26 փետրվարի 2011 - 12:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի կառավարությունը պայքարում է գնաճի դեմ սոցիալական ծրագրերի միջոցով
Չնայած նրան, որ հոգեբանական տեսանկյունից հայերն ուժեղ ազգ են՝ սովոր զրկանքների, այնուամենայնիվ, երկրում սոցիալական լարվածություն օրեցօր ուժեղանում է
Հայաստանի բնակչությունը վերաջապես կարող է հանգիստ շունչ քաշել և ընթացիկ տարվա ընթացքում չանհանգստանալ գազի սակագների թանկացման համար: «Մենք բավարարաված ենք հանդիպման արդյունքներից: Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի սակագների մասին: 2011-ի ընթացքում Հայաստանի համար գազի սակագները չեն բարձրանա: Ավելին, սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը կնվազի»,- հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:

ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ի նիստում պահուստային ֆոնդից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538 մլն դրամ սերմնաբուծության զարգացման համար:

Ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հատկացումներն ուղղվելու են արտասահմանից գարու և եգիպտացորենի բարձրորակ սերմեր ներկրելուն, որոնք անվճար տրամադրվելու են ֆերմերային տնտեսություններին, որոնք զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:

Դրա հետ կապված` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում սերմնաբուծության զարգացումը պետական աջակցության սոցիալական փաթեթի մաս է: Նրա խոսքերով, այդ աջակցությունը լուծում է միանգամից մի քանի խնդիր, առաջին հերթին բարձրանում է մշակվող հացահատիկային կուլտուրաների որակը, ավելանում են ցանքատարածքները, բացի դրանից, կառավարական աջակցությունը կրում է սոցիալական բնույթ, ինչպես նաև ուղղված է անասնաբուծության զարգացմանը, քանի որ հացահատիկային կուլտուրաները մտնում են նրանց սննդակարգի մեջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ անհրաժշտության դեպքում պետական աջակցությունն ավելանալու է:

Հայաստանում ներկրվող մեքենաների մաքսազերծման համար արտոնյալ վարկերից կարելի է օգտվել արդեն փետրվարի 28-ից: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում փետրվարի 24-ին հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել աջակցել բնակչության սոցիալապես անապահով խավերին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման նպատակով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման շրջանակներում: Ինչպես հաղորդել է նախարարը, վարկերը տրամադրվելու են 6 ամիս մարման ժամկետով 0 տոկոս տոկոսադրույքով այն մեքենաների համար, որոնց արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը և թողարկվել են մինչև 2005-ը:

ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում, որը վերջնականապես լուծելու է հղիության նպաստների հետ կապված դժգոհությունների հարցը: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, յուրաքանչյուր հղի կին, որը բարձր աշխատավարձ է ստանում, արձակուրդ գնալու դեպքում ստանալու է նպաստ միջինացված աշխատավարձի չափով: Իսկ եթե կինն աշխատել է ոչ թե 12 ամիս, այլ 1-2 ամիս, ապա այդ աշխատավարձը կիսվելու է 12 ամիսների վրա, որի արդյունքում ստանալու է այն միջին գումարը, որը և ընկնելու է նպաստի հիմքում»,- ասել է նա:

Սակայն կառավարության քայլերը չեն առաջացնում փորձագետների վստահությունը, որոնք կարծում են, որ Հայաստանի պետական համակարգի կառավարման անկումն արդեն սկսվել է 2010-ին ունեցած ռեսուրսների արադյունավետ կիրառման, պարենային պաշարների բացակայության պատճառով: Գաղտնիք չէ, որ հայկական շուկան մենաշնորհացված է, իսկ Կենտրոնական բանկը միայնակ չիկարող պայքարել գնաճի դեմ, որի արդյունքում ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանի, ինչպես նաև շատ երկրների համար ի հայտ եկավ գնաճի տեսքով:

«Հոգեբանական տեսանկյունից մենք ուժեղ ազգ ենք, որը սովոր է զրկանքների, և դա իշխանություններին քարտ-բլանշ է տալիս գնաճը որոշակի մակարդակում պահելու համար»,- փետրվարի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Այնուամենայնիվ, նման իրավիճակի շարունակումը հանգեցնելու է բնակչության շարքում լարվածության աճին:

2011 թվականի եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են Հայաստանի գյուղատնտեսության համար` համեմատած անցյալ տարվա հետ, որի արդյունքում այդ ոլորտում ամենամեծ անկումը գրանցվեց` 14,5%: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման (ԱԳՄ) նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա կարծիքով, մրգի գները պետք է ավելի ցածր լինեն, քան անցյալ տարի, սակայն դա վերջնականապես կախված կլինի կրծողների և զանազան հիվանդությունների դեմ պայքարից:

Այս կապակցությամբ Հրաչյա Բերբերյանն ընդգծել է, որ 2011-ին Հայաստանում լոլիկը գրեթե երկու անգամ էժան կլինի, քան անցյալ տարի: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսներին ԱԳՄ կողմից 500հա համար լոլիկի սերմեր էին անվճար բաժանվել: Նա ավելացրել է, որ անցյալ տարվա համեմատ կէժանանա նաև վարունգը, քանի որ գյուղացիներին անվճար բաժանվել են նաև այդ բանջարատեսակի սերմեր:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News