ այդ հարցով զբաղվում է բացառապես հայ Սփյուռքը, ապա Հայաստանի նախագահը միանգամայն հիմնավորելով կարող է ասել, որ ՀՀ-ն ԱՄՆ նախագահից կամ Կոնգրեսից կոնկրետ ոչինչ չի պահանջում: Բայց Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու Երևանի գործողություններին:
Նկատենք, որ Թուրքիայի համար այդ գործընթացում ավելի շատ սպառնալիքներ կան, քան Հայաստանի համար: Արձանագրությունների վավերացումը կարող է հանգեցնել արտահերթ համազգային ընտրությունների, որոնց արդյունքում իսլամիստները կարող են պարտություն կրել: Իշխանության կգան զինվորականներն ու ազգայնականները, ինչը Երևանի համար շատ ավելի վատ է, քան Էրդողանի կառավարությունը, թեև Թուրքիայի դեպքում ասել, թե Հայաստանի համար ինչն է լավ կամ վատ, չարժե: Պարզապես Էրդողանը միգուցե չարյաց փոքրագույնն է, իսկ միգուցեև` ոչ: Ընդդիմությունն ամեն դեպքում դեմ է հարաբերությունների կարգավորմանը ու, առավել ևս, սահմանի բացմանը: Եվ այն, որ Հայաստանի համար, ըստ էության, միևնույնն է, թե ինչ կլինի սահմանի հետ, ապա Անկարայի համար դա որոշ առումով ևս մեկ պլյուս է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Պլյուսը, իհարկե, մի քիչ վերացական է, առավել ևս եթե հաշվի առնենք Անգելա Մերկելի ու Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունները: Իսկ չվավերացնել Արձանագրությունները թուրքական խորհրդարանը չի կարող. հակառակ դեպքում Թուրքիայում կառավարող կուսակցությանը կհիշեցնեն նաև հայերի հասցեին ուղղված սպառնալիքները, և կիպրոսյան հիմնախնդիրը, և շատ այլ բաներ: Մի խոսքով, անկախ մեր կամքից Արձանագրությունները վավերացվելու են և այդ "միջազգային նախագծով" շահագրգռված ուժերը նոր փուլ կսկսեն` Արձանագրությունների հոդվածների իրականացումը: Եվ դա շատ ավելի դժվար կլինի, քան ստորագրումն ու վավերացումը: Իսկական սակարկությունը կսկսվի հենց այդ ժամանակ: Բայց այդ ամենը տեղի կունենա ապրիլի 24-ից հետո, թեև մենք կարող ենք նաև սխալվել: Եթե Վաշինգտոնում բանակցությունները չընթանան այնպես, ինչպես ծրագրել է ԱՄՆ վարչակազմը, ապա վավերացումը կարող է կայանալ ապրիլի 22-ին կամ 23-ին` հայ-թուրքական համաձայնագրի հրապարակման տարեդարձին: