7-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է կինոյի անվանի գործիչներին: «Ոսկե ծիրան» փառատոնում մեծ ուշադրություն է հատկացվում ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային ծրագրին. հետահայաց ցուցադրություններին և պրեմիերաներին: «Այդ պրեմիերաներից առաջինը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիխ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմն է, լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը և այլն: Խոսելով հետահայաց ցուցադրությունների մասին`կազմակերպիրչներն ընդգծեցին, որ այս տարի ցուցադրվելու են ռեժիսորների ֆիլմեր, որոնց հոբելյանները նշվում են այս տարի: Ցուցադրվելու են Անրի Վեռնոյի, «Ոսկե ծիրանի» ղեկավար Ատոմ Էգոյանի ֆիլմերը:
Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում. փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Երևանյան գիշերներ» փառատոնային ֆիլմերի երեկոյան բաց ցուցադրություններ և «Ջազ-կինո» երաժշտական մրցույթը, որտեղ ելույթ կունենան հայկական ջազային խմբերը:
«Ոսկե ծիրանի» գոյության 7 տարիների ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնցից մեկը փառատոնի բացման ժամանակ ծիրանի օրհնությունն է: Քանի որ այս տարի հուլիսի 11-ին կայանալու է նաև ֆուտբոլի ԱԱ փակման արարողությունը, ուստի «Ոսկե ծիրանի» փակմանը նվիրված համերգը տեղի կունենա ուշ երեկոյան ֆուտբոլի սիրահարներին տոնից չզրկելու համար: Փառատոնը կփակի Սերժ Ավեդիկյանի աղմուկ հանած «Շների կղզի» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է Ոսկե արմավենի:
Հունիսի 22-27-ին Ստամբուլում տեղի ունեցավ վավերագրական կինոյի միջազգային փառատոն, որտեղ ցուցադրվեց նաև ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի ֆիլմը: Նախկինում ֆիլմը ցուցադրվել է նաև Ստամբուլի Բիլջի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովում:
Կիպրոսի «Համազգային» կրթամշակութային ասոցիացիայում կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Կարմեն Լաբակիի «Իմ անունն Արամ է» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է Կիպրոսի հայերի Gibrahayer ինտերնետ-ամսագիրը, ցուցադրությունից հետո ասոցիացիայում կկայանա նաև հանդիպում հեղինակի հետ:
Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի հանդիսատեսը կարողացավ գնահատել «Ես Ճայ եմ» ներկայացումը: Հայ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը` ռուս դերասանների մասնակցությամբ, տեսան Երևանի թատերական գործիչները: Անտոն Չեխովի 150-ամյակին ռուս-հայկական ներկայացման հաջողությունն ապահովված է:
ՀՀ Մշակույթի նախարարության որոշման համաձայն Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի հանձնակատար: : Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով:
Հայկական ժամանակակից գրականության գլոբալիզացիայի հարցերը և գոյություն ունեցող խնդիրները քննարկվելու են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում:
Հրանուշ Հակոբյանի խոսքերով, կարևոր խնդիրներից է երիտասարդ գրողների մասնակցությունը ծրագրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ այս օրերին Երևանում տեղի են ունենում մի շարք գրքերի շնորհանդեսներ, որ շուտով համաժողովին կմասնակցեն Ստամբուլի «Մարմարա» թերթի խմբագիրը և նրա տեղակալը», - ասել է նա: Համաժողովի աշխարհագրությունը ընդլայնվել է. շուրջ 20 երկրներից գրողներ են ժամանում Հայաստան:
Անցյալ շաբաթը կարելի է փառատոնային անվանել: Հայ հանդիսատեսը «Ոսկե ծիրանի» ակնկալիքով է ապրում, սակայն, չի մոռանում այլ փառատոներին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներին: