Հետաքրքիր է ստացվում. Էրդողանի հետ քննարկվում է 2 շրջան, Քլինթոնի հետ` 5: Իլհամ Ալիևն ամեն ինչ անում է ԼՂՀ անկախության ճանաչումը ձգձգելու համար: Վաղ թե ուշ նա ստիպված կանի դա, որովհետև, ինչպես արդեն գրել ենք, մշտական ռազմատենչ հայտարարությունները հիմա նյարդայնացնում են համաշխարհային հանրությանը, շուտով Ալիևը կհոգնեցնի բոլորին իր անվերջ նվնվոցով, և համաշխարհային հանրությունն, ի դեմս համանախագահ երկրների, կարող է նրան Ղարաբաղում պատերազմ սկսելու առիթ տալ: Ի՞նչ կհետևի դրան` դժվար չէ գուշակելը. պատժամիջոցներ, նավթադոլարի արտահոսք և լավագույն դեպքում քաղաքական ապաստանի տրամադրում: Վերջինը նա կարող է ստանալ Վրաստանի նախագահի մոտ, այն էլ` որոշ վերապահումներով: Իսլամական համերաշխության վրա, որն այդքան սիրում են խաղարկել Ադրբեջանում, Ալիևը չի կարող հույս դնել: Նրան նույնիսկ կարող է չընդունել Էրդողան «եղբայրը», էլ չասած Իսրայելի մասին: Իհարկե, սա ամենահոռետեսական կանխատեսումն է` Իլհամ Ալիևը կարող է ուղղակի արժանանալ Այազ Մութալիբովի ճակատագրին, որը նստած է Մոսկվայում: Սակայն Բաքուն շարունակում է սպառնալ պատերազմով և պարծենալ ռազմական բյուջեով:
Բայց Քլինթոնի` Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց մի նրբության վրա, որը շատ լուրջ է: Ելույթ ունենալով Թբիլիսիում` ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հստակ հայտարարեց, որ «ԱՄՆ-ն չի հանդուրժի Վրաստանի բռնազավթումը»: Այսինքն, այս դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Բաքվում Քլինթոնը ոչինչ չասաց «բռնազավթված տարածքների » մասին, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված չի համարում: Բայց չէ՞ որ Քլինթոնից Բաքվում ցանկանում էին լսել հենց «բռնազավթված տարածքների» մասին: Իսկ նա վերցրեց ու ասաց, որ ղարաբաղյան կարգավորման մեջ գլխավոր շահագրգիռ կողմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է, և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով, դեռ չէր հասցրել ԱՄՆ պետքարտուղարը մեկնել Բաքվից, Ադրբեջանում կրկին սկսեցին պատերազմի կոչեր հնչել:
Ինչ վերաբերվում է հնարավոր պատերազմին, ապա Ամերիկան արդեն դասեր է քաղել 2008-ի օգոստոսյան պատերազմից: Եվ այն, որ ԱՄՆ-ում խոսում են «ժողովրդավարության փարոսի», ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ձգտման մասին, կրկին գեղեցիկ փաթեթավորված խոսքեր են: Նույնը կարելի է ասել Բաքվում և Երևանում արված հայտարարությունների մասին Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման մասին:
Այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն այցելեց Շահիդների պուրակ և Ծիծեռնակաբերդ: Հավասարությունը պահպանվեց նաև այստեղ, բայց նա զերծ չմնաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հադիմանանքից: Դաշնակները, չգիտես ինչու, համարեցին, որ Հիլարի Քլինթոնը, այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և անվանելով այդ այցը «մասնավոր», անարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ցանկանում է, բայց ANCA-ի ակտիվությունը երբեմն անցնում է բանականության սահմանները:
Այնուամենայնիվ, այցը կայացավ, և այն ավելի շատ դրական էր, քան բացասական: Իսկ Բաքվում թող մտածեն նավթի վրա հիմնված թափանցիկ բարգավաճման և այլ տհաճ բաների մասին: