21 հունիսի 2010 - 21:34 AMT
ՀՈԴՎԱԾ
Անցյալ շաբաթն իսկական ինտրիգ դարձավ կինոյի և երաժշտության սիրահարների համար
Հունիսի 14-ից 20-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում
Շաբաթ առ շաբաթ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները երկրպագուների համար բացահայտում են թվով յոթերորդ փառատոնի նորանոր գաղտնիքները: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ միջազգային կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կանցկացնի ռեժիսոր, 2010 թվականի Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղ մրցանակի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը, իսկ կբացվի փառատոնը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով` կապված ռեժիսորի հոբելյանի հետ: Այս տարի փառատոնի յուրահատկություններից մեկն այն է, որ գեղարվեստական ֆիլմերի մրցութային ծրագրի մեջ մտել են ոչ թե 11 կամ 12 ֆիլմեր, ինչպես դա նախորդ տարիներին էր, այլ 13: Իսկ Բրիտանական Խորհուրդը հատուկ մրցանակ է սահմանել. «Հայկական պանորամա» ծրագրի լավագույն ֆիլմը Բրիտանական Խորհրդի հաշվին կմասնակցի Բրիստոլի կինոփառատոնին:

Փառատոնի ևս մեկ ինտրիգը գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» վավերագրական ֆիլմի ցուցադրումն է` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ֆիլմում օգտագործված են փաստագրական նյութեր և արխիվային փաստաթղթեր: Ֆիլմն այնքան կարևոր է, որ անգամ նախատեսվում էր կազմակերպել ֆիլմի հատուկ ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին, բայց ֆիլմի հեղինակը պնդեց, որպեսզի այն ցուցադրվի մրցութային ծրագրում: Հարկ է նաև նշել, որ վերջերս «Աղետ» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի առաջատար հեռուստաալիքներից մեկով, ինչը, ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի, հիստերիա է առաջացրել Գերմանիայի ծայրահեղական ուղղվածություն ունեցող թուրքերի մոտ: Փառատոնը կփակվի թուրքերի շրջանում ևս մեծ բողոք առաջացրած Սերժ Ավեդիկյանի «Շների կղզի» ֆիլմով:

Երգի մրցույթների սիրահարների համար ինտրիգ դարձավ այն, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Նման փորձ եղել է 2008 թվականին, երբ մրցույթին մասնակցեց երգչուհի Սիրուշոն: Եվ հենց այդ արդյունքն ամենաբարձրն էր մրցույթին Հայաստանի մասնակցության բոլոր տարիների ընթացքում:

Իսկ ռոքի սիրահարները վերջապես տեղեկացան System of a Down ռոք-խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի երկար սպասված երևանյան համերգի ամսաթիվը: Ցավոք, նախատեսվում է ընդամենը մեկ համերգ` կապված երգչի հագեցած գրաֆիկի հետ: Մենահամերգի ժամանակ երգիչը հիմնականում կներկայացնի երգեր Elect the Dead ալբոմից և մի քանի նոր երգեր: Համաշխարհային ռոքին կմիանան նաև դասական երաժշտություն կատարող հայ երաժիշտներ, որոնք համերգի ժամանակ կնվագակցեն երգչին և նրա խմբի 6 անդամներին:

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում դասական երաժշտության ոլորտում առկա ձեռքբերումները և այդ կապակցությամբ ՀՀ կառավարության նիստում որոշվել է շուրջ 62 մլն 897 հազար դրամ հատկացնել ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալ ձեռք բերելու համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նվաճումներ ունի դասական երաժշտության ոլորտում, աշխարհահռչակ երաժիշտներ են գալիս Երևան համերգներով, իսկ առկա երաժշտական գործիքները չեն համապատասխանում անհրաժեշտ համաշխարհային չափանիշներին: Եվ ռոյալի ձեռքբերումը միայն առաջին քայլն է այդ չափանիշներին համապատասխանելու գործում:

Բացի դրանից, իտալացի մասնագետների մասնակցությամբ կառավարության շենք կտեղափոխվեն Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որոնք գտնվում են Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանում: «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման, ամրացման և վերականգնման համար Մինաս Ավետիսյանի հիմնադրամին կհատկացվի շուրջ 20 մլն դրամ: Ընդհանուր առմամբ Գյումրիում է գտնվում Մինասի 12 որմնանկար, որոնք շատ վատ վիճակում են գտնվում և վերականգնման կարիք ունեն: Այդ մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և առաջարկել է աճուրդի հանել այդ աշխատանքները` նշելով, որ բազմաթիվ հայ գործարարներ կցանկանան իրենց մեծ գրասենյակներում ունենալ արվեստի գործեր և միջոցներ կհայթայթեն որմնանկարների տեղափոխման համար:

Իսկ հայկական հուշարձանների պահպանությանը ձեռնամուխ է եղել հայ երիտասարդությունը. հունիսի 16-ին Երևանում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպեց մի ակցիա, որի շրջանակներում մաքրվեցին և բարեկարգվեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի հուշարձանները: Հուշարձանների մաքրման ակցիան կրելու է շարունակական բնույթ: Նմանատիպ միջոցառումների միջոցով երիտասարդները փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել անվանի գործիչների հուշարձանների պահպանության խնդրին:

Հայաստանը միացել է աշխարհի 110 երկրներին, որտեղ նշվում է երաժշտության համաշխարհային օրը: Այստեղ այն կնշվի 4րդ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Աշխարհում ավանդույթ է դարձել նշանակալի միջազգային փառատոնները բացել և փակել հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի ղեկավարած Almazian's Obsession համույթի ելույթով: Համույթը ելույթ է ունեցել առաջատար ԶԼՄ, այդ թվում CNN կարծիքով լավագույն միջազգային փառատոններում: Այս տարի համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը (Skopje Summer 2010): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Խաչատուր Ալմազյանը, փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը և համույթի համերգը տեղի կունենան հունիսի 21-ին` Մակեդոնիայի օպերայի և բալետի մեծ դահլիճում:

Երևանում նշեցին ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու 170-ամյակը: Հունիսի 18-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեծ անունները» երեկոն` նվիրված մեծանուն ռուս կոմպոզիտորի հոբելյանին, որի ժամանակ հնչեցին երգահանի անմահ ստեղծագործությունները:

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Շաբաթ օրը նա Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ, որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին և հայերին ունեցած նրա առնչություններին:

Շաբաթվա ավարտը նշանավորվեց տխուր իրադարձությամբ. մշակույթի և արվեստի գործիչները հրաժեշտ են տվել նկարիչ Վարուժան Վարդանյանին: ՀՀ վաստակավոր նկարչին հրաժեշտ տալու համար գործիչները եկել էին Հայաստանի Նկարիչների միություն: Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News