Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, համաձայն պաշտոնական տվյալների, կարծես չեն զլանում նաև պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարել: Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 15 մլրդ դրամ կամ 3.8 մլրդ դրամ ավելի նախորդ տարվա փետրվարից: Սակայն, ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, 2009-ի տվյալներով հարկահավաքման ցուցանիշը նվազել է, իսկ ստուգումների քանակն ավելացել է, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ, որոնց համար դժվար է դիմակայել հարկային ոլորտի ճնշումներին: 2009-ի աշխատանքների ցուցանիշներն անհանգստություն են ներշնչում. հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների թիվն ավելացել է 82 տոկոսով, այն ժամանակ, երբ ստուգումների արդյունքում ստացված լրացուցիչ գումարները կրճատվել են 25 տոկոսով, ընդ որում, կառավարության ռազմավարության հիմքում ընկած է հարկատուների և հարկային մարմինների անձնական շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքը: Փաստորեն, մեր հարկային ոլորտի աշխատողները չեն կարող հրաժարվել բիզնեսի հետ անձնական շփումից: Միաժամանակ, ինչպես հավաստիացնում է կառավարության ղեկավարը, բիզնես-միջավայրի պայմանները բարելավվել են, չնայած բազմաթիվ բացթողումներին և թերություններին, ինչը լավագույն խթան է տնտեսական աճի համար, որն առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 5,5 տոկոս: Չնայած նրան, որ տնտեսության վերականգնման պայմաններում 344 խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից ստացված շահույթը 2010-ի փետրվարին 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 19.9 տոկոսով և կազմել է 143.2 մլրդ դրամ, 120 հարկատուների մոտ նշված ժամանակահատվածում արձանագրվել է եկամուտի անկում:
Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարությունը մտադիր է կրճատել բյուջեի պակասուրդը, որը ճգնաժամի տարում կտրուկ աճել է և հասել 7.7 տոկոսի ՀՆԱ կառուցվածքում: Այդ նպատակով իշխանությունները մտադիր են բարեփոխում անցկացնել հարկային վարչարարության ոլորտում, ինչը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը հասցնել ճգնաժամից առաջ առկա մակարդակին: Պետք է նշել, որ այս ուղղությամբ ձեռնարկվում են առաջին քայլերը: ՀՀ ԱԺ պատգամավորները նիստի ժամանակ երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են “Հարկերի մասին” օրենքում շտկումները, որոնցով հաստատվում է պետության պատասխանատվությունը հարկատուների կողմից ավել վճարած հարկերի վերադարձն ուշացնելու համար: Բացի դրանից, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների պայմաններում կառավարությունը մտադիր է վերանայել հարկադրման բազան, քանի որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-ի առաջին եռամսյակի տվյալներով վատթարացել է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Իսկ տնտեսության աշխուժացման համար ներգարվվելու են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ընդ որում պետական պարտքի սպասարկման զգալի մասն ընկնելու է մասնավոր հատվածի ուսերին:
Այս նպատակներին հասնելը երկրի կառավարության համար բավական դժվար է լինելու, քանի որ հարկերի հավաքման ներկա մակարդակն անբավարար է, և անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել հարկերի վճարումներն ավելացնելու, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: