Առաջին անգամ այս միջոցառմանը մասնակցում են Թուրքիայից ժամանած մեծ թվով զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնավորապես` Վանի նահանգից, ինչպես նաև Վրաստանից և Թունիսից ժամանած զբոսաշրջության և կրթության, հյուրանոցային տնտեսության և ռեստորանային բիզնեսի բնագավառների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Միայն Թուրքիայից այցելել է մի ողջ պատվիրակություն` Վանի առևտրաարդյունաբերական պալատի միության նախագահ Վահան Զահիր Կանդասօղլուի գլխավորությամբ: Այս կազմի մեջ են մտնում զբոսաշրջային 13 ընկերություններ, ինչպես նաև անհատ գործարարներ:
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն Վանը շահագրգռված է «սահմանի դռները» բացելու հարցում, որի արդյունքում Երևանի ԱԱՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրվեց:
Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել զբոսաշրջության, ՏՏ և առևտրի բնագավառներում: Զահիր Կանդասօղլուն հայ ԶԼՄ-երի ներկայացուցիչներին և գործարարներին հրավիրել է Վան` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո առաջին անգամ կայանալիք պատարագին: Վանի ԱԱՊ-ի ներկայացուցիչը խոստացավ, որ մինչ այդ շատ բան կարող է փոխվել, և հնարավոր է, որ նույնիսկ եկեղեցու վրա խաչ տեղադրվի:
Զբոսաշրջությանը նվիրված տասնօրյա միջոցառումների կազմակերպիչներն են` Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այդ բնագավառի ընկերակցությունների օժանդակությամբ:
Նախաձեռնության շրջանակներում տեղի կունենան «Հայաստանի զբոսաշրջության մրցունակության 4-րդ համաժողովը», «CTS 2010» միջազգային զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը և Հայաստանի մասին «Polaris» իտալերեն անդրանիկ ուղեցույցի շնորհանդեսը: Տեղական և տարածաշրջանի զբոսաշրջային ընկերությունների համար կանցկացվեն թեմատիկ սեմինարներ և դասընթացներ, կկազմակերպվեն քննարկումներ ոլորտի խնդիրների շուրջ` ԱԺ պատգամավորների և համապատասխան նախարարությունների մասնակցությամբ:
Զբոսաշրջության զարգացման արդիական պահանջներից ելնելով, համաժողովի թեմատիկ ուղղվածություններն են` հայկական զբոսաշրջության հեղինակությանն օժանդակելը, բնագավառում լավագույն ավանդույթներ ու փորձ ունեցող երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Վերջին 5 տարիների արդյունքներն ամփոփելով, USAID – CAPS ծրագրի ավագ փորձագետ Ալան Սաֆերին նշել է, որ Հայաստանը միջազգային մրցունակության մակարդակով գտնվում է ստորին աստիճանում, սակայն անվտանգության և այլ տարրերով մրցունակ է իրեն հավասարազոր երկրների հետ:
Հայստանն արդեն մի քանի տարի նպատակաուղղված զարգացնում է զբոսաշրջության բնագավառը` բարձրացնելով իր մրցունակությունը միջազգային մակարդակում: Այս տարի ևս զբոսաշրջության բնագավառում ծրագրված է 5 տոկոս աճ, այն դեպքում, երբ միջազգային զբոսաշրջությունը նախատեսում է 2 տոկոս աճ: 2010 թ առաջին եռամսյակի տվյալների համաձայն, երկիր են այցելել 93 հազ. զբոսաշրջիկ, ինչը 9,4 տոկոսով ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի այցերից: Հայաստանի զբոսաշրջային առավել շատ այցելության վայրերն են` Գառնին, Գեղարդը, Զվարթնոցը, Խոր Վիրապը:
Նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում հայկական զբոսաշրջությունը կարողացավ մնալ բարձր մակարդակի վրա` շնորհիվ զբոսաշրջության օժանդակմանն ուղղված կառավարության շարունակական ակտիվ քաղաքականության, մասնավորապես Հայաստանը ներկայացնող միջազգային տարբեր հեռուստատեսությունների, լրագրողների ճանաչողական այցերի և այլ միջոցառումների շնորհիվ:
Սակայն Հայաստանի զբոսաշրջային ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում: Բարդություններ են ծագում տրանսպորտային ենթակառուցվածքների, պատմական հուշարձանների պահպանության, ծառայությունների մատուցման որակի, սակագնային քաղաքականության և այլ հարցերում: Այս բնագավառում մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ և երկրի նպատակաուղղված քաղաքականություն` մասնավոր հատվածի օժանդակությամբ: