Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կընթանան այնպես, ինչպես միշտ` արդյունքների բացարձակ կեղծմամբ, ընդդիմության հնարավոր ցրմամբ և Հայաստանի հասցեին հերթական հայտարարություններով: Առանց վերջինի Ադրբեջանն արդեն չի կարող. դա կարծես թմրանյութ լինի: Բաքուն թմրամոլ է դարձել, և բուժումն անօգուտ է: Ցավոք սրտի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի սթափեցնող ձայները չեն ազդում: Կարևոր չէ, թե ինչ է անում Ադրբեջանի նախագահը` դպրոց է բացում, թե այցելում է հոր հերթական հուշարձանը, նրա համար գլխավորն ասելն է, որ պատերազմը սարերի հետևում չէ: Աղքատ և ճնշված բնակչության համար այդ խոսքերը կարող են ամոքիչ լինել, բայց ոչ ավելին: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Բայց տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այն սկսել էր փոխվել արդեն 2 տարի առաջ, երբ Իլհամ Ալիևի «ընկեր ու եղբայր» Միխայիլ Սահակաշվիլին, չգիտես ինչու ,որոշեց, որ կարող է փոքրիկ կայծակնային պատերազմ սկսել: Թե ինչի հասավ Սահակաշվիլին` բոլորին է հայտնի. Ռուսաստանը, որը կարծես կորցրել էր Կովկասը, 2 օրում վերականգնեց նախկին դիրքերը: Դա արվեց ժամանակին, քանզի ԽՍՀՄ նախկին հզորությունից և ազդեցությունից գրեթե ոչինչ չէր մնացել. արաբական աշխարհը փորձում է իրեն ենթարկել Իրանին և Թուրքիաին, ընդ որում այդ պայքարում շահում է Եգիպտոսը` արաբական աշխարհի և ողջ Մերձավոր Արևելքի ճանաչված առաջնորդը: Աֆրիկան պառակտվում է միջցեղային պատերազմներից, ԱՄՆ, մինչև վերջ հարցերը չլուծած Իրաքի հետ, անցել է Աֆղանստանին: Միայն թույլ քաղաքական գործիչը կարող է չօգտվել իրավիճակից և չի սկսի վերանվաճել կորցրած դիրքերը:
Բայց ինչ կունենա դրանից Հարավային Կովկասը, դեռ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը և Ադրբեջանը կդառնան Ռուսաստանի ռազմահենակետը Մերձավոր Արևելք վերադառնալու համար: Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնի կողմից, ամենայն հավանականությամբ, կձախողվի, ինչպես որ ձախողվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկ այլ ամերիկյան նախագիծ: Ռուսաստանը, իրազեկ լինելով պայմանավորվող կողմերից, կարող է դադար վերցնել և այնուհետև իր վրա վերցնել բանակցային գործընթացը:
Վերադառնալով Ադրբեջանին`նշենք, որ Բաքվի դիրքորոշումը, աշխարհում ոչ մեկի հետ չպայմանավորվելու ցուցադրական ցանկությամբ, կարող է հանգեցնել նրան, որ Ալիևին ուղղակի կսկսեն չբարևել: Եվ որքան էլ հարևան երկրի ԶԼՄ-ները շեփորահարեն անասելի տնտեսական վերելքի մասին, Ադրբեջանը մեծամասնությունը կշարունակի ապրել աղքատության մեջ: Մնացածները կապրեն այնպես, ինչպես ապրում են հիմա` արտասահմանի բարեկամների հաշվին: Բնական է, Հայաստանի տնտեսությունը ևս չի փայլում, սակայն այստեղ աչքակապությամբ չեն զբաղվում: