Իսկապես, Ճապոնիայի իրավիճակն անհանգստացրել է համաշխարհային ողջ հանրությանը, եվրոպական երկրներից շատերը դիտարկում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելու հնարավորությունը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է «մեծ քսանյակի» ներկայացուցիչների արտահերթ նիստի մասին` Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո էներգետիկ հատվածի խնդիրները քննարկելու համար:
ԵՄ մի շարք երկրներ դիմել են կոշտ միջոցների: Գերմանիայի կառավարությունը հայտնել է 7 ԱԷԿ-երի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել սառեցնել նոր ԱԷԿ-երի կառուցման թույլտվությունը:
Միաժամանակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ ատոմային էներգետիկան կարող է անվտանգ լինել, եթե ճիշտ են ընտրված ԱԷԿ գտնվելու վայրը, նրա նախագիծը և օպերատորը: «Այդ պայմանների առկայության դեպքում ատոմային էներգետիկան կարող է անվտանգ և օգտակար լինել մարդկության համար»,- համոզված է նա:
Թուրքիան չի հրաժարվի ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից, որն իրականացվելու է ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ: Առաջին թուրքական ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել Մերսին նահանգում՝ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Երկրորդ ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել սևծովյան Սինոպ նահանգում, որի մասին բանակցություններ են ընթանում ճապոնական TEPCO և Toshiba ընկերությունների հետ:
Մի շարք բնապահպանական ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին հրաժարվել Մերսինում ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից, քանի որ այդ վայրը սեյսմիկ ակտիվության գոտում է գտնվում: Էրդողանն ասել է, որ ԱԷԿ-ը կկառուցվի անվտանգության բոլոր միջոցները հաշվի առնելով:
Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մվտ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մվտ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը: ԱԷԿ գործող էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը:
Երևանում ապրիլին տեղի է ունենալու նոր էներգաբլոկի շինարարության հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու են այն երկրները, կազմակերպությունները և իրավաբանական անձինք, որոնք շահագրգռված են լինելու Հայաստանի նոր ԱԷԿ-ում ներդրումներ կատարելու մեջ:
Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ուշադրությամբ հետևում է իրադարձություններին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի գոտում և վերլուծություն կատարում միայն այդ երկրի պետական կառույցներից ստացված հավաստի տեղեկությունների հիման վրա: «Իրադրությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ գոտում կարելի է գնահատել որպես անկայուն և շարունակվող»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, իրադրությունն առայժմ պարզ չէ, քանի որ հայտնի չէ ջրի մակարդակը ԱԷԿ-ի երկու ռեակտորներում և գոյություն ունի կայանի մակարդակի իջեցման խնդիր: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործող ԱԷԿ-ի գործունեության անվտանգությանը, ապա Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ «չարժե անհանգստանալ, քանի որ դրա աշխատանքում ոչ մի խախտումներ չեն արձանագրվել, և այն աշխատում է գործող կանոնադրության համաձայն»: Ավելին, ԱԷԿ-ում դրա գործարկման պահից ի վեր անվտանգության` ընդհուպ մինչև սեյսմակայունության ապահովման հետևողական միջոցառումներ են իրականացվել:
Անդրադառնալով Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքների հնարավոր կրկնությանը Ճապոնիայում` Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ տվյալ դեպքում իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ գործում են այլ տեխնոլոգիաներ, քան Խորհրդային Միության ժամանակ: Մասնավորապես, նա նշել է, որ Չեռնոբիլի ատոմակայանում գրաֆիտ էր օգտագործվում, որը բարձր ճառագայթում ունի, և որի այրումից հետո ոչ միայն ռադիոակտիվ նյութեր են առաջանում, այլև այնպիսի տարրեր, ինչպիսիք են ուրանը, պլուտոնիումը:
Հայաստանը, որը գտնվում է սեյսմիկ գոտում, պետք է դասեր քաղի Ճապոնիայում ստեղծված իրավիճակից և զարգացնի էներգիայի այլընտրանքային աղբյուրները: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի գրեթե կեսը ձևավորվում է միջուկային վառելիքի հաշվին: Եվ չնայած նրան, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է համապատասխան անվտանգություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական անվտանգության ապահովման համաշխարհային ձեռքբերումները: