Երկար ժամանակ չէր հստակեցվում նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասնակցությունը: Հաղորդագրություններ էին արվում այն մասին, որ նրա հյուրախաղերի ժամանակացույցը չի համաձայնեցվում Եվա Ռիվասի փորձերի ժամանակացույցի հետ, սակայն Օսլոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայկական պատվիրակությունը, համենայնդեպս, մասնակիցների թվում հայտարարեց Ջիվան Գասպարյանի անունը, ինչն էլ շատ ուրախացրեց հայկական դուդուկի երաժշտարվեստը գնահատողներին:
Մայիսի 27-ին վերջապես ներկայացման պահը եկավ: Անհամբեր երկրպագուները բոլոր համարների գլխավոր փորձը կարող էին դիտել YouTube.com կայքէջում: Կիսաեզրափակիչ փուլում Եվա Ռիվասը հանդես եկավ երկրորդ համարով:
Այս տարի Եվրատեսիլի կանոններում որոշ փոփոխություններ էին մտցվել` եզրափակիչ փուլ դուրս եկածները ընտրվում էին երկու կիսաեզրափակիչի արդյունքում, ընդ որում, բոլոր մասնակից երկրների հեռուստատեսությունները պարտավոր էին ցուցադրել երկու կիսաեզրափակիչները` անկախ այն բանից իր երկրի ներկայացուցիչը մասնակցում է կիսաեզրափակիչին, թե ոչ: Փոփոխություններից մեկն էլ այն էր, որ հանդիսատեսը իրեն դուր եկած մասնակցին կողմ կարող էր քվեարկել շոուի առաջին րոպեներից սկսած;
Մայիսի 27-ին Հայաստանը հանդես եկավ երկրորդ կիսաեզրափակիչում, որի ավարտին Եվա Ռիվասի և Հայաստանի երկրպագուները նյարդայնացան, քանի որ Հայաստանը նախավերջին` իններորդ ծրարում էր հայտնվել: Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց և Եվրատեսիլի եզրափակիչ փուլում Եվա Ռիվասը 21-րդ ելույթ ունեցողը դարձավ:
Եվրատեսիլի երկրպագուներին ևս մեկ հաճելի անակնկալ էր սպասում. Հայաստանն այն տասը երկրներից էր, որտեղ անցկացվեցին ֆլեշ-մոբ ցուցադրում: Ազգային օպերայի թատրոնի մերձակայքում երևանցիները, քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան լսելու և դիտելու նախորդ տարիներին մրցանակաբաշխությանը մասնակցած երգիչների կենդանի ելույթները, այն ուղիղ եթերով դիտեցին նաև տեղադրված մեծ էկրանի միջոցով: Ճիշտ է, այս հարցում էլ բարդություններ եղան, օրինակ` արտիստների ելույթները դադարեցվեցին կարճ միացման պատճառով, որի արդյունքում թեթև հրդեհ ծագեց բեմի վրա և էկրանը փչացավ; Սակայն, հայ երիտասարդները ցույց տվեցին իրենց միասնությունն ու չցրվեցին: Անսարքությունն արագ կարգի բերվեց և ֆլեշ-մոբը շարունակվեց:
Երգի մրցույթի ընթացքում Իսպանիան ներկայացնող երգիչ Դանիել Դիգեսի ելույթի ժամանակ մի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Բեմ բարձրացավ հանդիսատեսներից մեկը և փորձեց խանգարել Դիգեսի ելույթը, որի արդյունքում Եվրատեսիլի 55 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ ելույթը ստիպված կրկնվեց: Սակայն այս միջադեպը չխանգարեց մրցույթի ընթացքը: Այն հաղթող ունեցավ` Գերմանիայի տասնիննամյա երգչուհի Լենա Մայեր Լանդրուգը (246 միավոր): Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Եվրատեսիլն ավարտվեց, սակայն կրքերը դեռևս չեն մարել; Ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը` հղում անելով jeanmarcmorandini.com կայքը, PanARMENIAN.Net-ին հաղորդում է, որ սիրիական ծագում ունեցող ֆրանսիացի գործարար Օմար Արֆուշը Ադրբեջանին մեղադրում է «Եվրատեսիլ 2010»-ի քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Արֆուշը հայտարարել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրել տարբեր երկրների մրցութային հանձնաժողովների վրա`նրանց կաշառելով այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների միջոցով: Օմար Արֆուշի ունեցած տվյալների համաձայն, նրանց կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դոլար: Այս փաստը շատ հետաքրքիր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի երգչուհի Սաֆուրա Ալիզադեն զբաղեցրել է 5-րդ տեղը: Այս առումով հարց է ծագում`արդյոք իզուր չէ՞ր Սաֆուրան համարվում «Եվրատեսիլ 2010»-ի ֆավորիտը: