Այդ բարեհոգությունն առկա է մինչև հիմա: Յուրաքանչյուր ահաբեկչական գործողությունից հետո ձեռնարկվում են անվտանգության նոր միջոցներ, արտահայտվում է դատապարտում, և վերջ, դրանով ամեն ինչ վերջանում է: Քանի որ անվտանգության ոչ մի միջոց չի կարող կանգնեցնել «շահիդի գոտիով» մահապարտին: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց բարբարոսության առաջ քաղաքակրթության անզորությունը: Ռուսաստանին վերջին 20 տարում ահաբեկչություններով զարմացնելը դժվար է, կարելի է արդեն ձեռնարկել ինչ-որ նախազգուշական միջոցներ: Առավել ևս, որ ԶԼՄ-ների չհաստատված տեղեկությունների համաձայն, հատուկ ծառայություններն անհաջող փորձում էին գտնել կասկածյալներին ահաբեկչությունից առաջ: Հատուկ ծառայություններին հայտնի էր, որ օդանավակայաններից մեկում պատրաստվում է ահաբեկչական գործողություն: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ ահաբեկչական գործողության նախօրեին ԱԴԲ-ն մահապարտ- ահաբեկիչ էր որոնում Զելենոգրադում: Կրկնվում է 2001-ի սեպտեմբերի 11-ի պատմությունը` բոլորը ենթադրում էին, կամ, ավելի վատ, գիտեին, որ պատրաստվում է ահաբեկչական գործողություն, բայց չկարողացան ժամանակին կանգնեցնել կատարողներին: Հազիվ թե դա կարելի է վերագրել անփութության: Եթե հավատալ որոշ փորձագետների, ապա ժողովրդին խուճապի, իսկ երկիրը քաոսի մեջ գցող նման ակցիաները քաղաքական գործիչներին օգնում են ավելի հեշտ և արագ հասնել ցանկալիին` իշխանության: Այդպես եղել է 2001-ի սեպտեմբերի 11-ին, այդպես շարունակվում է նաև հիմա: Ռուսաստանում 1999-ից սկսած տեղի է ունեցել ավելի քան 30 ահաբեկչական գործողություն, մահացել է 815 մարդ և տուժել ավելի քան 2,5 հազար:
1979-ին Խորհրդային Միության կողմից Հոմեյնիի տեսքով բաց թողնված ջինը և խորհրդային զորքերի ներխուժումն Աֆղանստան ծնեց մահապարտ-ահաբեկիչների տեսքով հրեշալի սերունդ, որոնց համար կյանքը գին չունի: Իսլամական ջիհադը վաղուց է սկսվել, բայց հիմա նրա նպատակներն են ոչ թե առանձին երկրները կամ մարդիկ, այլ ողջ աշխարհը: Երբ ասում են, որ «գլխավոր նպատակը Մարգարեի կանաչ նշանի տակ աշխարհը միավորելն է», դրանք դատարկ խոսքեր չեն: Եվրոպական քաղաքներում մահմեդականների բազմությունները, լիակատար անտարբերությունը ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների կյանքերի նկատմամբ, հնարավոր են դարձնում նման գործողությունները: Ավելին, եվրոպական պետությունների չարաբաստիկ քաղաքական կոռեկտությունը և հանդուրժողականությունը հանգեցրել են նրան, որ Շվեյցարիայում մզկիթների շինարարության վրա արգելք դնելը գնահատվում է որպես ոտնձգություն ազատության նկատմամբ:
«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Դա եղել է 30-35 տարեկան արաբական արտաքինով տղամարդ: Նախնական տվյալների համաձայն, նա Հյուսիսային Կովկասից է եղել, ինչը ոչ մի կասկած չի հարուցում: Հյուսիսային Կովկասը, ավելի ճիշտ, Չեչնիան ավելի քան 200 տարի Ռուսաստանի գլխացավն է, և այդ դիմակայության վերջը դեռ չի երևում: Այստեղ միշտ աշխատելու է «ակն ընդ ական» սկզբունքը: Եվ այդ պատճառով Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կրկնվելու են ահաբեկչական գործողությունները` չնայած ռուսական իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին: Եվ դրանում կրկին «մեղավոր» է ԽՍՀՄ-ը, որն ի դեմս ԱՄՆ-ի և Իսրայելի ֆլիրտ էր անում արաբական աշխարհի հետ: Արդյունքը, ինչպես տեսնում ենք, սփոփելի չէ: