Ինչ վերաբերում է Քնեսեթին, ապա Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հավանականությունը գրեթե զրոյի է հավասար: Եվ հարցը ոչ միայն Թուրքիային վնասելու մեջ է, այլ նրանում, որ հրեաների համար գոյություն ունի միայն Հոլոքոստը: Բոլոր մնացած ցեղասպանությունները պարզապես "ողբերգական դեպքեր" են: Նման ռասիզմի պատճառները մի քանիսն են, բայց ամենագլխավորն այն է, որ Իսրայելը ոչ մեկին չի ցանկանում զիջել "դժբախտ ժողովրդի բեռը", քանզի դա որոշակի առավելություններ է տալիս հատուցումների տեսքով: Հատուցումներն, ի դեպ, բավական նշանակալի են. միայն Գերմանիան Հոլոքոստը վերապրածներին մոտ 1 մլրդ եվրո է վճարել: Որոշ հայ փորձագետների տվյալների համաձայն, Թուրքիան Հայաստանին $41 մլրդ է պարտք: Այնպես որ բացի բարոյական կողմից կա նաև զուտ ֆինանսականը, որը ներկայիս ճգնաժամի պայմաններում գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Այն, որ Քնեսեթը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ճշմարտություն է և կասկածի ենթակա չէ: Եթե ստացվի, հարցը պարզապես չի հասնի համապատասխան հանձնաժողովին, իսկ եթե անգամ հասնի, ապա, միևնույնն է, բան դուրս չի գա: Այնպես որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են հանգիստ քնել: Թեև քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, երբեք պետք չէ ասել երբեք: Կարող է հանկարծ իսրայելցի պատգամավորների խիղճը տանջի, և նրանք որոշեն, որ մնացած ժողովուրդները ևս ոչ պակաս վայրենությունների են ենթարկվել, քան հրեաները: Բայց դա անգամ վաղվա խնդիր չէ: Միգուցե եթե Իսրայելի հայ համայնքն ավելի մեծ ու հզոր լիներ, արժեր ինչ-որ հույսեր փայփայել: Ճիշտ է, այստեղ մի հարց է ծագում` արդյոք այդ ճանաչումն այդպես հարկավոր է, եթե հայկական խորհրդարանը չի ճանաչել Հոլոքոստը: Չգիտես ինչու թվում է, որ եթե այդպես լիներ, Երուսաղեմը շատ ավելի վճռական քայլերի կդիմեր: Բայց փաստը մնում է փաստ:
Ուկրաինայի հարցում իրերն այլ կերպ են դասավորվել, առավել ևս, որ Կիևում նոր նախագահ կա, որը Յուշչենկոյի վարչակազմի քաղաքականությանն ուղղակիորեն հակադարձ քաղաքականություն է վարելու: Ստեպան Բանդերային կոչումից զրկելը, Սևծովյան նավատորմի վարձակալության ժամկետի երկարաձգումը, գազի գնի մասին պայմանագիրը` Վիկտոր Յանուկովիչի բոլոր այդ քայլերը խոսում են այն մասին, որ նա շատ ավելի ռուսամետ քաղաքականություն է վարելու` չմոռանալով Ուկրաինայի շահերի մասին: Ուկրաինայում նույնպես բավական մեծ և ուժեղ հայ համայնք կա, որն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ճանաչումը կայանա: Այս դեպքում հայերի շանսերը շատ ավելի մեծ են: Այ եթե Կիևը վճռի դուրս գալ նաև ԳՈՒԱՄ-ից, իսկ ամեն ինչ դրան է տանում, ապա նա այլևս հաշվի չի նստի իր բավական ոչ հուսալի գործընկերների` Միխայիլ Սահակաշվիլիի ու Իլհամ Ալիևի հետ:
Իսկ թուրքական կողմը շարունակելու է պնդել, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է, այլ ոչ թե խորհրդարանների: Նրան կարելի է հասկանալ. եթե որոշումն օրենքի ուժ ունի, ապա դրանով կարելի է դատարան դիմել: Հենց դրանից էլ խուսափում է Թուրքիան, որը չի մոռացել, և ոչ էլ կմոռանա 1919 թվականի տրիբունալը, երբ Թալեաթին ու նրա մեղսակիցներին մահապատժի դատապարտեցին: Այդ առումով ապրիլի 24-ին թուրք մտավորականության որոշ մասի մեկանգամյա ցույցերը հայկական կողմից ցավակցությունից բացի ուրիշ ոչինչ չեն առաջացնում: Անգամ հարյուր մարդու մեղա գալը ոչ մի ընդհանուր բան չունի մնացած 70 միլիոնի հետ, որոնց համար Հայաստանն ու հայերը համար մեկ թշնամին են: Եվ դեռ երկար ժամանակ "ցեղասպանությունը պատմաբանների խնդիրն է" կարգախոսը հնչելու է ամենատարբեր շուրթերից: